

Վերջին ժամանակներում քաղաքացիների կողմից բազմիցս բարձրաձայնված, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրավախախտումների դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ մշակվել է «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030թթ. համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծում ներառված են մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայման, վերահսկողական մեխանիզմների խստացման և գործող օրենսդրական դաշտի պահանջների չկատարման դեպքում վարչական իրավախախտումների սահմանաչափերի վերանայման միջոցառումներ։
Նշենք, որ Հայաստանի ողջ բնակչության գրեթե կեսը մշտապես և ժամանակավորապես բնակվում է Երևանում։
Այս ձմռանը Երևան քաղաքում փոշու միջին օրական ՍԹԿ-ի առավելագույն գերազանցումը դիտվել է 2024թ․ դեկտեմբերի 5-6-ին՝ 3,4 անգամ, ինչն, ըստ ՀՀ-ում գործող կարգավորումների, համարվում է անբարենպաստ: Առողջապահության նախարարությունը չի կարող գնահատել առողջության վրա փոշու ազդեցությունը, քանի որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը որպես գնահատման հիմք առաջարկել է փոշու PM2.5 և PM10 մասնիկները, մինչդեռ PM2.5-ի չափումներ լիազոր մարմինը չի անում։
Հիմնականում տարբերում են 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը: PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ: PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ:
Էկոլուրի նախորդ հրապարակումներում ներկայացված են «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի՝ «People Powered - Global Hub for Participatory Democracy»-ի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի կանաչացման ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում սույն թվականի հունվարի 14-ին «Էկոլուր» մամուլի ակումբում անցկացված կլոր սեղանի նյութերը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը կլոր սեղանի ժամանակ նշեց․ «Մեր չափածը բաղադրությամբ չտարբերակված փոշին է, PM10 և ավելի բարձր մասնիկներն են դրանք, իսկ քաղաքապետարանն այս պահին չափում է սենսորային մեթոդով ՝ սենսորային սարքավորումներով: Իրենց դիտակետերը թեժ կետերում են, իսկ մերը ֆոնային է, այսինքն՝ ընդհանուր քաղաքի»:
«Տվյալների անհամապատասխանությունը կվերացվի, երբ մշակվի միասնական մոտեցում, որի վրա աշխատում են մասնագետները»,- վստահեցրին պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։
ԷկոԼուրը հարցում է անցկացրել կլոր սեղանի մասնակիցների և 26-65 տարեկան ակտիվ բնակիչների շրջանում, որի արդյունքները ցույց են տվել հետևյալը.
Հարցվածների մեծ մասն ապրում է Երևանի Շենգավիթ, Կենտրոն, և Աջափնյակ վարչական շրջաններում։ Ընդհանուր առմամբ, հարցվողներն օրական 1-ից 3 ժամ են անցկացնում բացօթյա տարածքում, ինչը, մեր դիտարկումների համաձայն, համապատասխանում է քաղաքի զբաղված բնակիչների մեծամասնության ցուցանիշին: Հարցվածներից ոչ մեկը 5 ժամից ավելի բացօթյա տարածքում չի անցկացնում։
Օդի որակի մասին հարցվածների կեսից ավելին կարծում է, որ օդի որակը մայրաքաղաքում վատ է, ևս 30%-ը կարծում է, որ այն շատ վատ է: Ոչ ոք օդի որակը շատ լավ չի գնահատել։ Միաժամանակ, բացարձակ մեծամասնությունը կարծում է, որ օդի որակը վերջին տարիներին վատթարացել է։
Խոսելով պատճառների մասին՝ բնակիչները մատնանշեցին շինարարությունը, աղբի այրումը, այրվող աղբավայրը, տրանսպորտից արտանետվող գազերը, հանքերը։ Միաժամանակ, մարդիկ կարծում են, որ օդի աղտոտվածությունն ազդում է իրենց առողջության վրա, և միայն 10%-ը չի զգում այդ ազդեցությունը։
Հարցվածները որպես առողջության վրա ազդեցություն նշել են հազը, աչքերի գրգռումը, ալերգիկ ռեակցիաները և գլխացավերը։
Ի՞նչը կարող է բարելավել իրավիճակը և ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ։ Բացարձակ մեծամասնության կարծիքով՝ Երևանում տրանսպորտի վիճակը պետք է բարելավվի։ Հաջորդիվ, անհրաժեշտ է արգելել աղբի այրումը և վերացնել աղբանոցների այրումը։ Իրավիճակը կարելի է բարելավել՝ ստեղծելով կանաչ գոտիներ և վերահսկելով արդյունաբերական օբյեկտները։ Պետք է խիստ վերահսկողություն իրականացվի՝ վերացնելու «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջների խախտումները։
Բոլոր հարցվածները համաձայնել են օգնել նվազեցնել օդի աղտոտվածությունը, ընդ որում, 30%-ը նշել է, որ պատրաստ է հրաժարվել անձնական մեքենաներից, եթե հասարակական տրանսպորտը նորմալ աշխատի: Հարցվածներից շատերն ասել են, որ պատրաստ են մասնակցել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներին:
Բոլոր հարցվածները նշել են, որ կցանկանային ավելի շատ տեղեկատվություն ստանալ մթնոլորտային օդի աղտոտվածության և այն նվազեցնելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին:
Մարտ 11, 2025 at 12:47