ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ ԷկոԼուրի առաջարկներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը՝ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի վերաբերյալ ԷկոԼուրի առաջարկներին

ԷկոԼուրը մշտադիտարկել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը: Մշտադիտարկման արդյունքներն ու առաջարկությունները  նամակով ուղարկվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարարություն, Միջազգային ֆինանսական կորպորացիայի հայաստանյան գրասենյակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակ և «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ:

Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը և նշանակել նոր փորձաքննություն, քանի որ ընկերությունը, ստացել է 17.07.2019 թվականին ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունը, սակայն 2 տարի COVID-19 համավարակի և հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի պատճառով դադարեցրել է կայանի կառուցման ծրագիրը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ  օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Առաջարկվել է նոր փորձաքննության փուլում հաշվի առնել առկա բացթողումները՝ էլեկտրոնային թափոնների կառավարման խնդիրը, բերրի հողի էրոզիայի ենթարկման խնդիրը, գնահատել իրականացվող ծրագրի սոցիալ-տնտեսական օգուտը և վնասը, նախատեսել սոցիալ-տնտեսական աջակցություն ազդակիր համայնքին:

Մյուս առաջարկն էր՝ հրապարակել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքների օպտիմալացված ցանկը՝ բացառելու «Մասրիկ 1» կայանի կառուցման տարածքի գտնվելը այդ տարածքում:

Բանն այն է, որ Բեռնի կոնվենցիայի կայքում «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածք է ամբողջ «Սևան» ազգային պարկի տարածքը 489,839.8 հեկտարով: Որպես տվյալների հավաքագրման տարի նշված է 2021 թվականը: Բեռնի կոնվենցիայի բյուրոն 2022 թվականի ապրիլին կայացած նիստում ընդունած որոշմամբ հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում նախատեսվող Էմերալդ ցանցի տարածքների էական կրճատման կապակցությամբ և կրկին հորդորել է իշխանություններին պարզաբանել, թե երբ վերանայված ցուցակը պատրաստ կլինի և կներկայացվի քարտուղարություն։

Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 17.02.2023թ. N 3/07.4/1897 նամակում նշված է.

«Ի պատասխան Ձեր 2023 թվականի հունվարի 24-ի գրության՝ կապված «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ԲՓ 000061 փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացված առաջարկի հետ՝ հայտնում եմ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի՝ փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Այդ դեպքերում փորձաքննական եզրակացությունն օրենքի ուժով համարվում է ուժը կորցրած։

Շրջակա միջավայրի նախարարությունը, իր իրավասությունների շրջանակներում, չունի տեղեկատվություն այն մասին՝ արդյո՞ք կայանի կառուցման նպատակով նախատեսվող գործունեության իրականացումը սկսվել է փորձաքննական եզրակացության տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թե՝ ոչ:

Գրությամբ ներկայացրած մյուս առաջարկությունների վերաբերյալ տեղեկացնում եմ, որ համաձայն օրենքի 26-րդ հոդվածի՝ հանրության իրազեկումն ու մասնակցությունն ապահովելու նպատակով գնահատումների և փորձաքննության գործընթացները ենթակա են հանրային ծանուցման և քննարկման, և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանվում է հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը»։

Փետրվար 20, 2023 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր