Վայքի ավագանին կողմ է համայնքի տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցմանը, իսկ հանրային լսման մասնակից բնակիչները՝ դեմ․ նրանք դիմել են պատասխանատու պաշտոնյաներին

Վայքի ավագանին կողմ է համայնքի տարածքում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցմանը, իսկ հանրային լսման մասնակից բնակիչները՝ դեմ․ նրանք դիմել են պատասխանատու պաշտոնյաներին

Վայք համայնքի ավագանին մայիսի 16-ին նախնական համաձայնություն է տվել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի/խտանյութի վերամշակման գործարան կառուցելուն։ Որպես որոշման հիմք մեջբերվում է սույն թվականի մայիսի 13-ին անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը։ Նշենք, որ այդ օրը հանրային լսումներն անցել էին լարված մթնոլորտում, տեղի էր ունեցել բախում մասնակիցների միջև։ Վայք համայնքի ավագանին նաև որոշել է գործարանի կառուցման մասին հարցը քննարկել հաջորդ հերթական նիստի ժամանակ:             

Ավագանու դրական համաձայնությանը զուգահեռ Վայոց ձորի մարզի 45 բնակիչ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում հանքաքարի/խտանյութի վերամշակման գործարան կառուցելուն դեմ նամակով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոյանին, համայնքի ավագանու անդամներին։

Բնակիչների նամակում նշված է․

«Հարգելի հանրային լսման մասնակիցներ,

Փաստաթուղթը ներկայացվում է 2025թ. մայիսի 13-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում կայացած հանրային լսման անցկացման պատասխանատուին և հանդիսանում է արձանագրության անբաժանելի մասը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025թ․ մայիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային լսում (առաջին հանրային լսում), «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարան կառուցելու վերաբերյալ։ Ներկայացնում ենք՝ որպես ազդակիր համայնքներ ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս խոշորացված համայնքների բնակիչներից, գործարարներից առարկություններ․

Վայոց ձորի մարզն ունի երեք հիմնական ջրային ավազան, որոնք ապահովում են խմելու և ոռոգման ջրերի պահանջները:

Ջրային ավազաններն են՝

-Արփա գետի վերին հովիտ՝ Ջերմուկի տարածաշրջան

- Արփա գետի Եղեգիս վտակի վերին հովիտ՝ Վարդահովիտի տարածաշրջան

-Թեք Սար- Վայոց Սար, Արփա - Եղեգիս գետերի ջրահավաք ավազան

Նշված ջրային ավազաններից Զառիթափ բնակավայրի տարածքում «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերությունը ցանկանում է կառուցել հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման գործարան։ Հանքավայրը, նախատեսվող գործարանը և պոչամբարը գտնվում են ծովի մակերևույթից 1400-ից 2100 մետր բարձրության վրա, որտեղից սկիզբ առնող ջրերը լցվում են Արփա գետ, իսկ Արփա գետի հովիտով փչող՝ ուժգին քամիները տարածում են Վայոց ձորի ամբողջ տարածքում:

Վայոց ձորի մարզը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մշտապես եղել են հզոր երկրաշարժեր և ջրհեղեղներ:

Նախատեսվող գործարանը և պոչամբարը Վայոց ձորի համար մեծ ռիսկեր են պարունակում։

Վայոց ձորի և տարածաշրջանի սպասվելիք վնասները.

  • Վայք խոշորացված համայնքն ամբողջությամբ գտնվում է Վեդի-Վայք ուրանային հանքաշերտի վրա։ Այդ տարածաշրջանում կատարվող ցանկացած հանքարդյունաբերություն ուղղորդվելու է ռադիոակտիվ ֆոնի ավելացումով, շրջակա միջավայրը՝ մկնդեղով, ծծումբով, կվարցի փոշիով, սիլիտրայով, ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով հարստացմամբ։
  • Տարածքների կայուն և հարատև թունավորում, ինչի հետևանքով դառնալու է օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն, տարածքների առմիշտ կորուստ։
  • Հարյուրավոր տարիներ թափոնների՝ դատարկ ապարների և պոչանքի կառավարում, ինչը մեծ գումարներ է պահանջում, և, ընդհանրապես, հանքարդյունաբերողները և կառավարությունը հետագայում չեն կատարում։
  • Ջրի ծավալների նվազում, ջրային համակարգի թունավորում, վտանգվելու են Արփա, Եղեգիս գետերի մաքրությունը և այդ ջրերով ոռոգվող հողակտորները։
  • Տեղանքի երկրաբանական կառուցվածքի ձևափոխում և խաթարում։
  • Բուսականության կորուստ։
  • Վայրի կենդանիների կորուստ։
  • Բնակչության ապրելու միջավայրի որակի անկում, ինչը դառնալու է ապրելու համար ոչ համատեղելի։
  • Երկրագործության, խաղողագործության, գինեգործության անասնապահության արտադրանքի նվազում, որակի անկում, ինչը չի կարող համարվել օրգանական մաքուր սնունդ։
  • Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական իրավիճակի վատթարացում, արտագաղթ, բնակավայրերի ամայացում։
  • Տարերային աղետներից, դիվերսիաներից, շարունակվող պատերազմական գործողություններից նախատեսվող գործարանը և պոչամբարն ապահովագրված չեն, կվտանգվեն մարզի շրջակա միջավայր, ջրային ռեսուրսները։

Հաշվի առնելով վերը նշված ռիսկերը՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս խոշորացված համայնքների բնակիչներս դեմ ենք ՀՀ Վայոց ձորի մարզի ամբողջ և Վայք խոշորացված համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքներում «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերությունը կողմից հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման գործարանի կառուցմանը»։

Մայիս 22, 2025 at 17:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր