

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ իր նախկին աշխատակիցներ Տիգրան Աթայանի, Վահե Մխիթարյանի, Վահե Բաբաջանյանի, Շավարշ Մարգարյանի, Գոռ Բաբաջանյանի, Կարեն Արշակյանի, Կարեն Անդրեասյանի, Արթուր Բաբաջանյանի, ովքեր 2025թ-ի հունվար-փետրվար ամիսներին մասնակցել են գործադուլի։
Ընկերությունը պահանջում է նրանցից համապարտության կարգով բռնագանձել 4,758,480,000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ հօգուտ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի՝ որպես ընկերությանը պատճառված վնասի գումար։
Բացի այդ, պատասխանողներից բռնագանձել 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2,500,000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ (Դատական Գործ N: ՍԴ/0215/02/25):

ԶՊՄԿ ՓԲԸ-ի գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ «ՍԴ/0215/02/25 քաղաքացիական գործով Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ՀՀ արադարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում հարուցվել է թիվ 13488958 կատարողական վարույթը, որի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել դատական գործով պատասխանողներ Շավարշ Մարգարյանին, Վահե Մխիթարյանին, Տիգրան Աթայանին, Կարեն Արշակյանին, Կարեն Անդրեասյանին, Գոռ Բաբաջանյանին, Վահե Բաբաջանյանին, Արթուր Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների»։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 31-ից ԶՊՄԿ ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ սկսեցին բողոքի ակցիա և դուրս չեկան աշխատանքի։ Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ ՓԲԸ-ն և ԶՊՄԿ ՓԲԸ արհմիությունն աշխատակիցների գործողությունները որակում են որպես «անօրինական գործողություններ»։
Ընկերությունը փետրվարի 10-ին տարածեց պաշտոնական հայտարարություն՝ խոստանալով սահմանված ժամկետներում աշխատավարձերի և աշխատանքային պայմանների փոփոխություններ։ Գործադուլն ավարտվեց, իսկ վերոնշյալ աշխատակիցներն ազատվեցին աշխատանքից։
Ըստ ընկերության՝ գործադուլի հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։
ԶՊՄԿ ՓԲԸ-ի գործադուլին մասնակցած մի խումբ աշխատակիցների իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը գրում է․ ԶՊՄԿ-ն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, ովքեր հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը, մինչդեռ այդ ամենը կարծես թե դիտմամբ չի համակարգվել և արդյունքում ընկերությունը նշում է, թե գործադուլի պատճառով է վնասներ կրել, այնինչ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար, ստացվում է, որ ԶՊՄԿ-ի հազարավոր աշխատողների խնդիրները բարձրաձայնած, հազարավոր աշխատողների շահերն ու իրավունքները իրենց խաղաղ գործողություններով և/կամ ընդհանրապես՝ ընդամենը լռությամբ ու չաշխատելով գործադուլին միացած Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի նկատմամբ շարունակվում է ոչ միայն անհիմն հետապնդումը, այլ նաև՝ առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում, առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկան»։
Մայիս 27, 2025 at 19:02
