ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ` ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ` ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

ԷկոԼուր

«Կլիմայի փոփոխություն, սեփական կարծիք» ծրագրի շրջանակներում մենք շարունակում ենք հրապարակել հարցազրույցների շարքը: Մեր զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն է:

Պարոն Ամիրխանյան, ի՞նչ էկոլոգիական խնդիրներ են Ձեզ ամենից շատ անհանգստացնում:

Գիտեք, իհարկե խոսակցությունը մասնագիտական ինֆորմացիա ունեցող մարդկանց հետ է, որովհետեւ մենք էկոլոգիայի մասին կարող ենք կռահել, կարող ենք դիտարկել` լսելով որոշակի մանրամասներ: Ուղղակի մեր նախազգացումները հանգեցնում են նրան, որ իրոք աշխարհը գտնվում է վտանգված էկոլոգիական վիճակի մեջ: Համաշխարհային գլոբալ պրոբլեմներից մենք հիմա չխոսենք, բայց ինձ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես երազներ ունեցող անձ, անպայման հետաքրքրում է այն ասպարեզը, այն մթնոլորտը, ինչի մեջ մեր երազներն են գումարվում: Մեզ շատ անհանգստացնում է մեր կյանքի այն թափոնը, որը սկսում է խանգարել մեզ: Իսկ ադ թափոնն առաջանում է ոչ միայն արտադրական պրոցեսների հետեւանքով:

Ես խոսք կբարձրացնեի նաեւ մշակութային էկոլոգիայի վերաբերյալ: Ես կյանքը կոչում եմ երկու մարդու միջեւ ընկած տարածություն եւ նա կախված է նրանից, թե մարդն ինչպես է գնում դեպի մի ուրիշ մարդը: Այդ տարածությունը երբեմն վտանգված է մեր ոչ տոլերանտ վարքով: Սա եւս էկոլոգիական խախտման մեջ եմ ես տեսնում: Ես տեսնում եմ մարդկային  համերաշխությունն ընդհանուր, ներդաշնակ գիտակցության մեջ, որովհետեւ մարդն ունի հարգանքի եւ հետաքրքրության դրսեւորում դեպի ուրիշ մարդը: Քանի որ եթե ես գրել եմ երաժշտություն, իմ երաժշտությունն ապրող է, հարստացող է մի ուրիշ մարդու միջոցով: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կարեւոր գործ կամ յուրաքանչյուր մարդ ապրում է ոչ թե կոնկրետ հասցեի մեջ, այլ մեկ ուրիշ մարդու հոգու մեջ, սրտի մեջ: Այստեղ էկոլոգիապես մենք մաքուր ենք, բայց  այն, ինչ վերաբերվում է մեր բնությանը, անշուշտ վտանգված ենք տեսնում մենք: Չափից շատ ենք լսում` օդը մաքուր չէ, ջուրը վտանգված է: Ինձ առաջարկել են ֆիլմի երաժշտություն գրել, որը շոշափում էր հանրապետության էկոլոգիական հարցերը` հողի, ջրի, օդի հետ կապված: Երբ ես դիտեցի ֆիլմը եւ պետք է նրա համար երաժշտություն գրեի, կատակով ասեմ եւ լրջորեն, ես ցանկություն չունեի ապրելու, որովհետեւ տեսա այն աղտոտությունները, ինչի մեջ ենք մենք շարժվում:

Մարդը ծնված է մաքուր զգացումների համար, մաքուր ասպարեզի մեջ ապրելու համար,  մի ուրիշ մարդու մոտ գնալու ճանապարհին ապրելու եւ իր հուզումներն ու ոգեւորությունները չկորցնելու համար, բայց, արի ու տես, էկոլոգիական վտանգը բերել, կանգնեցրել է մեզ կատաստրոֆիկ եզրակացությունների առջեւ:

Իսկ Հայաստանում կա՞ն էկոլոգիական խնդիրներ, որոնք Ձեզ ամենից շատ են մտահոգում:

Ինձ մտահոգում է առհասարակ մեր վարքը մեր երկրի հանդեպ: Ես կարծում եմ, որ շատ-շատ հարցերում մենք գնում ենք իներցիոն ճանապարհով: Մենք, կարծես թե, մեկս մյուսի հանդեպ մի քիչ անփույթ ենք եւ պատասխանատվություն չենք կրում եւ  հեշտությամբ կարող ենք ինչ-որ բան դեն նետել` առանց հաշվի առնելու, թե սա ում խանգարեց, եւ սրանով ինչ աղտոտեցինք: Ես երազում եմ, թե երբ է գալու այն պահը, երբ մենք սկսենք մաքրել ոչ միայն մեր տները: Երբ մենք մտնում ենք մուտքի մեջ, այնտեղ  աղտոտություններ են, բայց դուռը բացիր, մտիր հարեւանի տունը, տան ներսում ամեն ինչ մաքուր է:  Ե՞րբ պիտի նա դուրս գա, որպեսզի իր երկիրը զգա որպես իր տան շարունակությունը: Մենք ապրում ենք առանց մանրամասների, չափազանց աղտոտված մթնոլորտի մեջ, գերհագեցված ձայներով, զայրութով, աղտոտություններով, եւ այսքանի մեջ կա հայրենի հողն ու իր իրականությունը չսիրելու իրողություն: Ես չեմ կարծում, որ միտումնավոր է սա, բայց ուղղակի այդպես է ստացվում, իսկ անհոգ ապրելը մշտապես պատժվում է:

Կարո՞ղ ենք ասել, որ աշխարհում շատ երկրներ են նույն կերպ վարվում բնության հետ:

