Ինչպես են կառավարվում Երևանի կոշտ կենցաղային թափոնները, ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը

Ինչպես են կառավարվում Երևանի կոշտ կենցաղային թափոնները, ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը

Ինչպե՞ս է իրականացվում Երևանում աղբահանությունը, որտե՞ղ են հայտնվում վերամշակելի թափոնները, ի՞նչ վիճակում է մայրաքաղաքի գլխավոր աղբավայրը և ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Երևանի թափոնների կառավարման ոլորտում։

Այս հարցերը քննարկվեցին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ։ Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրավիճակը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։

Մայրաքաղաքում աղբահանությունն իրականացնում է «Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը փոխարինեց մասնավոր «Սանիթեք» ընկերությանը 2019 թվականին, երբ այս ընկերությունը և քաղաքապետարանը հայտնվեցին դատական գործընթացների մեջ։

Գորիկ Ավետիսյանը ներկայացրեց՝ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում աղբահանությունն իրականացվում է 41 աղբատար մեքենաներով։ Քաղաքի 4165 հասցեներում տեղադրված է 11400 աղբաման: Վերամշակելի թափոնների համար Երևանում տեղադրված է 857 թափոնաման, որոնցից 249-ը՝ թղթի, 250-ը՝ պլաստիկի, 229-ը՝ ալյումինի, 129-ը՝ ապակու։

Ըստ Գորիկ Ավետիսյանի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Երևանում հավաքվել և վերամշակման է հանձնվել 3․392 տոննա թափոն, որոնցից 3․009 տոննա՝ թղթի, 230․410 կգ՝ ապակու, 153․123 կգ՝ պլաստիկի թափոններ։ Հավաքվող թափոնները հանձնվում են «Սարանիստ», Ա/Ձ «Գևորգ Սարգսյան», «Նեկո-Պոլիմեր» և «Փեյփեր-Թրեյդինգ» ընկերություններին վերամշակման։

2024 թվականի մարտ ամսից հավաքվում և տեսակավորվում են պլաստիկի թափոնները, որպեսզի պլաստիկի ենթատեսակներն առանձին հանվեն աճուրդի։ «Հիմա աշխատում ենք երկու տարբեր ընկերությունների հետ, որոնցից մեկն ընդունում է PET տեսակի թափոններ, իսկ մյուսը՝ PP, HDPE, LDPE տեսակները։ Մեծ դժվարությունների են հանդիպում նաև ներկայիս գործընկերները, օրինակ, համաշխարհային շուկայում առաջնային հումքի գինն անկում է ապրում, տեղական արժույթի անկումը հիմնական արտահանվող երկրում՝ Ռուսաստանում և հիմնականում Իրանից և Ռուսաստանից ներմուծվող հումքի և ապրանքի ցածր գները», - ասաց Գորիկ Ավետիսյանը։

Այնուամենայնիվ, տեսակավորվում և վերամշակվում է Երևանի կոշտ կենցաղային թափոնների չնչին տոկոսը։ Մնացած աղբը՝ օրական միջինը 1000-1200 տոննա, հայտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը 9-10 կմ հեռավորության վրա գտնվող Նուբարաշենի աղբավայրում։ Սա Երևանի ամենամեծ աղբավայրն է՝ 52․3 հեկտարով, շահագործվում է 1950-ական թվականներից, և մինչ օրս այստեղ կուտակվել է մոտ 8 միլիոն տոննա կոշտ թափոն։ Աղբավայրը շահագործում է «Էրեբունի մաքրություն» մասնավոր ընկերությունը։

Աղբավայրի մոտ 8 հեկտար տարածքից 2009 թվականից իրականացվել է ջերմոցային գազերի հավաքման և այրման աշխատանք Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև կնքված համաձայնագրով: Այս կայանը պայմանագրի ավարտից հետո 2022 թվականին անհատույց օգտագործման իրավունքով անցել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը: Կայանի շահագործման արդյունքում 2024 թվականի ընթացքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծավալը կազմել է 7323 տոննա։

Նուբարաշենի աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես աղբի կուտակման վայր է։ Այստեղ հաճախ են լինում հրդեհի բռնկումներ։ Որպես կանխարգելիչ միջոցառում իրականացվում են հողով ծածկման աշխատանքներ։

Նուբարաշենի աղբավայրի փակումն օրակարգային հարց է։ Տարիներ շարունակ քաղաքային իշխանությունները խոսում էին նոր աղբավայր կառուցելու մասին։ 2016 թվականին Երևանի քաղաքապետարանը կնքեց պայմանագիր՝ 26 միլիոն եվրոյի չափով, որից 8-ական միլիոն եվրոյի վարկային միջոցներ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Եվրոպական ներդրումային բանկից և Եվրոպական միությունից, 2 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P)։

2024 թվականին պայմանագիրը չեղյալ համարվեց։ Այս ողջ ընթացքում ներդրողների կողմից գումարներ չեն փոխանցվել, իսկ պատճառները չեն հրապարակվել։ Ինչպես Էկոլուրին հայտնել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քննարկվում է նոր ծրագրի իրականացում Համաշխարհային բանկի հետ։ Նոր սանիտարական աղբավայրի կառուցման համար, ըստ Գորիկ Ավետիսյանի, անհրաժեշտ է 13,366,450 ԱՄՆ դոլար, իսկ գործող Նուբարաշենի աղբավայրի փակման համար՝ 15,608,548 ԱՄՆ դոլար։

Նախատեսվում է թափոնների տեսակավորման համակարգի ընդլայնում և աղբի վերամշակման գործարանի կառուցում։

Կլոր սեղանին մասնակցեցին «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, «Գրին Գրին» էկոկենտրոնի ղեկավար Դանա Վերգիլյուշը, «ԱՄ-Էսկա» ՍՊԸ-ի տնօրեն և համահիմնադիր Վահան Ղարիբյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնկառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը, «Վեգա» ընկերության մարքեթինգի և զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանը, Հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։

«Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարում, աղբավայրեր» կլոր սեղանը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում։

Ապրիլ 29, 2025 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր