

«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն հավակնում է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցել։ Առաջին հանրային լսումը նշանակված էր այսօր՝ մայիսի 13-ին, Զառիթափ բնակավայրի վարչական շենքում։
Մինչ հանրային լսումների անցկացումը Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Վայք համայնքի ավագանու որոշման նախագիծ՝ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին Զառիթափ բնակավայրերի վարչական տարածքում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելուն նախնական համաձայնություն տալու մասին։
Լսումների սկզբում այս նախագիծը ներկայացրել է Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը։ Սկսվել է բախում լսումների մասնակիցների միջև, Էկոլուրին փոխանցված տեսանյութում հնչում են հայհոյանքներ։
«Լսումների սկզբում, ներկայացնելով ավագանու կողմից նախնական համաձայնության նախագիծ, համայնքապետը, ըստ էության, ուղղորդում է մասնակիցներին, որ արդեն կա դրական որոշում։ Սա հանրային լսումների կոպիտ խախտում է։ Լսումների ժամանակ ոչինչ չներկայացվեց։ Համայնքի ղեկավարն ասում է՝ տալու եմ համաձայնություն, գործարանը կառուցվելու է։ Բա ինչպե՞ս են թույլ տալիս՝ առանց ներկայացնելու, քննարկելու։ Ասում են՝ ցիանով է աշխատելու․․․ վտանգվելու են ջրերը, հողը, Վայոց ձորի մարզի գինեգործությունը», - Էկոլուրին պատմեց լսումների մասնակից, Վայոց ձորի մարզի բնակիչ Հայկ Իսախանյանը։ Նա նշեց, որ գործարանի կառուցմանը դեմ մասնակիցները նախաձեռնել են ստորագրահավաք, սակայն համայնքապետը չի ընդունել այդ նամակը հանրային լսման ընթացքում։ «Մեր ստորագրահավաքի արդյունքները մենք պաշտոնապես կփոխանցենք համայնքի ղեկավարին», - նշեց Հայկ Իսախանյանը։
Լսումներին ներկա է եղել Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։ Էկոլուրին նա պատմեց, որ լսումների ժամանակ տեղի է ունեցել բախում իր և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի միջև։ «Ես ասացի՝ բերեք, քննարկենք, համայնքապետն ինձ ասում է՝ դու ով ես, որ եկել, խոսում ես։ Նա չի հասկանում, որ ես ի պաշտոնե իրավունք ունեմ մասնակցել, հարցեր տալ, առարկություններ ներկայացնել», - պատմեց Գեղամ Մարգարյանը։ Բախումներից հետո Գեղամ Մարգարյանը լքել է լսումների դահլիճը։
Նշենք, որ «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն անվանափոխված «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն է, որը ՀՀ Վայոց ձորի մարզում շահագործում է Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվության՝ ընկերությունն ընդերքօգտագործման թույլտվություն ստացել է 2012 թվականին, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 3-ը։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ 2023 թվականից «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը ՀՀ քաղաքացի Լիաննա Միքայելյանն է։
Նշենք, որ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, թեպետ 2012 թվականին ստացել է Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ՇԱԹՎ-29/239 ընդերքօգտագործման թույլտվությունը, առ 2020 թվականն ընկերությունը հանքավայրը չի շահագործել, և 2020 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։ Հրամանի համար հիմք են հանդիսացել այն հանգամանքները, որ շահագործման թույլտվություն ստանալուց ի վեր ընկերությունն արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել, չի ապահովվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը, չի ապահովել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարումը։
N 1075-Ա 07.08.2020թ. հրամանն ընկերությունը բողոքարկել է վարչական դատարանում/գործ ՎԴ/8035/05/20/։ Վարչական դատարանը մերժել է ընկերության հայցադիմումը: Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: 2021 թվականի ապրիլի 12-ի դրությամբ դատարանը հայցն ընդունել է վարույթ: Դատարանը որոշել է հաստատել դատավարության մասնակիցների կողմից 24.05.2023 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը, ըստ որի նախարարությունը պարտավորվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 07.08.2020թ․ թիվ 1075-Ա ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին հրամանը և վերականգնել ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ներառյալ` օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/239 թույլտվությունը, թիվ ԼՎ-239 լեռնահատկացման ակտը, թիվ ՊՎ-239 ընդերքօգտագործման պայմանագիրը: Ընկերությունը պարտավորվում է հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո 3 ամսվա ընթացքում սկսել ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները: Ընկերությունը նաև պարտավորվել է Վայք համայնքում իրականացնել սոցիալական ծրագրեր` համայնքի ղեկավարի և ավագանու հետ համաձայնեցնելով` առնվազն 20 միլիոն դրամի չափով:
Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Արին բնակավայրի վարչական շենքում կայացել էր «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը՝ Արին բնակավայրի տարածքում հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության և հանքանյութի, խտանյութի վերամշակման (կորզման) գործարանի կառուցման ծրագրի վերաբերյալ։ Բնակիչները դեմ էին արտահայտվել ընկերության կողմից հանքանյութի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին:
Մայիս 13, 2025 at 17:38