Բոլոր երկրներում նույն խնդիրներն են: Ոչ մի տեղ չկա իդեալական մթնոլորտ: Ուղղակի խնդիրը նրանում է, որ երբեմն որոշ տեղերում ավելի մաքուր է, քան մյուս տեղերում, բայց աղտոտությունները միշտ էլ կան:

Մարդն իրավունք չունի մենակ զգալ իրեն բնության մեջ: Երբ նա մենակ է զգում, իր բիզնեսի համար պետք է, որպեսզի նա թափոնները լցնի գետի մեջ, ձկների հետ ինչ տեղի ունեցավ, իրեն չի հետաքրքրում, մի ուրիշ մարդու ինչքան վնաս տվեց, նույնպես իրեն չի հետաքրքրում: Այս հարցը մարդկության ամենախոցելի տեղն է: Այստեղ կա պետական խնդիր, որ անպայման կարողանա պատասխանատվության եւ  ինքնամաքրման սիստեմներ գոյացնել: Չկա անհուսալի կացություն, կա իդեայի բացակայություն, իդեան պետք է որ բարձրացվի անպայմանորեն, եւ սա պետական խնդիր է, սա մասնավորի խնդիրը չէ:

Կլիմայի փոփոխության մասին խոսում են քաղաքական գործիչները, գիտնականները, կանխագուշակում են աղետներ: Արդյոք այդ փոփոխությունները նկատելի՞ են:


Վերջին շրջանի գլոբալ տաքացումների հիմքում ոչ թե Սառուցյալ օվկիանոսի սառույցների հալչելու խնդիրն է, այլ  գերձայնային արագությամբ բարձր թռչող օդանավերի վառելիքի հարցը, որոնց արտանետումները հատուկ ռեակցիաներ են ստեղծում բնության մեջ` ապականելով օդը եւ առաջ բերելով որոշակի ջերմակլիմայական փոփոխություններ: Այս մասին ահազանգում են կանադացի գիտնականները:

Մենք զգում ենք փոփոխությունները, ինչ-որ բան այն չէ: Մարդը պատժվում է, որովհետեւ բնությունից հեռացել է: Եթե նա, լինելով բնության զավակը, ինքը բնության հանդեպ փաղաքուշ վերաբերվեր, այդքան վտանգված կացության մեջ չէր լինի: Այն ամենը, ինչ որ մարդկությունը իրեն ոչնչացնելու համար, իրեն վտանգված վիճակի մեջ դնելու համար կարող էր անել, արել է:

Բնությունը եւ շրջակա միջավայրը ոգեշնչու՞մ են Ձեզ Ձեր ստեղծագործական աշխատանքում:

Իրական ստեղծագործությունը ծնվում է առանց որեւէ պայմանի: Մենք կարող ենք էկոլոգիապես շատ վատ կացության մեջ նստել եւ գրել էկոլոգիապես մաքուր երաժշտություն: Բայց, անշուշտ, բնությունը մեզ կանչում է դեպի այն առեղծվածը, որը հենց ինքը բնությունն է: Պրոբլեմ եւ տրագեդիա բնության մեջ չկա: Բնության մեջ կա շարժ իր տարածության մեջ: Մարդկությունը մտել է բնության մեջ եւ իր վարքով վտանգում է բնությունը: Եթե մարդկությունը պասիվանա բնության հարցում, բնությունը կինքնամաքրվի:

Բնությունն օգնում է մարդուն ստեղծագործելու, եթե մարդը այդ բնության շարունակությունն է իրեն զգում, բայց միշտ չէ, որ մարդը զգում է  իրեն բնության շարունակություն: Ես բնության շարունակությունն եմ եւ գնում եմ դեպի բնություն: Մենք ձայնային գերհագեցած մթնոլորտում ենք գտնվում: Իսկ բնության մեջ մենք գտնվում ենք այդ վտանգից դուրս: Մարդը պետք է ձգտի լինել բնության մեջ ոչ թե էգոիստաբար, իր ստեղծագործությունը գտնելու համար, այլ որպեսզի իր պաշտպանը գտնի բնության մեջ, եւ բնությունն էլ է պաշտպանի կարիք զգում, որը մարդն է:    

Ինչպե՞ս կարող են արվեստն ու մշակույթն իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանման գործում:

Ահազանգով միայն: Մշակույթն ամենագործնական ձեւն է մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Բարձր մշակույթը մարդուն կանչում է դեպի էկոլոգիապես մաքուր հարաբերություններ: Բարձր մշակույթը մարդուն առաջարկում է ազնվագույն հարաբերությունների դաշտ, որը կառուցված է հիացման վրա: Իսկ հիանալ կարելի է, երբ բոլոր պայմանները գտնվում են ազնվագույն վիճակի մեջ: Բարձր մշակույթը մշտապես մարդուն կանչում է դեպի էկոլոգիապես մաքուր հարաբերությունների շրջանակ: Ահա թե ինչպես կարող է` հետեւել բարձր մշակույթին, այլ ոչ թե գնալ սպառման եւ հաճույքները բավարարելու ճանապարհով:

Որքանո՞վ եք Դուք անձամբ պատրաստ փոխելու Ձեր կենսակերպը, որպեսզի պահպանեք բնությունը:

Երբ ես գիտակցեմ, որ ես սխալ եմ ապրում, ես պատրաստ եմ ինձ վերափոխել, իհարկե, բայց սա վերաբերվում է յուրաքանչյուր մարդու: Մեծերս մի քիչ ավելի ենք ցավում մեր կյանքի մաքրության հարցերի համար: Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդներին, ապա բավական է դիպչես նրա հոգուն, անպայման նա պատրաստ է գնալ այդ ազնիվի, երազների, բարձր ձգտումների եւ գաղափարների ձեւավորման ճանապարհով: 

Հունվար 19, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր