Վայոց ձորի մարզի բնակիչները ՇՄ նախարարից պահանջում են չընդունել փորձաքննության «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման հայտը

Վայոց ձորի մարզի բնակիչները ՇՄ նախարարից պահանջում են չընդունել փորձաքննության «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման հայտը

Վայոց ձորի մարզի բնակիչներ՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը դեմ նախաձեռնության անդամ Հայկ Իսախանյանը և զբոսաշրջային, հյուրանոցային ոլորտի մենեջեր Տիգրան Միքաելյանը, նամակով դիմել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին։ Նրանք պահանջում են մերժել և չընդունել փորձաքննության «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի/հանքանյութի վերամշակման/կորզման գործարան կառուցելու հայտը։

Նամակում նշված է․

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025թ․ մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային լսում (առաջին հանրային լսում)՝ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարան կառուցելու վերաբերյալ։ Հանրային լսումը տեղի ունեցավ օրենքի կոպիտ խախտումներով:

Հանրային լսման ժամանակ արտահայտվեցին համայնքի ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության բնակիչներ, ովքեր ներկայացրին գրավոր և բանավոր առարկություններ, պարզաբանումներ և այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ գործարանի կառուցման դեպքում։

Հանրային լսումն անցկացնող համայնքի ղեկավար պարոն Մաթևոսյանին ներկայացրինք սահմանված կարգով կառուցվող գործարանին դեմ և կողմ բնակիչների ստորագրությունները, որը չընդունվեց համայնքի ղեկավարի կողմից։ Ստիպված դեմ փաստաթղթերը պատշաճ կարգով հանձնել ենք Վայք խոշորացված համայնքի աշխատակազմ։ 2025թ․ մայիսի 16-ին կայացավ Վայք խոշորացված համայնքի ավագանու նիստ։ Ավագին որոշեց «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարան կառուցելու հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստին։ 2025թ. հունիսի 4-ին կայացած ավագանու նիստին քննարկվեց «ՋիԷմէն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարան կառուցելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն չեն հրապարակվել հանրային լսման ժամանակ Վայք խոշորացված համայնքի աշխատակազմ պատշաճ հանձնված փաստաթղթերը: Ավագանու անդամները տեղեկացված չեն եղել վերը նշված փաստաթղթերի հանձնման մասին, որտեղ առկա է եղել  գործարանի կառուցմանը դեմ 75 ստորագրություն, որոնք չեն ներառվել ավագանու որոշման կից փաստաթղթերի ցանկում, ներառվել են 36 մասնակիցների ստորագրություններ, որտեղ հնարավոր չէ տեղեկանալ կողմ կամ դեմ մասնակիցների վերաբերյալ: 75 դեմ ստորագրությունների պայմաններում ավագանին պետք է գրավոր հիմնավորեր գործարանի կառուցման դրական եզրակացություն տալու վերաբերյալ, որը չի կատարվել։ Ավագանին տվել է չհիմնավորված նախնական համաձայնություն «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող հանքաքարի և կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարանի կառուցման համար։

Հարգելի պարոնայք,

մենք գտնում ենք որ 2025թ. մայիսի 13-ին Զառիթափ համայնքում կայացած հանրային լսումն անցել է օրենքի կոպիտ խախտումներով, ինչի վերաբերյալ գրավոր արդեն տեղեկացրել ենք Ձեզ։ 2025թ. հունիսի 4-ին կայացած Վայք համայնքի ավագանու որոշումը չի բխում հանրային լսման ժամանակ հնչեցրած ելույթներից և ներկայացված փաստաթղթերից: Նշված փաստաթղթերի բացակայության պայմաններում ավագանու անդամները չէին կարող կայացնել ճիշտ որոշում։

Խնդրում ենք ուսումնասիրել վերը նշված փաստարկները, կատարվածին տալ իրավական գնահատական, կանխել և պատասխանատվության ենթարկել համայնքի ղեկավարին ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու համար: Տրված ավագանու որոշման հիման վրա «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման գործարան կառուցելու վերաբերյալ հայտը չուղարկել փորձաքննության»։

Նշենք, որ սա երկրորդ նամակն է՝ ուղղված պատասխանատու գերատեսչությունների պաշտոնյաներին՝ պահանջով մերժել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի/խտանյութի վերամշակման գործարան կառուցելու հայտը։ Առաջին նամակը կարող եք կարդալ այստեղ։

Հունիս 25, 2025 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր