ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան
պարոն Սերգեյ Կոպիրկինին
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության
նախագահ Ինգա Զարաֆյանից
Կրկնօրինակը ՀՀ Արտաքին գործերի նախարար
պարոն Արարատ Միրզոյանին
Նամակ - դիմում
Հարգելի պարոն դեսպան,
տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի հուլիսի 29-ին ինձ հետ էլեկտրոնային փոստով կապ հաստատեց Նատալյա Խոխլովան՝ ներկայանալով որպես ռուսական «Բլոկնոտ» պարբերականի թղթակից և խնդրելով հարցազրույց տալ Հայաստանում բնապահպանական վիճակի վերաբերյալ։
2023 թվականի օգոստոսի 3-ին նա հանդիպեց ինձ Երևանում և տեսազրույց կատարեց։ Հարցազրույցի ժամանակ ես խոսեցի կլիմայական ռիսկերի, Սևանա լճի խնդիրների մասին, Ադրբեջանի կողմից շրջափակման մասին։
Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերության նկատմամբ։ Հարցազրույցի այս հատվածից վերցված կտորներն օգտագործվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, մասնավորապես «Baku TV»-ի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին հեռարձակած «Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները ոչնչացնում են տարածաշրջանի էկոլոգիան» տեսանյութում։
Հարցազրույցի այս հատվածում Նատալյա Խոխլովային ես ներկայացրել եմ բաց պաշտոնական տվյալներ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի վիճակի մասին։ Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրին, և ես բացատրեցի, որ աղտոտման ռիսկերը բնորոշ են համաշխարհային հանքարդյունաբերության համար և կապված են ենթակառուցվածքային օբյեկտների հետ՝ պոչամբարներ, բացահանքեր, պոչատարներ։
Պատասխանելով նրա հարցին՝ բացատրեցի, որ մետաղական հանքավայրերի շահագործումից առաջացած թափոնները կուտակման հատկություն ունեն, և մեր պարագայում հիմնական գործող հանքավայրերը շահագործվում են դեռ խորհրդային ժամանակներից, ինչը բացատրում է ֆոնային բարձր աղտոտվածությունը։
Ի զարմանս ինձ, 2023 թվականի օգոստոսի 16-ին «Baku TV»-ի եթերում հեռարձակվեց տեսանյութ՝ առանց հեղինակների հիշատակման, որում օգտագործվել են կտորներ իմ հարզացրույցից, որը ես տվել եմ Նատալյա Խոխլովային, ինչպես նաև կտորներ Կապանի և Քաջարանի բնակիչների տված հարցազրույցներից։
Իմ խոսքերը ծաղկաքաղ են արված և աղավաղված։ Հարցազրույցի համատեքստն ամբողջությամբ խեղաթյուրված է և ադրբեջանական տեսանյութում հարմարեցված է Ադրբեջանի քաղաքական քարոզչությանը՝ ուղղված Հայաստանի դեմ։
Այսպես, «Baku TV»-ի տեսանյութում աղտոտվածության թեմային զուգընթաց հնչում են հակահայկական հայտարարություններ, նշվում է, թե ինչպես է Ադրբեջանը ճիշտ օգտագործում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից գրաված հողերը, նաև նշվում է Արցախի շրջափակման մասին, որը տեսանյութում ծաղրի առարկա է դարձված և այլն։
Հարգելի՛ պարոն դեսպան,
հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմական դաշնակիցն է, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ փաստացի Նատալյա Խոխլովան և ռուսական «Բլոկնոտ» պարբերականը իրականում կատարել են Հայաստանում Ադրբեջանի օտարերկրյա գործակալների դերը։
Խնդրում եմ Ձեզ կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի հետաքննվի քաղաքացի Նատալյա Խոխլովայի գործունեության այս ասպեկտը, ով ռուսական անձնագրով մուտք է գործել Հայաստան և «Բլոկնոտ» պարբերականի։ Նրանք ամբողջությամբ պատասխանատու են խարդախությամբ հարցազրույց ստանալու համար, որը կեղծվել և օգտագործվել է հակահայկական տրամադրություններ հրահրելու համար, ինչպես նաև դարձել է կեղծ տեղեկությունների տարածման աղբյուր։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ հետաքննության արդյունքների մասին։
Հարգանքով՝
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության
նախագահ Ինգա Զարաֆյան
18.08.2023թ.
Օգոստոս 18, 2023 at 16:03