Արդյո՞ք նոր կարգով նախագծերի վերաբերյալ բնակիչների բացասական կարծիքը հաշվի կառնվի

Արդյո՞ք նոր կարգով նախագծերի վերաբերյալ բնակիչների բացասական կարծիքը հաշվի կառնվի

ԷկոԼուր

Օգոստոսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխող «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Համաձայն վերոնշյալ կարգի՝ լսումները իրականացվելու են 4 փուլով:  

«Առաջին փուլի ժամանակ ձեռնարկողը, ով մտադիր է իրականացնել որևէ գործունեություն, պարտավոր է այդ մտադրության մասին տեղյակ պահել այն ազդակիր համայնքին, որի վարչական սահմաններում նախատեսվում է իրականացնել տվյալ գործունեությունը: Իսկ իրազեկումից յոթ օր հետո իրականացվում են լսումները: Երկրորդ փուլի ժամանակ տեխնիկական առաջադրանքի հիման վրա նա իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացը (ՇՄԱԳ): Նա նորից պարտավոր է իրականացնել լսումներ: Հանրության կարծիքը և արձանագրությունը պետք է ներառվեն ՇՄԱԳ հաշվետվության կազմում: Երրորդ փուլում, երբ ՇՄԱԳ-ը արդեն ներկայացվում է փորձաքննության, փորձաքննության գործընթացի հետ համատեղ նորից անցկացվում են լսումներ: Վերջին չորրորդ փուլում, երբ բոլոր կարծիքները հավաքվում են և կազմվում է փորձաքննական եզրակացության նախագիծ, նորից կատարվում է ծանուցում և լսումներ արդեն պատրաստի փաթեթի վերաբերյալ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ, աշխատանքային խմբի անդամ   Ազգանուշ   Դռնոյանը:

ԷկոԼուրի հարցին, թե տվյալ կարգի համաձայն առաջնահերթությունը ինչին է տրվելու, Ա. Դռնոյանը պատասխանեց. «Եթե հանրության կարծիքը հիմնավորված է, պարտադիր պետք է հաշվի առնվի: Առաջնահերթություն տրվելու է և՛ մասնագետների կարծիքին, և՛ բնակիչների»:

Քննարկման մասնակիցները փաստաթղթի վերաբերյալ բարձրացրեցին բազմաթիվ հարցեր, որոնք բաց էին թողնված:

Օրինակ, լսումները անցկացնում են տարբեր մարմիններ և հստակ չի երևում, թե ինչպես է որոշվելու՝ համայքնը դրական, թե բացասական կարծիք ունի: «Կազմակերպիչները տեսանկարահանում և ձայնագրում են, կցում են հայտի հետ և բերում լիազորված մարմին: Այնուհետև փորձաքննության փուլում մասնագետները կորոշեն, ովքեր ինչ են խոսել և ինչ հիմնավորումներ են ներկայացրել», - բացատրեց Ա. Դռնոյանը:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF)՝ ազգային համակարգող Արման Վերմիշյանը առաջարկեց բոլոր տեսաձայնագրված նյութերը և արձանագրությունները արխիվացնել. «Պետք   է արխիվացումը անել պարտադիր էլեկտրոնային տարբերակով, հետագայում կարող են լինել դեպքեր,  որ կարիք կլինի այդ նյութերը հանել և նորից դիտարկել»:  

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանի հարցին, թե ինչպես է ընտրվելու ազդակիր համայնքը, և ով է ընտրելու, Դռնոյանը նշեց, որ փաստաթղթում դա նշված չէ․ «Ես լրամշակելուց մտադիր եմ գրել, որ ազդակիր համայնքը որոշելու է լիազոր մարմինը»: 

Այստեղից առաջացավ այլ հարց. ինչպե՞ս պետք է որոշվի առաջին փուլում, երբ լիազոր մարմինը տեղյակ չէ: Աշխատանքային խմբի անդամը մեջբերեց փաստաթղթի 15–րդ կետը՝ հանրային ծանուցման և քննարկումների   կազմակերպումն ապահովում է այն համայնքի ղեկավարը,  որի վարչական սահմանում նախատեսվում է գործունեությունը,  իսկ ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում՝   ապահովում   է   նաև   ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:  Նա նաև նշեց, որ լրամշակելիս կավելացնի, որ լիազոր մարմինը ևս որոշելու է, որոնք են ազդակիր համայքները:

Նազելի Վարդանյանը նշեց, որ 15-րդ կետը հակասում է 3-րդ կետին:  «Չի երևում,  այն մարդը,  ով գործունեություն պետք է սկսի,  ում է գնալու դիմի :  Օրինակ,  Ամուլսարի դեպքում գնալո՞ւ է միայն Գնդեվազ…Ջերմուկը ինչպե՞ս է դուրս մնացել»:  

Վիճահարույց էր նաև այն, որ տարբեր փուլերում մասնակցելու առումով սահմանափակվում է մարդու իրավունքը:  

«Մենք չենք կարող սահմանափակել, ով ցանկանում է, որ փուլին ուզում է, կարող է գալ և մասնակցել»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ  Սիմոն Պապյանը:  

Կարգի 8-րդ կետում նշված է, որ հանրային ծանուցումը և տվյալների տրամադրումը իրականացվում է զանգվածային լրատվամիջոցներով, ինտերնետային կապի միջոցով,  հայտարարություններով,  ծանուցագրերով: Բացակայում է բնապահպանության նախարարության կայքը,  որը, մասնակիցների կարծիքով, պարտադիր է, և այնտեղ պետք է տեղադրված լինի ամբողջ փաթեթը:  

Դռնոյանը նշեց, որ դա առանձին գրված է   14- րդ կետում՝   Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության յուրաքանչյուր փուլում   լիազորված   մարմինը կամ   փորձաքննական   կենտրոնը իր   պաշտոնական կայքում տեղադրում է հիմնադրույթային փաստաթղթին կամ նախատեսվող   գործունեությանն առնչվող՝ իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները:  

Առաջարկություն հնչեց այդ կետում ավելացնել «բոլոր» բառը, այսինքն, պետք է տեղադրվեն բոլոր փաստաթղթերը:  

Առաջարկվեց նաև փոխել 11-րդ կետում ներառված դիտողությունների, առաջարկությունների   և կարծիքների ժամկետները, որոնք հանրությունը համարում է ոչ բավարար: Սիմոն Պապյանը խոստացավ հնարավորության դեպքում հաշվի առնել:

Հաջորդ առաջարկն այն էր, որ արձանագրությունը ստորագրեն բոլոր մասնակիցները, քանի որ փորձը ցույց է տվել, որ արձանագրությունը սովորաբար չի համապատասխանում իրականությանը:   

«Մենք կցելու ենք տեսաձայնագրությունը, որպեսզի խաղերին վերջ տրվի, ասենք, մի բան խոսացին, այլ արձանագրություն կազմվեց», - ասաց Սիմոն Պապյանը:  

Նա նաև նշեց, որ բյուջեից նախատեսվելու է գումար, որը կտրվի հանրային լսումը իրականացնողին: Այդ համայքնի հետ կկնքվի պայմանագիր, որով ինքը կպարտավորվի օրենքի բոլոր կետերը հաշվի առնելով անցկացնել հանրային լսումներ, իսկ համապատասխան գումարով պետք է ապահովի բոլոր պահանջվող պայմանները, այդ թվում տեսանկարահանումը և ձայնագրումը:  Տեսաձայնագրությունը պետք է արվի պատշաճ կերպով, որպեսզի տեսանելի և լսելի լինեն բոլոր մասնակիցները:  

Առաջարկվեց, որպեսզի հանրային քննարկումների արձանագրության կրկնօրինակը և տեսաձայնագրությունը տեղադրված լինեն և պետական կառավարման մարմնի, և   փորձաքննական   կենտրոնի պաշտոնական   կայքում:  

Կարգի 28-րդ կետում նշված է՝ եթե քննարկումներին կամ լսումներին որևէ մեկը չի ներկայանում կամ ոչ մի բացասական կարծիք չի հնչում, հանրության կարծիքը համարվում է դրական: Սակայն առաջարկվեց, որպեսզի այս պարագայում լսումները համարվեն չկայացած, քանի որ կարող է այնպես կազմակերպեն, որ մարդիկ պարզապես տեղյակ չլինեն:  

Առաջարկություն հնչեց նաև դատական վիճարկման կարգը ներառելու վերաբերյալ:

Սիմոն Պապյանը նշեց, որ փաստաթուղթը իրոք լրամշակման կարիք ունի, և աշխատանքային խումբը Ա. Դռնոյանի գլխավորությամբ, մասնակիցների և շահագրգիռ մարմինների կարծիքները հաշվի առնելով, մեկ շաբաթվա ընթացքում կլրամշակի տվյալ կարգը և լրամշակված կարգի վերաբերյալ կանցկացվի ևս մեկ հանրային քննարկում:

Օգոստոս 15, 2014 at 11:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր