

2025թ․ նոյեմբերին Էկոլուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Երևանը Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծումների խաչմերուկում, ո՞րն է ճիշտ ուղին» թեմայով կլոր սեղան, որի ընթացքում քննարկվեցին Նուբարաշենի աղբավայրի խնդրի կարգավորման, Երևանում թափոնների տեսակավորման, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ խնդիրներ։

Կլոր սեղանը կազմակերպվել էր CEE Bankwatch միջազգային ցանցի համագործակցությամբ իրականացվող «Նոր մարտահրավերներ Երևանի զարգացման համար և դրանց հաղթահարման հնարավորությունները» ծրագրի շրջանակներում։
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Նուբարաշենի աղբավայրի ընդհանուր տարածքը կազմում է 52,3 հեկտար, 1950-ական թվականներից սկսած շահագործվում է տարածքի մոտ 30 հեկտարը։ Օրական Նուբարաշեն է տեղափոխվում միջինում 1000-1200 տոննա աղբ։ Տարիների ընթացքում աղբավայրում մոտ 8 միլիոն տոննա կոշտ կենցաղային թափոն է կուտակվել։ Աղբավայրը չի համպատասխանում սանիտարական աղբավայրի պահանջներին։
Աղբավայրը նախկինում շահագործել է «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ն։ Սակայն ամիսներ առաջ շահագործումը փոխանցվել է համայնքային կազմակերպությանը՝ «Նոր աղբավայր» ՓԲԸ-ին։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետսյանը ներկայացրեց ներկայում աղբավայրում իրականացվող աշխատանքները։ «Վերանորոգվում է աղբավայրի ցանկապատը, վերանորոգվել է նաև պահակակետը, հնարավորություն է ստեղծվել տեսահսկման համակարգով հսկել ամբողջ աղբավայրի տարածքը։ 8 հսկիչի հաստիք է ավելացվել, ովքեր 2 հերթափոխով հսկողություն են իրականացնում տարածքում»,- նշեց նա։

Գորիկ Ավետիսյանի խոսքով՝ համայնքային ենթակայությանն անցնելուց հետո աղբավայրի տարածքում իրականացվում է աղբի տոփանում և հողի շերտով ծածկում։ Տարածքում աշխատում է 8-10 միավոր տեխնիկա։ Տեղադրվել են արգելափակոցներ՝ պատահական մեքենաների մուտքն աղբավայրի տարածք բացառելու համար։ Անցկացվել է լուսավորության համակարգ։ «Աղբավայրի տարածքում այլևս չկան նաև աղբ հավաքողները՝ «չղջիկները»»,- ասաց Գորիկ Ավետիսյանը։
Ըստ նրա՝ նախատեսվում է իրականացնել Նուբարաշենի աղբավայրի փակման, սանիտարական աղբավայրի կառուցման և աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագրեր։
Նուբարաշենի նոր սանիտարական աղբավայրի կառուցման ծրագիրը գնահատվել է 13,366,450 ԱՄՆ դոլար, Նուբարաշենի աղբավայրի փակման ծրագիրը՝ 15,608,548 ԱՄՆ դոլար։
Նուբարաշենի աղբավայրի հետ կապված ծրագրերի իրագործման համար Երևանի քաղաքապետարանը դիմել է Համաշխարհային բանկին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին և Ասիական զարգացման բանկին։ Ըստ Գորիկ Ավետիսյանի՝ ներկայում ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է միայն խորհրդատուի ներգրավման գումարը։ «ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ կազմվել է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի նախապատրաստման նպատակով միջազգային խորհրդատուի ներգրավման տեխնիկական բնութագիր։ Շուտով կլինի մրցույթ։ Խորհրդատուն պետք է մշակի ծրագրի իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ֆինանսական-տնտեսական վերլուծություն, մատչելության վերլուծություն, գնահատի իրականացման կարողությունները»,- ասաց Գորիկ Ավետիսյանը։
Նախնական տվյալներով՝ նոր սանիտարական աղբավայրը նախատեսված է կառուցել Նուբաշենի աղբավայրի կողքին, բայց խորհրդատուն պետք է դիտարկի նաև այլընտրանքային տարբերակներ։ Այս ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ հին աղբավայրի փակում, նոր սանիտարական աղբավայրի կառուցում և Աջափնյակի աղբավայրի կոնսերվացում։ «Աշխատանքների համար նախատեսված է 16 շաբաթ ժամանակ, հաջորդ տարի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն։ Դրանից հետո կհայտարարվի մրցույթ նոր սանիտարական աղբավայրի կառուցման և Նուբարաշենի աղբավայրի փակման համար։ Ընտրված կազմակերպությունը նախագծելու է, կառուցելու է աղբավայրը և ինքն էլ շահագործելու»,- ասաց Գորիկ Ավետիսյանը։
Ըստ նրա՝ միաժամանակ դիտարկվում է Երևան քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցում։ Նախատեսվում է բաց հրապարակային երկփուլային մրցույթ։ Տեխնոլոգիաները կարող են ներառել մեխանիկական-կենսաբանական մշակում, անաէրոբ եղանակով ոչնչացում, թափոններից էներգիայի ստացում և օրգանական մասնաբաժնի կոմպոստացում։ Գործարանը պետք է համապատասխանի ԵՄ արդյունաբերական արտանետումների մասին դիրեկտիվին կամ համարժեք ազգային չափորոշիչներին, միևնույն ժամանակ՝ ազգային բնապահպանական և առողջապահական օրենսդրությանը։
Հիշեցնենք, որ 2016թ․ հաստատվել էր Երևանի նոր աղբավայրի կառուցման ծրագիրը՝ 26 միլիոն եվրո գումարի չափով։ Ծրագիրը ֆինասավորելու էին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը և ԵՄ-ն։
Մինչև 2024թ․ ծրագիրը չի իրականացվել, գումար չի հատկացվել և այն կողմերի համաձայնությամբ փակվել է։
«Այն ծրագրով էլ էր նախատեսվում հին աղբավայրի փակում, Աջափնյակի փակում, նոր սանիտարական աղբավայրի կառուցում, ի՞նչն է տարբերությունը։ Մենք հիմա գումար ենք ծախսում և ուսումնասիրություն անում, տեխնիկական աջակցություն։ Մենք գումար ենք ծախսում, ինչի՞ համար։ Այստեղ խոսք չկա տեսակավորման և վերամշակման մասին»,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի դասախոս, թափոնների կառավարման փորձագետ, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Ի պատասխան՝ Գորիկ Ավետիսյանն ասաց․ «Ընդհանուր ուսումնասիրությունը նաև տեսակավորման հնարավորություններին է վերաբերում։ Ոլորտի համալիր ուսումնասիրություն է իրականացվում։ Ի տարբերություն նախկին ծրագրի՝ այս ծրագրով նոր աղբավայրը պետք է ծառայի նաև Երևանին հարակից՝ Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրերին»։
Ըստ նրա՝ ներկայում Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ 0,5 հեկտար տարածքում քաղաքապետարանն անտառաշերտի ստեղծման ծրագիր է իրականացնում։ «Մոտ 220 միլիոն դրամի շրջանակներում է ծրագիր իրականացվելու, որից 100 միլիոն դրամը տրամադրում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Այս տարի կիրականացվեն ոռոգման համակարգի կառուցման և տարածքի հարթեցման աշխատանքները, իսկ հաջորդ տարի՝ գարնանն արդեն ծառատունկի աշխատանքները կիրականացվեն։ Նախատեսվում է նաև աղբավայրի եզրով որոշ հատվածներում ծառատնկման աշխատանքներ կատարել, որը բուֆերային գոտու դեր կկատարի»,- ասաց նա։
Շարունակելի
Դեկտեմբեր 09, 2025 at 11:22
