Այսուհետ ոչ թե Մաշտոցի, այլ Մանուշյանի պուրակ. քաղաքացիներին բերման են ենթարկել (Լրացված)

Այսուհետ ոչ թե Մաշտոցի, այլ Մանուշյանի պուրակ. քաղաքացիներին բերման են ենթարկել (Լրացված)

ԷկոԼուր 

Չնայած Մաշտոցի պուրակի պաշտպանների բողոքի ակցիային, Մաշտոցի պուրակն այսուհետ կկրի բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունը: Անվանակոչման արարողությունը տեղի  ունեցավ մայիսի 13-ին՝ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում:

Անվանափոխության միջոցառումից րոպեներ առաջ իրենց խաղաղ ցույցն իրականացնող ակտիվիստներին բռնի ուժով հեռացրել են պուրակից: Բերման են ենթարկվել ակցիայի մասնակիցներ Գևորգ Սաֆարյանը, Անի Խաչատրյանը, Աննա Շահնազարյանը, Արսեն Օհանյանը, Միքայել Էլիզբարյանը, Դվին Իսանյանը և Ռոլանդ Թմոյանը: 

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի անվանակոչման որոշումը կայացվել է Երեւանի ավագանու նիստի ժամանակ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Միսաք Մանուշյանի անվամբ մեկ այլ վայր անվանակոչել եւ հանգիստ թողնել Մաշտոցի պուրակը, որը դարձել է ակտիվիստների պայքարի խորհրդանիշը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը  բաց նամակ է հրապարակել` ուղղված Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նամակում ասված էր. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:

Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:

Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։

Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից»:

Ինչպես հաղորդում է Նախախորհրդարանը, բերման ենթարկված քաղաքացիներից 6-ն արդեն ազատ են արձակվել: Դեռեւս ոստիկանությունում է Գևորգ Սաֆարյանը: Աղբյուրի համաձայն` նրա նկատմամբ փորձում են քրեական հետապնդում հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Մեկ այլ հաղորդագրությամբ Նախախորհրդարանը տեղեկացնում է. «Ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է վերջինիս առողջական վիճակը և կանչվել է շտապ բուժօգնություն: Նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, այդ վիճակում պահել են շուրջ 5 ժամ, որից հետո Գևորգի վիճակը կրկին վատացել է և հիմա կանչվել է երկրորդ շտապ բուժօգնությունը»:

Լուսանկարը` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության

Մայիս 13, 2014 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր