«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին տրամադրված թույլտվությունները խախտել են բնապահպանական օրենսդրությունը. ԷկոԼուրի նամակը պատկան մարմիններին

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին տրամադրված թույլտվությունները խախտել են բնապահպանական օրենսդրությունը. ԷկոԼուրի նամակը պատկան մարմիններին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և ՀՀ Ազգային Ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին՝ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին տրամադրված թույլտվությունների հետևանքով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի առնչությամբ: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին:

Նամակներում ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.
««Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն մտադիր է «Լորիբերդ 1» ՓՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ստանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ըստ հայտի՝ ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի վրա՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի վարչական տարածքում: Այս հայտը հակասում է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 488-ն որոշմանը, որում ընդգրկված է Ձորագետ գետը:

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն մի քանի տարի շարունակ փորձում է Ձորագետի վրա կառուցել հզոր հիդրոէլեկտրակայան՝ ներկայացնելով Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարություն համապատասխան հայտեր՝ ջրօգտագործման թույլտվություն և ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Մեկ հայտում նշվում է նախատեսվող ՀԷԿ-ի հզորությունը մինչև 27 ՄՎտ, իսկ մեկ այլ հայտում ընկերությունը նախատեսում է կառուցել փոքր ՀԷԿ երկու հանգույցից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 38.63 ՄՎտ: Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է փոքր ՀԷԿ-երի համար ընդունված հզորության միջազգային նորմերի վերին շեմը՝ 10 ՄՎտ:

Հիշեցնենք, որ փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված հզորության 30 ՄՎտ շեմը հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբեր 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300-Ա որոշմամբ՝ հատուկ «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ի համար, որի սեփականատերն այն ժամանակ եղել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը:

Այս որոշման շնորհիվ միջին հզորության «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ը դասվել է փոքր ՀԷԿ-երի շարքին, որոնց համար սահմանվել է արտադրված էլեկտրաէներգիայի գնման բարձր սակագին: Արդյունքում շահագործող ընկերությունը սկսել է ստանալ գերշահույթ առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Տարիներ շարունակ շահագրգիռ քաղաքացիական հասարկությունը դիմել է ՀՀ կառավարություն՝ պահանջելով չեղարկել կոռուպցիոն բնույթ կրող այս որոշումը: Որոշումը մինչ օրս ուժի մեջ է, որից ցանկանում է օգտվել նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն:

Հիմնվելով ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջների և այդ պահանջներից բխող ՀՀ կառավարության 488-ն որոշման վրա՝ Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 և 2021 թվականներին մերժել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի ներկայացրած ՋԹ-ի ստացման հայտերը:

2021թ. ընկերությունը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ մեկը Շրջակա միջավայրի նախարարության, մյուսը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), երրորդը՝ ՀՀ կառավարության դեմ: Առաջին հայցով ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ՋԹ, երկրորդ հայցով՝ տրամադրել էլեկտրաէնեռրգիայի արտադրության լիցենզիա, իսկ ՀՀ կառավարությունից պահանջում է անվավեր ճանաչել «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 08.04.2021թ. թիվ 488-Ն որոշմանը կից հավելվածի 19-րդ կետը՝ Դեբեդ գետի Ձորագետ վտակը նախատեսող դրույթը: Դատարանը երեք հայցերն էլ վարույթ է ընդունել և առաջին երկուսի մասով կայացրել է որոշում ի օգուտ հայցվորի՝ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի: Ընդ որում, դատարանն անտեսել է այն փաստը, որը ընկերությունը երրորդ հայցով ներկայացրել է դատարանին ապացույց, որ Ձորագետ գետի վրա արգելվում է նոր ՀԷԿ կառուցել, և հետևաբար՝ արգելվում է տրամադրել համապատասխան թույլտվություններ:

Դատարանը, պարտադրելով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ՋԹ այս ընկերությանը, իր որոշման մեջ ներկայացրել է ընկերության կողմից բերված հիմնավորումներ այն մասին, որ «ծրագրի իրականացման համար կատարվել են ֆինանսական ահռելի ծախսեր և գտնվել է ներդրող, որը պատրաստ է ֆինանսավորել փոքր ՀԷԿ-երի կառուցմանը և այդ նպատակով պատրաստ է ներդնել մոտ 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»: Որևէ փաստ, թե որտեղ են ծախսվել այդ ներդրումները, կամ ով է հաստատում ներդրումների մասին խոստումները, չկա:

