

Երևան քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլատրելի նորմերը։ «Մայրաքաղաքում մարդիկ ապրում են ագրեսիվ միջավայրում, և միակ միջոցը կանաչ տարածքների ավելացումն է։ Կա՞ արդյոք Երևանում նոր կանաչ տարածքներ ստեղծելու հնարավորություն», - ԷկոԼուրը հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք Երևանի տարբեր հատվածներում ունենք տեղադրված օդի որակի 5 սարք, և միայն մեկ սարքն է ցույց տվել ոչ դրական ցուցանիշներ այն հատվածներում, որտեղ իրականացվում է ինտենսիվ կառուցապատում։ Հիմա պարտադրում ենք բոլոր կառուցապատողներին շինհրապարակներին հարակից տեղադրել այդ սարքերը։ Տվյալներն անմիջապես փոխանցվելու են քաղաքապետարան։ Նաև սահմանել ենք նոր ստանդարտներ, որոնցով կառուցապատողները պարտավոր են իրականացնել որոշակի միջոցառումներ իրենց կառուցապատումն արտաքին աշխարհից մեկուսացնելու համար։ Խոսքը, մասնավորապես, փոշեկլանիչ սարքերի մասին է։ Մեծացրել ենք տուգանքները մեր պահանջները չկատարելու համար։ Բայց դա չի նշանակում, որ մեր բոլոր խնդիրները լուծված են։ Տարիներ շարունակ էականորեն կանաչ տարածքների նվազում ենք ունեցել, շինաշխատանքները փոշի են լցնում, ավտոմեքենաների քանակն է ավելացել, և, իհարկե, այստեղ ամենակարևորը կանաչապապատման աշխատանքներն են», - ասաց Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ Երևանի կանաչ տարածքների ավելացումը քաղաքապետարանի առաջնահերություններից է։ «Մենք պլանավորում ենք գալիք հնգամյակում 250-300 հեկտար նոր կանաչ տարածքներ ստեղծել և անցնել 1 շնչի հաշվով 8 քմ նվազագույն շեմը։ Միայն Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից մի հատվածում ունենք 200 հեկտար ազատ տարածք, և մեր քաղաքական դիրքորոշումն է, որ այդ տարածքը պետք է լինի խիտ կանաչ, գեղեցիկ, նոր դարին համահունչ այգի, որը հարստացնելու է Երևանի կանաչ ֆոնդը», - ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում Երևանի տարբեր հատվածներում տնկվել է 35 հեկտար նոր անտառ, բարեկարգվել է շուրջ 10 այգի, հիմնադրվել են նոր հանգստի գոտիներ։
«Առանձնացնեմ բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքները։ Ավարտվել է Մինաս Ավետիսյանի այգու հիմնանորոգումը։ Աշխատանքներ են իրականացվել Մերգելյանի, Դավիթ Անհաղթի այգում և շատ այլ այգիներում։ Բարեկարգել ենք Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքը։ 2023 թվականը տպավորիչ էր բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների ծավալով։ Նաև իրականացվել են ջրագծերի և ոռոգման ցանցերի կառուցման զգալի աշխատանքներ։ Միայն 12․3 կմ երկարությամբ ոռոգման նոր ցանց է կառուցվել, շուրջ 12 կմ նոր կոյուղատար ցանց է կառուցվել։ Լուծվել է Մուշական թաղամասի կոյուղատար ցանցի տասնամյակներ չլուծված հարցը», - ասաց Տիգրան Ավինյանը։
Հունվար 08, 2024 at 17:39