

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2023թ. փետրվարի 13-ին նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ մայրաքաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ:
«ԷկոԼուրի» հարցման մեջ նշված է.
«Երևանում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշվում է շուրջ 8 քառ. մ, ինչը ցածր է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից խորհուրդ տրվող նվազագույն արժեքից՝ 9 քառ. մ մեկ շնչի հաշվով: «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» համաձայն՝ 2006թ. Երևանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակ է եղել 17 քառ. մ կանաչ տարածք մեկ բնակչի համար: Նախատեսում էր հանրային կանաչ տարածքների լրացուցիչ ընդլայնում ավելի քան 1,300 հա-ով, ինչի հետևանքով մինչև 2020թ-ը կանաչ տարածքի ընդհանուր մակերեսը պետք է կազմեր 2,382 հա, իսկ հետագա 15 տարիների ընթացքում պետք է եռապատկվեր: Այդ նպատակին հասնելու համար միջոցառումներից է եղել 100,000 ծառի տնկումը, որից սակայն ընդամենը շուրջ 70,000-ն է կանաչել՝ տարածքների ոչ ճիշտ ընտրության, թերի ոռոգման և պատշաճ խնամքի բացակայության պատճառով: Նոր կանաչ տարածքների ավելացման ցուցանիշը կազմել է տարեկան 15-20 հա: Գլխավոր հատակագիծը նաև նախատեսել է քաղաքի շուրջը 876 հա կանաչ պատնեշի (բուֆերային գոտու) վերստեղծում, ինչը համապատասխանում է միջազգային նորմերին, որոնք մինչև մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքների շուրջը պահանջում են անտառապատ օղակ 50 կմ շառավղով:
«Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում» նշված է. «Սակայն այդ ծրագրերի հաստատումից ի վեր ակնհայտ է դարձել, որ հնարավոր չէ տնկարկներ ստեղծել Գլխավոր հատակագծում նշանակված բոլոր տարածքներում. որոշ հողամասեր այլևս հասանելի չեն, մյուսները աղտոտված են կամ էրոզիայի ենթարկված: Այսպիսով, պարզ է դառնում, որ 2020թ.-ի համար սահմանված նպատակը իրագործելի չէ: Կանաչ տարածքների ստեղծման համար առկա հանրային հողը հարկ է վերագնահատել, իսկ կանաչ տարածքների ստեղծում հասկացությունը՝ վերաձևակերպել: Նման հանգամանքներում այս թիրախի ձեռքբերման գործում պետք է իրենց կարևոր ավանդը բերեն նոր առևտրային (կոմերցիոն) զարգացումները, երբ կառուցապատողները օրենքով պարտավոր են իրենց նախագծերում ունենալ առնվազն 30% կանաչ տարածքներ»:
Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը Երևանի ռազմավարական նպատակներից է սահմանել բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը մեկ բնակչի հաշվով հասցնել 10 քառ. մ-ից ավելի մինչև 2030թ-ը, իսկ 2018թ-ի համար՝ 8,5 քառ. մ-ից ավելի: Այս նպատակներին հասնելու համար որպես կարճաժամկետ գործողություն Ծրագրում առաջարկվել է մասնավորապես.
- Մշակել և սկսել իրականացնել երկարաժամկետ կառուցապատման ծրագիր Երևանի բուսավերականգնման համար՝ ելնելով տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդյունքներից
- Խրախուսման մեխանիզմների միջոցով շարունակել իրականացնել տեղական էկոհամակարգերը սատարող ծրագրեր (օրինակ՝ առաջարկել թաղամասերի կանաչեցման դրամաշնորհներ, ոռոգման նորարարական լուծումների համար ֆինանսական օժանդակություն և այլն)
- Երևանի համար պատրաստել GIS-ի վրա հիմնված բնապահպանական քարտեզ
- Անտառների և կանաչ տարածքների վերականգնում
- Իրականացնել աղտոտված տարածքի վերականգնման և հարմարություններով ապահովված հանրային կանաչ տարածքի փոխակերպման փորձնական նախագիծ
Ծրագրում նշված է, որ ըստ Երևանի քաղաքապետարանի տեսլականի, Երևանը պետք է դառնա կանաչ քաղաք՝ ոչ միայն անունով, այլև արտաքին տեսքով: Երևանի քաղաքապետարանի նպատակն է, որ Երևանի քաղաքացիներին հեշտությամբ հասանելի լինեն ընդարձակ կանաչ տարածքները՝ հարուստ կենսաբազմազանությամբ, բնակեցված տեղական կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներով և բնապահպանորեն կապված քաղաքի լայն շրջակա տարածքներում գտնվող ընդարձակ անտառապատ տարածքների հետ:
Հարգելի պարոն քաղաքապետ, «Տեղեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.
- Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում վերոնշալ կարճաժամկետ գործողություններից որո՞նք են իրականացվել Ծրագրի հաստատումից ի վեր:
- Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի համաձայն՝ Երևանի գլխավոր հատակագծով սահմանված կանաչապատման նպատակների չիրականացման հետևյալ պատճառներից նշված են հողամասերի անհասանելի լինելը, հողերի աղտոտված կամ էրոզիայի ենթարկված լինելը, թերի ոռոգումը և պատշաճ խնամքի բացակայությունը: Կանաչ տարածքների ստեղծման համար անհրաժեշտ է համարվել առկա հանրային հողը վերագնահատել, կառուցապատողների կողմից նախագծերում ունենալ առնվազն 30% կանաչ տարածքներ:
- Քանի՞ հեկտար հողատարածք է դարձել կանաչապատման համար անհասանելի, ինչ պատճառներով և քանի՞ հեկտար ազատ տարածք ունի Երևան քաղաքը կանաչապատման համար՝ ապահովելու Երևանում 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի ավելացում՝ համապատասխանեցելու Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ցուցանիշներին:
- Քանի՞ հեկտար հողատարածք է աղտոտված կամ էրոզիայի ենթարկված, ի՞նչ միջոցառումներ են իրականացվում այդ հողերի վերականգնման համար:
- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ոռոգման խնդիրները լուծելու համար:
- Արդյոք կա՞ պահանջ կառուցապատողների կողմից նախագծերում ունենալ առնվազն 30% կանաչ տարածք և ինչպե՞ս է դա ձևակերպված:
- Երևանի կանաչապատման ի՞նչ ռազմավարական փաստաթղթեր են նախատեսվում մշակել և կյանքի կոչել:
- Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի միջոցառումների համաձայն՝ Երևանում 2017թ. դրությամբ նորատունկ բուսականությունը նախկինի համեմատությամբ ունի փոշու և գազի կլանման ավելի ցածր կարողություններ: Երևանում վերջին տարիներին իրականացվող ծառատնկումներում ի՞նչ ծառատեսակներ են օգտագործվում և օգտագործվելու, որոնք ունեն բարձր կարողություններ փոշու և գազի կլանման համար, որոնք կստեղծեն փոշու բնական պատնեշ:
- «Էրեբունի» անտառպետության 51 հա անտառային հողերը գտնվում են Նուբարաշենի կոշտ կենցաղային աղբավայրի հարևանությամբ, և այս անտառպետության տարածքից է 24.42 հեկտար անտառային հող տրամադրվել նոր աղբավայրի կառուցման համար: ՀՀ կառավարության կողմից 2007-ի օգոստոսի 30-ին ընդունված «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1045-Ն որոշման 8.1 կետով օգտագործման տրամադրվող անտառային տարածքի դիմաց տնտեսվարողը պետք է առնվազն կրկնապատիկ անտառապատման աշխատանքներ իրականացնի: Խնդրում ենք նշել, թե Երևանի քաղաքապետարանը որ տարածքներն է տրամադրել անտառապատման համար «Էրեբունի» անտառպետության 24.42 հեկտարի փոխարեն»:
Ի պատասխան ս.թ. փետրվարի 27-ին Երևանի քաղաքապետարանից հայտնել են.
«Ի պատասխան Ձեր 13.02.2023թ. Երևանի քաղաքապետին ուղղած Դ-18042-23 գրության, կապված Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում գրությամբ պահանջված տեղեկատվության տրամադրման հետ, հայտնում եմ, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շրջանականերում 2019 թվականից հետո իրականացվել են հետևյալ միջոցառումները.
- Երևանյան լճի ափամերձ տարածքների մաքրում. համաձայն Երևանի ավագանու կողմից 2021 թվականի մայիսի 25-ի N383-Ա որոշմամբ հաստատված «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագրի՝ մաքրվել են Երևանյան լճի ափամերձ տարածքներն աղբով պատված եղեգներից (10հա) և կենցաղային թափոններից (12000 խմ), տեղադրվել է աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը Երևանյան լիճ կանխարգելելու նպատակով։ Ներկայումս տարածքը բարեկարգվում և կանաչապատվում է:
- Նախագծվել է Գետառի վրա ջրերի մաքրման կայան «Գետառի վրա մաքրման կայանի բնապահպանական 2023թ. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները» ծրագրով, որի կառուցումը կիրականացվի 2023 թ.:
- 2023թ. նախատեսվում է Հրազդան գետի վրա տեղադրել ևս 2 աղբորսիչ հարմարանք:
- Տրանսպորտային ցանցի բարեփոխումների մոնիթորինգի իրականացման նխատակով 2022թ. ձեռք է բերվել օդի որակի մոնիթորինգի 5 սենսոր, որոնք հնարավորություն են տալիս առցանց կարգով հետևելու օդի մեջ ազոտի երկօքսիդի և փոշու մասնիկների պարունակությունը։
- ներդրվել է Երևան քաղաքում աղբի տեսակավորման մշակույթը, համաձայն որի Երևանում աղբի տեսակավորման (ապակի, պլաստիկ, թուղթ) համար քաղաքի ընդհանուր շուրջ 120 կետերում համապատասխան գունազատմամբ տեղադրվել են աղբամաններ և ամենօրյա ռեժիմով իրականացվում է տեսակավորված աղբի տեղափոխման գործընթացը: 2023թ. նախատեսվում է ընդլայնել տեսակավորման աղբամանների քանակը:
- լրամշակվել են բնապահպանական իրավակարգավորումներ, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումները և դրանց լրամշակումները /36-Ն, 48-Ն, 605-Ն և այլն/, որոնք միտված են բարելավելու Երևան քաղաքում շրջակա միջավայրի վիճակը:
- մայրաքաղաքի տարբեր հատվածներում միջանկյալ անտառաշերտի ստեղծում, կանաչ տարածքների ավելացում, մասնավորապես. 2022 թվականի ընթացքում հիմնվել են Ծիծեռնակաբերդի բարձունքի 8,5 հա վրա անտառտնկարկ և Սարալանջում 6 հա վրա անտառվերականգնման և հիմնման աշխատանքներ։ Ծիծեռնակաբերդի բարձունքում տնկվել է շուրջ 4300 ծառաթփատեսակ, իսկ Սարալանջում 1650 ծառաթփատեսակ։ Նշված ծառաթփատեսակներն ունեն ֆունկցիոնալ նշանակություն և հանդիսանում են ուրբան անտառների հիմնման հիմնական ծառատեսակներ/թխկի, հացենի, գլեդիչիա, կերլեյթերիա, ռոբինիա կեղծակացի, դրախտածառ, վայրի պտղատուներ և այլն/։ Անտառապաշտպան գոտիներ ստեղծելու հեռանկարային համաքաղաքային նշանակության ծրագրերից են՝ Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտու, Սիլիկյանի անտառապաշտպան գոտու և Նուբարաշենի անտառապաշտպան գոտու ստեղծումը:
- Սկսած 2021թ. բարեկարգվել և կանաչապատվել են Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից այգին, Նոր Արաբկիր /մոլոկանի/ զբոսայգին, Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը, Վերածննդի այգին, Սիրո և հավատի այգին, Սարյանի անվան պուրակը: 2022թ. մեկնարկել է Խ. Աբովյանի անվան պուրակի և 40ամյակի այգու բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
- Կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողապաշտպան միջոցառումներն իրագործելու նպատակով քաղաքը որդեգրել է հետևյալ գիտահեն քաղաքականությունը.
- կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակների ընտրություն՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիմայական և բնական պայմաններն ու առանձնահատկությունները, գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ,
- հողերի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ՝ թփաշերտով մեկուսացում փողոցին հարող տարածքից,
- կանաչ ցանկապատերի ստեղծում՝ տարբեր հարկաշարքային բուսականության տեղադրությամբ,
- միամյա մեծաքանակ ծաղիկների մասամբ փոխարինումը բազմամյա և տարեշրջանային հերթագայմամբ ծաղկող թփերով՝ տեղանքային ճարտարապետային մոտեցմամբ:
- Երևանի քաղաքապետարանի կողմից մշակել է ռազմավարություն, որ այսուհետ Երևան համայնքում տնկվելու են հիմնական դենդրոֆլորիստիկ դեմք կազմող տարբեր ցեղերի ծառերի արժեքավոր և գեղատեսիլ տեսակներ և դրանց պարտիզային ձևեր՝ սոսի, թխկի, կատալպա, կերլեյթերիա, կաղնի, ձիակասկ և այլն, ինչպես նաև տունկ իրականացվելու է միայն ոռոգվող տարածքներում։
- Երևան քաղաքի ոռոգման ցանցի արդիականացման, ընդլայնում և վերակառուցում նպատակով գույքագրվել է Երևան քաղաքի ոռոգման ցանցը, այդ թվում նաև պոմպակայանները խորքային հորերը: Մայրաքաղաքի ամբողջ ոռոգման համակարգի երկարությունը 321 կմ է, որից 90 կմ-ն է նորմալ վիճակում, իսկ մնացած մասը մաշված է կամ խցանված, կամ էլ վթարային է: 2019-2020թթ. ժամանակահատվածում իրականացված ոռոգման ցանցի գույքագրման և վերլուծության արդյունքում 2021թ. Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում անցկացվել, փոխարինվել է շուրջ 22.6 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ և վերականգնվել է մոտ 8 կմ երկարությամբ խցանված ջրագիծ: 2022 թվականի երկրորդ կիսամյակում վերանորոգվել և անցկացվել է շուրջ 18500 գծմ: 2023 թվականին նախատեսվում է անցկացնել շուրջ 30000 գծմ:
- Ներկայումս ընթացքի մեջ է Երևան քաղաքում կանաչ տարածքների գույքագրման գործընթացը,
- Սկսած 2019 թ. ամբողջությամբ վերափոխվել է ջերմոցատնկարանային տարածքը, որտեղ աճեցվում են քաղաքի կարիքների համար ծառաթփատեսակներ և ծաղիկներ»:
Փետրվար 28, 2023 at 17:14