Այսպիսով, դատարանը պարտադրել է Շրջակա միջավայրի նախարարությանը հարկադիր կարգով տրամադրել ժամանակավոր (1 տարի ժամկետով) ՋԹ-ներ, ինչը նախարարությունը 2021թ. հուլիսի 30-ին արդեն կատարել է: Դատարանի մեկ այլ որոշման և տրված ՋԹ-ների հիման վրա 2022թ. հուլիսի 13-ին ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին՝ Ձորագետի վրա 26,7 Մվտ հզորությամբ «Լորիբերդ 2» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրութան համար: «Լորիբերդ 1» փոքր ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրութան լիցենզիա ընկերությունը դեռ չի ստացել, իսկ 2022թ. հուլիսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված ՋԹ-ների ժամկետը լրացել է: Նշենք, որ 2022թ. փետրվարին ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով Շրջակա միջավայրի նախարարությունից կրկին անգամ ՋԹ տրամադրել «Լորիբերդ 1» փոքր ՀԷԿ-ի համար, որն ինքն ունեցել է 2021թ., այն պատճառաբանությամբ, որ ՋԹ-ում տեխնիկական վրիպակ կա՝ ջրառի և ջրօգտագործման վայրերը սխալ են նշվել: Դատարանը մերժել է ընկերության միջնորդությունը:

2022թ. սեպտեմբերին «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն երկրորդ ՋԹ-ի ժամկետի երկարացման նպատակով: Սեպտեմբերի 22-ին Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչությունում տեղի է ունեցել «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի «Լորիբերդ 1» փոքր ՀԷԿ-ի համար ՋԹ-ի տրամադրման վերաբերյալ հանրային քննարկում: ԷկոԼուրի հարցին ի պատասխան վարչության ներկայացուցիչներն ասել են, որ տվյալ ՋԹ-ն անկախ ամեն ինչից կտրվի, որովհետև կա Վարչական դատարանի որոշում և հակառակ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը տույժ-տուգանքի կենթարկվի:

Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ Արման Շահնուբարյանը նշել է. «Նախնական գնահատման փուլում է հայտը, հայտի հիման վրա բոլոր փաստաթղթերը հավաքված են, նաև դատարանի որոշումը կա: Պետք է մեկ տարվա ընթացքում գործունեությունը սկսեր, քանի որ չի հասցրել, նորից հայտ է ներկայացրել ևս մեկ տարով, որպեսզի ՀԾԿՀ-ից լիցենզիա ստանա: Մենք մեր կարծիքն այն ժամանակ տվել ենք, որի հիման վրա իրենք մտել են դատարան, ու դատարանը մեզ պարտադրում է ՋԹ տրամադրել: Տարբերակ չկա՝ պետք է տանք, անգամ եթե օրենքը արգելում է այդ գետի վրա փոքր ՀԷԿ կառուցել... Դատարանը չի ընդունում, որ մենք ճիշտ գործընթացով ենք մերժել ՋԹ-ի տրամադրման հայտը: Ինչ-ինչ պատճառներով հասել ենք այն պայմանին, որ դատարանը վճիռը կայացրել է տնտեսվարողի օգտին և զրոյական կարգավիճակի է հասցրել պետական կառույցի կողմից տրված որոշումը»:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին ուղղված նամակում ԷկոԼուրը խնդրել է դիտարկել և Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել այս նախադեպը, որով ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի վճիռը հանգեցրել է օրենսդրության՝ օրենքի և ենթաօրենսդրական ակտի խախտումների շղթայի, որում ներգրավված են երկու պետական մարմիններ՝ Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն, ազդակիր համայնքներ, ինչը սպառնում է Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսներից մեկիի՝ Ձորագետ գետի էկոհամակարգի գոյությանը:

ՀՀ Ազգային Ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին հասցեագրված նամակում ԷկոԼուրն առաջարկել է դիտարկել այս նախադեպը, որը հանգեցրել է բնապահպանական օրենսդրության՝ օրենքի և ենթաօրենսդրական ակտի խախտումների շղթայի, որում ներգրավված են երկու պետական մարմիններ՝ Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն, ազդակիր համայնքներ և ինչը սպառնում է Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսներից մեկի՝ Ձորագետ գետի էկոհամակարգի գոյությանը: 

Սեպտեմբեր 28, 2022 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր