

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպել է «Երևանի կանաչ գոտի․ իրավիճակի և հեռանկարների գնահատում» կլոր սեղանը։
Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Խալաթյանը և նույն ՀՈԱԿ-ի աշխատակից Մերի Հոխանյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Ռուդովը, Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) փորձագետ Ռուբեն Պետրոսյանը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Մերի Մինասյանը, «Գրին Գրին» էկոկենտրոնի ղեկավար Դանա Վերգիլյուշը, Հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։

Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։
- Ծառ հատելուց պետք է հաշվի առնել, թե այդ ծառը քանի տասնյակ տարի է ապրել։ Մեծ, հասուն ծառերը հատվելուց առաջ պետք է գնահատվեն՝ արդյոք այն արդեն ոչ կենսունակ է և ենթակա է փոխարինման։
- Խորը էտը պետք է արգելվի և փոխարինվի խնամքով, որպեսզի չառաջանան արմատային համակարգի և սաղարթի խիստ անհավասարություն, կանաչ զանգվածի փոքրացում, չվնասվեն թռչունների բները։
- Միջատների խնդիրը պետք է լուծել ոչ թե հատման կամ խորը էտի միջոցով, այլ իրականացնել ծառերի բուժման միջոցառումներ՝ օգտագործելով առաջին հերթին կենսաբանական մեթոդը։
- Երևանը կարիք ունի մեծ սաղարթով ծառերի, քանի որ օդը կլիմայական պայմանների հետևանքով չոր է, ամառը շոգ է։ Քաղաքապետարանի կողմից ընտրված Ալբիցիան գեղեցիկ է նայվում, բայց անիմաստ է տնկել ճանապարհների մոտ, որովհետև մեծ ծառ չէ, տերևները ուշ են բացվում։ Հուդայածառը նույնպես մեծ ծառ չի դառնա։ Սակուրան մեծ ծառ չէ, նաև ակնկալվում է, որ վարդազգիների հիվանդություններով կարող վարակվել։
- Նոր տեսակներ առաջարկելիս անպայման մի քանի տարի հարկավոր է ստուգել տնկարանների պայմաններում՝ արդյոք համապատասխանում է Երևանի բնակլիմայական պայմաններին՝ հաշվի առնելով նաև մայրաքաղաքի ծովի մակերևույթից տարբեր բարձրությունները։
- Հարկավոր է հաշվի առնել ծառերի սերնդափոխության գործոնը։ Նախ ծերացած ծառի մոտ տնկել նորը, սպասել, որ մեծանա, հետո նոր հինը հատել։
- Ծառերի հատումներ պետք է կատարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ, երբ փակում է երթևեկության լուսանշանները, կարող է ընկնել և այլն։
- Վերականգնել Երևանում և Երևանի շուրջ եղած կանաչ գոտիները։
- Հարկավոր է բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը ծառերի դերի մասին օդի մաքրության և մարդու առողջության համար։
- Անհրաժեշտ է ընդունել օրենք, որով յուրաքանչյուր ծառի հատման և վնասման համար կսահմանվի պատասխանատվություն։
- Հարկավոր է համարակալել ծառերը։
- Երևանում տեղի է ունենում բարձրահարկ շենքերով զանգվածային կառուցապատում՝ առանց կանաչ տարածքների, իսկ սեփական տները կանաչ բակերով վերանում են։ Անհրաժեշտ է կարգավորել շինարարության ոլորտը, սահմանել նորմեր, որոնք կպարտադրեն ունենալ կանաչ տարածքներ։
- Անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր կանաչապատման տվյալների միասնական բազա, որը կընդգրկի ընդհանուր օգտագործման այգիների, պուրակների, անտառները տվյալները։
- Անհրաժեշտ է կարգավորել համայնքային հողերի վարձակալության և ենթավարձակալության հարցերը, քանի որ ներկա չկարգավորված վիճակը խոչընդոտներ է ստեղծում կանաչապատման ծրագրերի պլանավորման և իրականացման համար։
- Պետք է վերականգնել Երևանի շուրջ անտառները, որովհետև փոշին նաև դրսից է գալիս։ Այդ գոտիների մի մասը կառուցապատված է, մի մասը՝ սեփականաշնորհված, բայց կանաչապատված չէ։
Մայիս 30, 2025 at 17:43
