ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՄԱՁԱՅՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՄԱՁԱՅՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԷկոԼուր

Հայաստանի Օրհուս կենտրոների ցանցը Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին ուղղված բաց նամակով է հանդես եկել: 14 Օրհուս կենտրոնների համակարգողների ստորագրությամբ նամակում խորը անհանգստություն է հայտնվում հասարակայնության իրավունքների, որոշումների ընդունման գործընթացների ժողովրդավարական սկզբունքների, հասարակայնության կողմից պետական չինովնիկներին քննադատելու առնչությամբ դեկանի դիրքորոշման նկատմամբ:

Նշենք, որ սույն թվականի հունվարի 12-ին Գագիկ Ղազինյանը դիմել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարին` դեսպան Սերգեյ Կապինոսին ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ 2008թ. իրավաբանական ֆակուլտետին առընթեր ստեղծված Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի գործունեության վերաբերյալ նամակով: Հատուկ ուշադրություն է գրավում Գ. Ղազինյանի հետեւյալ հայտարարությունը. «…Կենտրոնը չի կարող հասարակական կազմակերպության դեր ստանձնել, եւ որպես հետեւանք, պետական իշխանությանը վարկաբեկող քաղաքական հայտարարություններ անել եւ նման տիպի պատվերներ կատարել…», «..Կոնֆլիկտի զարգացումը բերեց նրան, որ Էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը, ով միաժամանակ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողն է, Օրհուս կենտրոնների հետ հանդիպման այլեւս չհրավիրվեց…», «…Կենտրոնի գործունեության դրական գնահատականը փոխվեց Մարդու էկոլոգիական իրավունքների իրականացման մասին զեկույցի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ անհամաձայնության հետեւանքով…»:

Այս եւ այլ հայտարարություններ բացասական ռեակցիա են առաջացրել Օրհուս կենտրոններում, մասնավորապես. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ս.Կապինոսին ուղղված Ձեր նամակում նշում եք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Կենտրոնի աշխատակիցների միջանձնային հարաբերությունների վատացման արդյունքում խաթարվել է գիտաուսումնական կենտրոնի և Օրհուս կենտրոնների միջև սովորական աշխատանքային ռիթմն ու փոխհարաբերությունները: Հայաստանում գործող Օրհուս կենտրոնները տեղեկացնում են, որ նման աշխատանքային ռիթմ ու գործնական փոխհարաբերություններ ի սկզբանե ո´չ ձևավորվել է, ո´չ գոյություն ունեցել, և ո´չ էլ, առավել ևս, խաթարվել է: Օրհուս կենտրոնների կողմից եղել են փորձեր ձևավորել նման փոխհարաբերություններ, ստանալ իրավաբանական խորհրդատվություն տեղական բնապահպանական հիմնախնդիրների լուծման իրավական ուղիների վերաբերյալ, բայց բոլոր դեպքերում այդ փորձերը ձախողվել են, քանի որ գիտաուսումնական կենտրոնի կողմից չի եղել գործնական մոտեցում և մասնագիտական բավարար հետաքրքրվածություն մեր բարձրացրած հարցերին: Ավելին, Օրհուս կենտրոններին և քաղաքացիական հասարակության կառույցներին իրավաբանական խորհրդատվությամբ ապահովելու համար ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստիպված է եղել ծախսել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

… Երևանի Օրհուս կենտրոնում անցկացված մի քննարկման ժամանակ, որին, ի դեպ,մասնակցել է նաև տիկին Իսկոյանը, Հասարակական բնապահպանական կազմակերպությունների Դաշինքը, որը միավորում է Հայաստանում գործող ավելի քան 50 ՀԿ-ներ, դիմել է դեսպան Ս.Կապինոսին իրավաբանական աջակցության խնդրանքով: Դեսպանի հատուկ ֆոնդից լրացուցիչ գումար է հատկացվել քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում աշխատանքի մեջ է ներգրավվել երկու իրավաբան: Սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրված հուշագրում հստակ նշված է, որ գիտաուսումնական կենտրոնը այլ գործառույթներին զուգահեռ պետք է աջակցի էկոլոգիական իրավունքի կիրառմանը ազգային և տեղական մակարդակներում:

Նամակում Դուք նշում եք նաև, որ, ելնելով իր կարգավիճակից և հուշագրով ստանձնած պարտավորություններից, գիտաուսումնական կենտրոնը չի կարող հանդես գալ որպես հասարակական կազմակերպություն, սակայն Ձեր այս պնդման կապը խնդրո առարկայի հետ անհասկանալի է: Այս կապակցությամբ, թերևս, ճիշտ կլիներ հիշատակել, որ Կենտրոնը չի իրականացրել հուշագրով ստանձնած իր  կարևորագույն պարտավորությունը, այն է` չի աջակցել Օրհուս կենտրոններին և ՀԿ-ներին հասարակայնության էկոլոգիական իրավունքների ու շահերի պաշտպանության հարցերում: …

Իսկ Օրհուս կենտրոնների հերթական հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալը, Ա.Իսկոյանի հայտարարությունը, որ «Օրհուս կենտրոնները, ինչպես հասարակական կազմակերպությունները, գործում են պետության դեմ», թողնում ենք առանց մեկնաբանությունների, միայն նշելով, որ նա նույնպես հանդիսանում է ՀԿ-ի ղեկավար և «կանաչ ժողավրդավարության» մասին Կոնվենցիայի ազգային համակարգողը»:

Երկու նամակներն էլ տարածվել են Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցով: «Էկոլուր»-ը միանում է Օրհուս կենտրոնների բաց նամակին:

Հունվար 26, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր