

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Բնապահպանության նախարարությունը մտադիր է վերափոխել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հօգուտ ձեռնարկատերերի:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ աղբյուրի` Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը:
Քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները և արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ սույն օրենքի առնչությամբ շահերի բախում է նկատվել: Նրա խոսքով` ազդակներ են ստացվել մասնավոր հատվածից և բիզնեսի ներկայացուցիչներից, ովքեր գտնում են, որ այս օրենքով ոտնահարվում են իրենց շահերը և միակողմանի նախապատվություն է տրվում բնապահպանական խնդիրներին:
Հուլիս 30, 2013 at 15:33
