

ԷկոԼուր
Ռիո-20 գագաթաժողովի նախօրեին ՀՀ կառավարությունում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ կայուն զարգացման գծով հանրային խորհրդի ընդլայնված նիստը: Նիստը վարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դեռ Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը 187 երկրների ցանկում, ինչը վարչապետը գնահատեց որպես հաջողություն: Բայց տեսնենք` իսկապես մենք կարո՞ղ ենք փաստել այդ հաջողությունը: Հայաստանի զեկույցի առաջին կողմնորոշումը պատրաստվել է ՄԱԿ-ի հարցաշարի հիման վրա:
Հարցաշարը չի պատասխանում հիմնական նպատակին, այն է` որոշել, թե արդյոք երկիրը գնում է կայուն զարգացման ճանապարհով, թե գնում է հակառակ` շրջակա միջավայրի ոչնչացման ուղղությամբ: Այսպես, օրինակ, առաջին 7 հարցերին կարելի է դրական պատասխանել, քանի որ, իսկապես, Հայաստանն ունի համապատասխան ինստիտուտներ եւ կայուն զարգացման վերաբերյալ ծրագրեր: Միացել է միջազգային բնապահպանական կոնվենցիաներին: Նույնիսկ կան առանձին ձեռնարկություններ, որոնք ստեղծվել են Կիոտոյի արձանագրության մեջ ամրագրված մաքուր զարգացման մեխանիզմներին համապատասխան: Անցկացվում են կանաչ տնտեսությանը նվիրված գիտաժողովներ, որոնց մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, եւ որտեղ նրանք ունենում են ծրագրային ելույթներ, ինչը վկայում է կանաչ տնտեսության զարգացման նկատմամբ հետաքրքրվածության մասին: Ավելին, տուրիզմի զարգացումը հռչակվել է որպես երկրի զարգացման առաջնահերթություններից մեկը, եւ, որպես ցուցանիշ, օգտագործվում են զարգացած ենթակառուցվածքները զբոսաշրջիկների համար գրավիչ գոտիներում հյուրանոցների եւ զվարճանքի համալիրների կառուցման հաշվին:
Իրականում, Հայաստանում ոչնչացվում են բնակավայրերը: Կայուն զարգացման ուղղություն հայտարարված վերջին բոլոր տարիների ընթացքում իշխանությունները` կառավարությունը եւ խորհրդարանը, ընդունեցին տասնյակ հակաէկոլոգիական որոշումներ եւ օրենքներ, ինչպիսին են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, ՀՀ կառավարության բազմաթիվ որոշումները հողերի կատեգորյաները արդյունաբերական կատեգորիայի փոխելու կամ այդ նույն հյուրանոցների կառուցման մասին: Այդ հողերը կարելի է կորած համարել, քանի որ ոչ ոք չի կարող դրանք օգտագործել: Հողերը կամ մնում են կառույցների տակ, կամ միլիոնաավոր տոննաների հասնող լցակույտերի տակ: Ջերմուկ զբոսաշրջային, առողջարանային գոտու հարեւանությամբ մտադիր են բաց եղանակով շահագորել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ինչպե՞ս կարող է Ջերմուկը պահպանել իր բրենդն այդ պայմաններում, եւ ո՞վ կգա եւ կբուժվի հանքավայրի կողքին, հասկանալի չէ: Մյուս առողջարանային գոտին` Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավանը, նույնպես վերածվում է հանքավայրի եւ լցակույտերի Հրազդանի երկաթահանքի, Մեղրաձորի ոսկու հանքավայրի, Հանքավանի մոլիբդենի հանքավայրի շահագործման նախագծերի շնորհիվ:
Հարավային Կովկասի ռազմավարական պաշար, 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի ծավալով Սեւանա լիճն աղտոտվում է արտադրական ձեռնարկությունների թափոններով: «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ լճի ջրահավաք ավազանում աշխատում են ոսկի արդյունահանող «GeoProMining» ընկերության եւ քրոմ պարունակող հումք արդյունահանող «Գեգամետ պլյուս» ընկերության արտադրամասերը: Նույնիսկ Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի եւ իրավասու մարմնի բացասական արձագանքի առկայության պայմաններում ընկերությունները ոչ միայն աշխատում են, այլ նաեւ տեսչական ստուգումների չեն ենթարկվում, ինչը վկայում է մի քանի տարի շարունակ այդ ընկերությունների նկատմամբ Բնապահպանության նախարարության անգործության մասին:
Անտառային սեկտորը լիարժեքորեն չի ֆինանսավորվում, եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություն համարվող Հայանտառը ստիպված է միջոցներ հայթայթել անտառի վաճառքի հաշվին, որի վիճակը նույնիսկ Համաշխարհային բանկի փորձագետներն են գնահատում շատ վատ եւ պաշտոնական տվյալներին չհամապատասխանող: Արդյունքում անտառը, որի գործառույթները Հայաստանի համար սահմանված էին որպես պաշտպանական, հատվում է կոմերցիոն նպատակներով, իսկ վերահսկողության բացակայության պայմաններում իրական անօրինական հատումների ծավալը գերազանցում է պաշտոնական ցուցանիշները 80-100 անգամ:
Բնապահպանական օրենսդրության խախտման համար ոչ ոք պատասխան չի տալիս, եւ պատիժները ձեւական բնույթ են կրում: Այսպես, շրջակա միջավայրը ամենից շատ ոչնչացնող գործողություններից մեկը` թափոնատար խողովակի պարունակության արտահոսքը գետի մեջ, տուգանվում է 300-1000 դոլլարի չափով, իսկ հանքարդյունաբերության արտադրական թափոնների տոքսիկությունը հավասար է 0-ի:
Նախագծերի վերաբերյալ հասարակական լսումները ձեւական բնույթ են կրում, արդյունքում հսկայական ռիսկեր պարունակող գործունեությունը քննարկվում է անկախ փորձագետների բացակայության պայմաններում: Փորձագիտական դրական եզրակացությունը տրվում է նախագծերի, որտեղ բացակայում է ՇՄԱԳ-ը (օրինակ` փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծեր, ընդերքի շահագործման նախագծեր): Դա հնարավոր դարձավ, քանի որ չի ընդունվել էկոլոգիական փորձաքննության անցկացման արարողակարգը, իսկ շրջակա միջավայրի համար վնասների գնահատականը բացակայում է:
Եւ վերջապես, աղքատություն: Կառավարությունը եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը հայտարարեցին ծրագրի հաջող ավարտի մասին, որը պետք է նպաստեր գյուղական համայնքերում աղքատության նվազեցմանը: Բայց բոլորը, այդ թվում եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչությունը փաստում են աղքատ բնակչության եւ աղքատացած մարդկանց աճի մասին, ընդ որում հարուստ մարդկանց եկամտի մակարդակը չի ֆիքսվում, քանի որ իրական եկամուտները հայտնի չեն եւ որեւէ տեղ նշված չեն: Այսինքն, շարունակվում է հասարակության բեւեռացումը, եւ, հետեւաբար, սոցիալական լարվածությունն աճում է: Հանքարդյունաբերական բիզնեսի նպատակով տեղահանվում են ամբողջ գյուղեր առանց որեւէ բացատրության, օրինակ, Քաջարան գյուղը, որի հողերը տրվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանքավայրի շահագործման համար: Այս պայմաններում ինչ կայուն զարգացման մասին կարող է խոսք լինել:
Այս հարցերը բնորոշ են ոչ միայն Հայաստանի համար, այլեւ անցումային շրջանի այլ երկրների համար եւս: Մենք կարծում ենք` Հայաստանի զեկույցի նախագիծը պետք է մատչելի լինի լայն հասարակության քննարկման համար եւ տեղադրվի կառավարության կայքում:
Մենք կարծում ենք, որը կայքում նախագծի տեղադրվելուց հետո ընդունելի ժամկետներում հարկավոր է անցկացնել նախագծի հասարակական լսումներ եւ մտցնել հասարակության կողմից արված ուղղումներ եւ առաջարկություններ:
Նշենք, որ մինչ հանրային խորհուրդն անցկացնում էր նիստը, կառավարության շենքի մոտ տեղի էր ունենում ակցիա` ի պաշտպանություն Քաջարան գյուղի, որը հանդես է գալիս ՀՀ կառավարության 627-Ն որոշման դեմ: Որոշման պատճառով գյուղի բնակիչները հայտնվել են ստիպողաբար տեղահանման վտանգի տակ:
Լուսանկարը` Tert.am կայքի
Դեկտեմբեր 19, 2011 at 12:26
