ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ՍՏՈՒԳԵԼ «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ» ՓԲԸ-Ն

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ՍՏՈՒԳԵԼ «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ» ՓԲԸ-Ն

ԷկոԼուր

2010թ. մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ տեղակալ Արսեն Պետրոսյանի ձերբակալությունը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից կաշառք վերցնելու հաար:

Ըստ մեղադրական եզրակացության` 5 միլիոն դրամ կաշառքը տեսուչները պահանջել էին ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները ոչ ամբողջությամբ արձանագրելու համար, այսինքն` պետական բյուջե ավելի քիչ գումար վճարելու համար, ինչպես նաեւ ընկերության` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:

 «ԷկոԼուր»-ը սույն թվականի փետրվարի 7-ին հարցում ուղարկեց ՀՀ բնապահպանության նախարարություն` խնդրելով տեղեկացնել, թե`

•    բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության ո՞ր պահանջներն էր խախտել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն

•    այդ դեպքից հետո նոր ստուգումներ անցկացվե՞լ են կոմբինատում, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

•    որքա՞ն տուգանք է սահմանվել խախտումների համար եւ որքա՞ն գումար է մուտք գործել պետական բյուջե

•    Բնապահպանության նախարարությունը երկարաձգե՞լ է  Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը: 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում (նամակ թիվ 5/23/50285, 14.02.2011թ.) գրված է. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2009 թվականին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում կատարաված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջների խախտումներ: Արձանագրված խախտումների համար ընկերության գլխավոր տնօրեն Վ. Գլադչենկոն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 61 եւ 63³ հոդվածներով ենթարկվել է հարյուր հիսուն հազար դրամ գումարով վարչական տուգանքի եւ համաձայն 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N1110-Ն որոշման, Ընկերության վրա հաշվարկվել է 10141,6 հազար դրամ գումարի վնաս: Նշված գումարները մուծվել են ՀՀ պետական բյուջե: Ընկերությանը նախարարության կողմից 2009 թվականին 03.08.09-03.08.12թթ. ժամանակահատվածի համար տրվել է ջրօգտագործման եւ ջրհեռացման թույլտվություն` արտադրական ջրերի շրջանառու համակարգով:

Միաժամանակ հայտնում եմ, որ 2009թվականին կատարած ստուգումից հետո առ այսօր «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում բնապահպանության նախարարության կողմից ստուգումներ չեն իրականացվել»:

Փետրվար 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր