Վարչական դատարանի վճիռը հանգեցրել է օրենքի և ենթաօրենսդրական ակտի խախտումների շղթայի. ԷկոԼուրի դիմումը և պետական մարմինների պատասխանը խնդրի վերաբերյալ

Վարչական դատարանի վճիռը հանգեցրել է օրենքի և ենթաօրենսդրական ակտի խախտումների շղթայի. ԷկոԼուրի դիմումը և պետական մարմինների պատասխանը խնդրի վերաբերյալ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակներով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին՝ խնդրելով միջոցառումներ ձեռնարկել դատական համակարգի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև կոնֆլիկտի կարգավորման համար: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին:

ԷկոԼուրի նամակում նշված է.

««Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն մտադիր է «Լորիբերդ 1» ՓՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ստանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ըստ հայտի՝ ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի վրա՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի վարչական տարածքում: Այս հայտը հակասում է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 488-ն որոշմանը, որում ընդգրկված է Ձորագետ գետը: «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն մի քանի տարի շարունակ փորձում է Ձորագետի վրա կառուցել հզոր հիդրոէլեկտրակայան՝ ներկայացնելով Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարություն համապատասխան հայտեր՝ ջրօգտագործման թույլտվություն և ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Մեկ հայտում նշվում է նախատեսվող ՀԷԿ-ի հզորությունը մինչև 27 ՄՎտ, իսկ մեկ այլ հայտում ընկերությունը նախատեսում է կառուցել փոքր ՀԷԿ երկու հանգույցից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 38.63 ՄՎտ: Այս ցուցանիշը մի քանի անգամ գերազանցում է փոքր ՀԷԿ-երի համար ընդունված հզորության միջազգային նորմերի վերին շեմը՝ 10 ՄՎտ: Հիշեցնենք, որ փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված հզորության 30 ՄՎտ շեմը հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբեր 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300-Ա որոշմամբ՝ հատուկ «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ի համար, որի սեփականատերն այն ժամանակ եղել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը: Այս որոշման շնորհիվ միջին հզորության «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ը դասվել է փոքր ՀԷԿ-երի շարքին, որոնց համար սահմանվել է արտադրված էլեկտրաէներգիայի գնման բարձր սակագին: Արդյունքում շահագործող ընկերությունը սկսել է ստանալ գերշահույթ առանց որևէ լրացուցիչ ծախսերի: Տարիներ շարունակ շահագրգիռ քաղաքացիական հասարկությունը դիմել է ՀՀ կառավարություն՝ պահանջելով չեղարկել կոռուպցիոն բնույթ կրող այս որոշումը: Որոշումը մինչ օրս ուժի մեջ է, որից ցանկանում է օգտվել նաև «Լոռվա Ամրոց» ՍՊԸն: Հիմնվելով ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջների և այդ պահանջներից բխող ՀՀ կառավարության 488-ն որոշման վրա՝ Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 և 2021 թվականներին մերժել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի ներկայացրած ՋԹ-ի ստացման հայտերը: 2021թ. ընկերությունը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ մեկը Շրջակա միջավայրի նախարարության, մյուսը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), երրորդը՝ ՀՀ կառավարության դեմ: Առաջին հայցով ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ՋԹ, երկրորդ հայցով՝ տրամադրել էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, իսկ ՀՀ կառավարությունից պահանջում է անվավեր ճանաչել «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 08.04.2021թ. թիվ 488-Ն որոշմանը կից հավելվածի 19-րդ կետը՝ Դեբեդ գետի Ձորագետ վտակը նախատեսող դրույթը: Դատարանը երեք հայցերն էլ վարույթ է ընդունել և առաջին երկուսի մասով կայացրել է որոշում ի օգուտ հայցվորի՝ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի: Ընդ որում, դատարանն անտեսել է այն փաստը, որը ընկերությունը երրորդ հայցով ներկայացրել է դատարանին ապացույց, որ Ձորագետ գետի վրա արգելվում է նոր փոքր ՀԷԿ կառուցել, և, հետևաբար, արգելվում է տրամադրել համապատասխան թույլտվություններ: Դատարանը, պարտադրելով Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել ՋԹ այս ընկերությանը, իր որոշման մեջ ներկայացրել է ընկերության կողմից բերված հիմնավորումներ այն մասին, որ «ծրագրի իրականացման համար կատարվել են ֆինանսական ահռելի ծախսեր և գտնվել է ներդրող, որը պատրաստ է ֆինանսավորել փոքր ՀԷԿ-երի կառուցմանը և այդ նպատակով պատրաստ է ներդնել մոտ 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Որևէ փաստ, թե որտեղ են ծախսվել այդ ներդրումները, կամ ով է հաստատում ներդրումների մասին խոստումները, չկա: Այսպիսով, դատարանը պարտադրել է Շրջակա միջավայրի նախարարությանը հարկադիր կարգով տրամադրել ժամանակավոր (1 տարի ժամկետով) ՋԹ-ներ, ինչը նախարարությունը 2021թ. հուլիսի 30-ին արդեն կատարել է: Դատարանի մեկ այլ որոշման և տրված ՋԹ-ների հիման վրա 2022թ. հուլիսի 13-ին ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին՝ Ձորագետի վրա 26,7 Մվտ հզորությամբ «Լորիբերդ 2» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրութան համար: «Լորիբերդ 1» փոքր ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ընկերությունը դեռ չի ստացել, իսկ 2022թ. հուլիսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված ՋԹ-ների ժամկետը լրացել է: Նշենք, որ 2022թ. փետրվարին ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով Շրջակա միջավայրի նախարարությունից կրկին անգամ ՋԹ տրամադրել «Լորիբերդ 1» փոքր ՀԷԿ-ի համար, որն ինքն ունեցել է 2021թ., այն պատճառաբանությամբ, որ ՋԹ-ում տեխնիկական վրիպակ կա՝ ջրառի և ջրօգտագործման վայրերը սխալ են նշվել: Դատարանը մերժել է ընկերության միջնորդությունը: 2022թ. սեպտեմբերին «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն երկրորդ ՋԹ-ի ժամկետի երկարացման նպատակով: Սեպտեմբերի 22-ին Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչությունում տեղի է ունեցել «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի «Լորիբերդ 1» փոքր ՀԷԿ-ի համար ՋԹ-ի տրամադրման վերաբերյալ հանրային քննարկում:

ԷկոԼուրի հարցին ի պատասխան վարչության ներկայացուցիչներն ասել են, որ տվյալ ՋԹ-ն անկախ ամեն ինչից կտրվի, որովհետև կա Վարչական դատարանի որոշում և հակառակ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը տույժ-տուգանքի կենթարկվի: Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետի տեղակալ Արման Շահնուբարյանը նշել է. «Նախնական գնահատման փուլում է հայտը: Հայտի հիման վրա բոլոր փաստաթղթերը հավաքված են, նաև դատարանի որոշումը կա: Պետք է մեկ տարվա ընթացքում գործունեությունը սկսեր, քանի որ չի հասցրել, նորից հայտ է ներկայացրել ևս մեկ տարով, որպեսզի ՀԾԿՀ-ից լիցենզիա ստանա: Մենք մեր կարծիքն այն ժամանակ տվել ենք, որի հիման վրա իրենք մտել են դատարան, ու դատարանը մեզ պարտադրում է ՋԹ տրամադրել: Տարբերակ չկա՝ պետք է տանք, անգամ եթե օրենքը արգելում է այդ գետի վրա փոքր ՀԷԿ կառուցել... Դատարանը չի ընդունում, որ մենք ճիշտ գործընթացով ենք մերժել ՋԹ-ի տրամադրման հայտը: Ինչ- ինչ պատճառներով հասել ենք այն պայմանին, որ դատարանը վճիռը կայացրել է տնտեսվարողի օգտին և զրոյական կարգավիճակի է հասցրել պետական կառույցի կողմից տրված որոշումը» - բացատրեց նա:

ԷկոԼուրը դիմում է Ձեզ՝ առաջարկելով դիտարկել և Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել այս նախադեպը, որով ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի վճիռը հանգեցրել է օրենսդրության՝ օրենքի և ենթաօրենսդրական ակտի խախտումների շղթայի, որում ներգրավված են երկու պետական մարմիններ՝ Շրջակա միջավայրի նախարարությունն ու ՀԾԿՀ-ն, ազդակիր համայնքներ, ինչը սպառնում է Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսներից մեկի՝ Ձորագետ գետի էկոհամակարգի գոյությանը»:

ՀՀ արդարադատության նախարարությունից ԷկոԼուրը դեռ պատասխան չի ստացել:

ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը 18.10.2022թ. նամակով ԷկոԼուրին հայտնել է.

«Տեղեկացնում եմ, որ Հանձնաժողովը կիսում է նախարարության կարծիքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին ջրօգտագործման թույլտվության հայտը մերժելու վերաբերյալ, սակայն Վարչական դատարանի վճիռը բողոքարկման ենթակա չէ, և, համաձայն ՀՀ  Սահմանադրության, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

Ձեր դիմումում բարձրացված խնդիրները հանձնաժողովը կքննարկի համապատասխան գերատեսչությունների հետ՝ օրենսդրական լուծում գտնելու համար»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը 13.10.2022թ. թիվ 3/07.2/13392 նամակով հայտնել է. «Վարչական դատարանի /այսուհետ՝ Դատարան, (դատավոր Ռ. Ազրոյան)/ վարույթում է գտնվում «Գործն ըստ հայցի՝ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության հետևյալ պահանջներով (Գործ թիվ ՎԴ/7002/05/21).

  1. պարտավորեցրել է շրջակա միջավայրի նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է 2021 թվականի փետրվարի 8-ի հայտի հիման վրա «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին տրամադրել «Լորիբերդ-1» ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ջրօգտագործման թույլտվություն,
  2. պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է 2021 թվականի ապրիլի 19-ի N129-Ա որոշմամբ և հայցվորի 2021 թվականի փետրվարի 8-ի հայտի հիման վրա «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին տրամադրել «Լորիբերդ-2» ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ջրօգտագործման թույլտվություն (Գործ թիվ ՎԴ/7002/05/21):

Հայցադիմումի հետ միաժամանակ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն Դատարանին միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը Դատարանի կողմից բավարարվել էր: Դատարանը «Հայցի ապահովման միջոցը» բավարարելու մասին 2021 թվականի հունիսի 30-ի որոշմամբ պարտավորեցրել էր շրջակա միջավայրի նախարարությանը /այսուհետ՝ Նախարարություն/ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին տրամադրել «Լորիբերդ 1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ժամանակավոր ջրօգտագործման թույլտվություններ: «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն 2022 թվականի հուլիսի 25-ին դիմել էր շրջակա միջավայրի նախարարություն՝ «Լորիբերդ-2»ՀԷԿ» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման դիմումով, ինչն էլ սահմանված կարգով երկարաձգվել է մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայով սահմանված ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակահատվածը:

Դատարանի 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մերժվել էր հայցի ապահովման միջոցի վերացման միջնորդությունը:

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լորիբերդ 1» ՀԷԿ» և «Լորիբերդ-2» ՀԷԿ» ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության հայտերը Նախարարության կողմից մերժվել էին՝ հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագորրծման թույլտվությունների մերժումը՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջները:

Ընկերության կողմից «Լորիբերդ-1» ՀԷԿ» և «Լորիբերդ-2» ՀԷԿ» ՓՀԷԿ-երի կառուցումը նախատեսվում է Դեբեդ գետի Ձորագետ վտակի վրա, իսկ Ձորագետ վտակն ընդգրկված է Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 488-Ն որոշման հավելվածով սահմանված գետերի ցանկում, որոնց վրա հստակ արգելվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը, հետևաբար, «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից հայցվող ջրօգտագործման թույլտվության հայտերը չէին կարող բավարարվել:

Ընկերությունը դիմել է Դատարան հետևյալ պահանջով՝ «Անվավեր ճանաչել Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 488-Ն որոշմանը կից հավելվածի 19-րդ կետը՝ Դեբեդ գետի Ձորագետ վտակը նախատեսող դրույթը (Գործ թիվ ՎԴ/9255/05/21)»:

Նախարարությունն Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի (վարչական գործ թիվ ՎԴ/7002/05/21) և դիմումի (վարչական գործ թիվ ՎԴ/9255/05/21) վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացրել է հայցադիմումի և դիմումի պատասխանները, որոնցում շարադրվել են Նախարարության առարկությունները:

Վերը նշված թիվ ՎԴ/7002/05/21 և թիվ ՎԴ/9255/05/21դատական գործերը գտնվում են դատական քննության փուլում:

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն «Լորիբերդ-1» ՀԷԿ» ՓՀԷԿ-ի կառուցման համար 2022 թվականի օգոստոսի 22-ին կրկին դիմել է շրջակա միջավայրի նախարարություն՝ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտով»:

Հոկտեմբեր 19, 2022 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր