

2023թ. մայիսի 11-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։ Քաղաքացիական հասարակությունը, սակայն, բարձրաձայնում է, որ ռազմավարական փաստաթղթից դուրս են մնացել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններ: ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) խմբակցությունն արդեն իսկ երկու հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, քանի որ փաստաթուղթը ենթակա է ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ)։
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Հանքարդյունաբերության ռազմավարությունն ընդունվեց, սակայն խնդրահարույց կետերով. ինչո՞ւ» թեմայով ասուլիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի, ՏԿԵՆ-ի ներքին ընդերքի վարչության իրավաբան Նաիրա Բարսեղյանի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի, Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի մասնակցությամբ:
Հովհաննես Հարությունյանը նշեց, որ թեև հանքարդյունաբերությունը բավականաչափ կարևոր ոլորտ է, իրենք նաև կարևորում են շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած ռիսկերի ճիշտն գնահատումը: «Մեր բոլոր ուղենշային նպատակներում և կարգավորումներում առաջին տեղը շրջակա միջավայրի կարգավորումների առկայությունն է, նոր կարգավորումների ներդրումը: Ռիսկերի նվազեցման համար միջազգային ստանդարտների կիրառումը պարտադիր պետք է դառնա այս ոլորտում:
Այս փաստաթուղթը լայն քննարկման է ենթարկվել: Այն մշակվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցով և միջոցների ծախսման պարտադիր պայման է եղել հանրային իրազեկման բարձր մակարդակի ապահովումը: Տեղի են ունեցել բավական մեծ քանակի իրազեկման հանդիպումներ և քննարկումներ, կլոր սեղաններ, արտագնա հանրային քննարկումներ տեղի բնակիչների ու ՀԿ ներկայացուցիչների հետ: Փորձել ենք ապահովել բոլորի մասնակցությունը, լսելիությունը, կարծիքի արատահայտման իրավունքը»,- նշեց նա:
Փաստաթուղթն ապօրինի առաջ մղելու վերաբերյալ դիտարկմանը՝ Հովհաննես Հարությունյանն արձագանքեց. «Բոլոր տեսակի կարծքիներն ընդունել և չընդունելու հետ կապված դիրքորոշումները ներկայացված են հրապարակված ամփոփաթերթերում: Դա պետք է ընդունել որպես պաշտոնական մեկնաբանություն»:
Օլեգ Դուլգարյանը նկատեց, որ «ապօրինի» ձևակերպումը վերաբերում է նրան, որ պետք է իրականացվի նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատում: Անդրադառնալով փաստաթղթի քննարկմանը հանրության մասնակցությանը՝ նշեց. «Ազդակիր Թեղուտ և Կապան համայնքներում եղել են փակ հանդիպումներ: Դրանց անցկացման մասին բաց հայտարարարություն չի եղել: Մարդիկ համայնքի ղեկավարի կողմից հայեցողական են հրավիրվել, նրանց քանակը շատ չի եղել: Մասնակցային ձևաչափն ու մոբիլիզացման ձևաչափը բավարար չեն եղել: Թեղուտում տեղի ունեցած հանդիպմանը մասնակիցներն առաջարկել էին վնասների գնահատման և փոխհատուցման ու այլընտարքնային զարգացման մեխանիզմներ նեդնել, բայց դրանք ռազմավարության մեջ տեղ չեն գտել: Մինչդեռ ռազմավարությունը պետք է պատասխանի բոլոր խնդիրներին ու կարիքներին»:
Ըստ Օլեգ Դուլգարյանի` քաղհասարակությունը մի քանի անգամ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, սակայն դրանցից մի քանիսը մասնակիորեն է ընդունվել: «Սակայն կարևորագույնները, որոնք ոլորտում հետագայում խնդիր պետք է լուծեն և ավելի պատասխանատու դարձնեն հանքարդյունաբերական սուբյեկտներին, ավելի մեծ վստահություն ներչշնչեն հանքարդյունաբերության նկատմամբ, սոցիալական արադարության բաղադրիչ պարունակող հիմնական շրջանակը չի ներառվել»,- նշեց Օլեգ Դուլգարյանը:
Հովհաննես Հարությունյանը նշեց, որ կարգավորումների հետ կապված փաստաթղթի գործողությունների պլանում մեխանիզմներ մշակելու ուղեցույցներ կան: «Ունենք դրույթ, որ պետք է սահմանել հանքարդյունահանման տարբեր փուլերում բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման օրենսդրական պահանջ, ՀՀ համար մշակել ռիսկերի տեղանայացման ուղեցույցը, սահմանել բարձր ռիսկերի համար կանխարգելման և մեցմացման միջոցառումների կազմման և վերանայման պահանջ: Բնապահպանական և սոցիալական ռիսկերի գործողությունների մեթոդաբանություն ունենալը կապահովի հանքարդյունաբերական ոլորտում կազմակերպությունների գործունեության արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատման հստակ ուղեցույցը»,- նշեց փոխնախարարը:
Սոնա Այվազյանը նշեց, որ լինելով ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) խմբակցության անդամ՝ ի սկզբանե ներգրավված են եղել քննարկումներում, սակայն անհրաժեշտ են համարում գործընթացի հետ կապված թերությունները ներկայացնել նաև շահագրգիռ հանրությանը: «Կարծում եմ, որ այստեղ պետք է լիներ նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, որովհետև սա երկու նախարարությունների թերացում է: Մեր հայտարարությանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից հայտնել են, որ փաստաթուղթը քննարկվել է Շրջաակա միջավայրի նախարարության հետ: Բայց այն, որ նախարարությունն ընդգրկված է եղել քննարկումներում, չի նշանակում, որ փաստաթուղթը չպետք է ենթակա լիներ ՌԷԳ-ի: Նշվեց, որ կան միջոցառումներ, որոնք պետք է անցնեն ՌԷԳ-ով: Սակայն սա նույնպես չի նշանակում, որ այդ փաստաթուղթը չպետք է ենթակա լինի ՌԷԳ-ի:
Անօրինական առաջ մղում ասելով էլ նկատի ենք ունեցել, որ գործընթացը չի բավարարել ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաների պահանջները: 2022թ. օգոստոսին նախագծի չորորդ տարբերակի համար տվել ենք մոտ 70 առաջարկություն: Մինչ օրս այլ շահագրգիռ կողմերի կարծիքներ գուցե ընդունվել են, նախագիծը լրամշակվել է և պետք է նորից ներկայացվեր www.e-draft.am կայքում՝ դինամիկան տեսնելու համար, պետք է քննարկվեր և նոր միայն ներկայացվեր կառավարություն»,- ասաց նա:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ Համաշխարհային բանկն իր կայքում դրել է հաշվետու փաստաթղթերի շրջանակ, որոնց համար պետք է իրականացվի ՌԷԳ: «Մեկ այլ տողով ասված է, որ շահառուների ներգրավման պլան պետք է լինի: Ցանկացած եղանակով ներկայացված մեկնաբանությանը պետք է մշակողների կողմից արձագանք տրվի հավուր պատշաճի: Ես մեկնաբանություն եմ ուղարկել էլեկտրոնային փոստով, որին անգամ պատասխան չի տրվել: Ինչ վերաբերում է բովանդակային հարցերին, ապա այն, ինչ նշված է ռազմավարության փաստաթղթում, այն, ինչ վերաբերում է բնապահպանական կարևոր խնդիրների լուծմանը, ապահովված չէ իրականացման համար անհրաժեշտ պատշաճ գործիքակազմով: Անհրաժեշտ է համալիր փաստաթուղթ, որում համալիր դիագոնոստիկա արվեն խնդիրները»,- ասաց նա:
Սոնա Այվազյանն էլ հավելեց, որ ՀՀ կառավարության շահերից է բխում, որ փաստաթուղթն ընդունելի լինի: «Կարծում ենք՝ պետք է մեկ քայլ հետ գնալ, անվավեր ճանաչել Կառավարության որոշումը և անդրադառնալ օրենքով սահմանված գործընթացներին»:
Ի պատասխան Հովհաննես Հարությունյանը նշեց, որ առաջիկայում պլանավորում են բովանդակային քննարկում կազմակերպել, վեր հանել այն կետերը, որոնք պարտադիր փորձաքննության ենթարկելու կարիք ունեն:
Մայիս 17, 2023 at 17:57