ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Tert.am

«Էկոլոգիական խնդիրները պետք է դրվեն նաև տնտեսական դաշտում»,- «Սարդարապատ» քաղաքական նախաձեռնության կազմակերպած բնապահպանական քննարկմանն ասաց Ալեն Ալիխանյանը (հանքարդյունաբերության ոլորտի մասնագետ)` հիմնավորելով, որ եթե բարձրացվում է էկոլոգիական խնդիր, հասարակությունը պետք է իմանա, որ ունի տնտեսական այլընտրանք: Ցանկացած էկոլոգիական խնդիր քննարկելիս, ըստ նրա, պետք է էկոլոգիական հեռահար ծրագրի համատեքստում դիտարկել դրա հնարավոր օգուտներն ու վնասները:

Քննարկման ընթացքում առաջարկվեց ներկայացնել «հանուն բնապահպանության գործելու պատրաստ ներուժը» և այդ ներուժով կազմել գործունեության ուրվագիծը:

Բանախոսները նշեցին, որ կա անհրաժեշտություն մշակելու մի նոր հայեցակարգ` առարկայական առաջարկներով և ուսումնասիրություններով, որը պետք է ներկայացնի պետական և հասարակական ներգրավվածության չափը:

«Այսօր Հայաստանում կան գաղափարակիրներ և ցինիկներ, չկա բնապահպանական ընդհանուր գաղափարախոսություն»,- նշեց Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Ըստ նրա` այս ոլորտի խնդիրները ակնհայտ կարող են երևալ, երբ հնարավոր լինի հասկանալ, թե կոնկրետ ինչի հետ գործ ունենք։ Դրանից կբխի խնդրի լուծումը, կձևավորվեն տարբերակներ և գործը առաջ կգնա:

Ըստ նրա` քննարկման դրվող խնդիրները չեն դիտարկվում մեկ ամբողջական համակարգի մեջ: «Եվ ամբողջական համակարգն է սխալ, և առանձին ոլորտների համակարգերը, և երբ փորձ է արվում դրանց խնդիրները առանձին լուծել, դա շատ մեծ ուժ է պահանջում և կարող է տալ ոչ մեծ արդյունքներ»,- նշեց նա:

Քննարկման մասնակիցները եկան այն եզրահանգման, որ Հայաստանում կառավարման մոդելը «մտավոր սկզբունքների հետ ոչ մի կապ չունի», և «համակարգը մտքի օգնությամբ մշակված սկզբունքներ չի կրում»:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԻ ԿՈՂՔԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԸ»
Panorama.am


Մարտի 29-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի բնապահպանության հանձնաժողովի նիստը։ Նիստի հիմնական թեման «Բնապահպանական հայեցակարգի մշակման արդյունավետ մեխանիզմներն» էին: Բանախոսների փոխանցմամբ, ոլորտի կարգավորման և խնդիրների լուծման ուղղված բազմաթիվ ծրագրեր կան, որոնք իրականում ավելի շատ վերացական են, քան գործնական, չկան առարկայական քայլեր և արդյունքներ:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գոհար Ղազինյանը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց միջազգային կոնվենցիաների կատարման խնդրին:

«Հայաստանի կողմից վավերացվել է շուրջ 16 միջազգային բնապահպանական կոնվենցիա, որոնց նպատակն է գործող օրենսդրությունը բարձրացնել միջազգային ստանդարտների մակարդակին: Իրականում կոնվենցիան վավերացվում է, սակայն արդյունքները տեսանելի չեն»,- նշեց Գոհար Ղազինյանը:

Նրա կարծիքով, բնապահպանական խնդիրները պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին ոլորտի խնդիրներ , այլ` մյուս ոլորտերների խնդիրների հետ համատեղ, քանի որ այսօր , օրինակ , տուրիզմի զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը աղտոտված միջավայրն է:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի կարծիքով, բնապահպանական հայեցակարգ մշակելիս պետք է հաշվի առնել մոնիտորինգային տվյալների ճշգրիտ և բազմակողմանի վերլուծությունը, ինչպես նաև փաստացի տվյալների օգտագործումը այս կամ այն որոշումը կայացնելիս:

«Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը ոլորտի լուրջ խնդիր համարեց հասարակության պասիվությունը և իրազեկվածության ցածր մակարդակը:

«Կա մի ցավալի փաստ, որ հասարակությունը այս կամ այն մեծածավալ որոշման մասին կամ շատ ուշ է իմանում, կամ թերի է տեղեկացվում: Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը շատ փակ են, թեև նրանք միշտ պնդում են , որ նախապես արվում է ամեն ինչ հասարակությանը իրազեկելու համար: Օրինակ, Ասիական զարգացման բանկի Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության մասին հասարակությունը բացարձակ տեղյակ չէ: Նրանք չգիտեն , թե ի՞նչ տնտեսական և մասնավորապես բնապահպանական հետևանքներ կունենա ճանապարհի շինարարությունը»,- նշեց Սիլվա Ադամյանը:

«Դեպի ու՞ր Երևան»-ը ծրագրի տնօրեն, քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանի համոզմամբ, այսօրվա դրությամբ էկոլոգիական խնդիրները պետք է դիտարկել տնտեսականին զուգահեռ:

«Էկոլոգիական հարցերին լուծում տալու ժամանակ, պետք է ունենանք նաև տնտեսական այլընտրանքային միջոցներ : Դրանց օգնությամբ հնարավոր կլինի պաշտպանել տնտեսական շահերը ՝ չանտեսելով էկոլոգիական խնդիրները: Տնտեսական շահի կողքին պետք է հաշվի առնել նաև այն էկոլոգիական աղետը և վնասը , որը կարող է առաջանալ տնտեսական շահն ապահովելու ճանապարհին»,- ընդգծեց քաղաքաշինարարը:

Մարտ 30, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր