Արդյո՞ք հանքավայրերի շահագործման նախագծերում հաշվի է առնվում ԱԻՆ-ի կարծիքը

Արդյո՞ք հանքավայրերի շահագործման նախագծերում հաշվի է առնվում ԱԻՆ-ի կարծիքը

ԷկոԼուր

Բարձր սեյսմիկ գոտում գտնվող հանքավայրերի և պոչամբարների շահագործման նախագծերի մշակման եւ այդ նախագծերի իրագործման թույլտվություն տալու գործում ինչպիսին է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դերը: Այս մասին ԷկոԼուրը զրուցեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ:

Պարոն Մխիթարյան, հայտնի է, որ Հայաստանում շատ հանքավայրեր և պոչամբարներ գտնվում են բարձր սեյսմիկ գոտում: Օրինակ, Ամուլսարի, Մեղրասարի, Սոտքի հանքավայրերը, Թուխմանուկի պոչամբարը: Այդ հանքավայրերի նախագծերը փորձաքննություն են անցնում ՀՀ բնապահպանության նախարարությունում: Դուք այդ փորձաքննության գործընթացին որևէ մասնակցություն ունենո՞ւմ եք: Ձեզանից կարծիք հարցնո՞ւմ են:

- Մինչև վերջին տարիները կարծես թե չկար նման պրակտիկա` մեզանից կարծիք հարցնելու, բայց վերջին 3-4 տարիներին արդեն ոչ միայն մեզանից կարծիք են հարցնում, այլ նաև անպայման մեր ներկայացուցիչը ծրագրերի մշակման ժամանակ ներկա է լինում, և անպայման իր կարծիքը պետք է հաշվի առնել: Առանց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետի կարծիքի որևիցե ծրագիր չի իրագործվում ինչպես քաղաքաշինության ոլորտում, այդպես էլ հանքավայրերի առումով:

Ի՞նչ սկզբունքով եք կարծիք հայտնում, օրինակ, երբ 9-10 բալանոց սեյսմիկ գոտում ամենօրյա պայթեցումներով մտադիր են հանք շահագործել, ինչպիսի՞ կարծիք եք ներկայացնելու:

- Այդ նույն տրամաբանությամբ ընդհանրապես մեր բոլոր հանքերը պետք է փակենք, որովհետև մենք դրա երաշխիքը չունենք, որ վաղը կամ մյուս օրը կլինի երկրաշարժ: Ինչպես ամբողջ աշխարհը չի կարող իմանալ`որ օրը և որ ժամին կլինի երկրաշարժ, այդպես էլ մենք չենք կարող ասել:

Սովորաբար ի՞նչն եք հաշվի առնում կարծիք հայտնելիս:

- Սովորաբար, կարծիք հայտնում ենք հիմնականում այն առումով, որ մարդկանց և բնությանը ավելի քիչ վնաս տա, որ նորմայի սահմաններին համապատասխանի: Սեյսմիկ առումով կարող ենք կարծիք տալ, որ տվյալ գոտին ինչպիսի սեյսմիկ վտանգ է ներկայացնում: Մենք քարտեզներն ունենք, և մեզ մոտ, ըստ գոտիների, առկա են սեյսմիկ վտանգի վայրերը:

Ձեր կարծիքը որոշի՞չ է լինում:

- Քաղաքաշինության ոլորտում այո, իսկ բնապահպանության հետ կապված չեմ կարող ասել:

Հոկտեմբեր 14, 2014 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր