

ԷկոԼուր
Հոկտեմբերի 22-ին կենդանապաշտպանները ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրեցին` ուղղված գայլերի սպանդի դեմ:
«Գայլը բնության և մարդու անբաժան մասնիկն է», «Գայլը առողջ բնության երաշխիքն է», «Փրկենք գայլերին» կոչերով ակտիվիստ-կենդանապաշտպանները հորդորում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերանայել կառավարության որոշումը՝ կապված գայլերի ոչնչացման հետ:
Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում ընդունեց 20 միլիոն դրամ հատկացնել ՀՀ պետական բյուջեից 200 գայլ սպանելու համար:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք վաղուց նամակ են հանձնել վարչապետին՝ կապված խնդրի լուծման հետ, սակայն ոչ մի պատասխան:
Ակցիային հետեւում էր ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
ԷկոԼուր.
- Բնապահպաները պահանջում են, որպեսզի կառավարությունը վերանայի իր որոշումը և գայլերին սպանելու փոխարեն միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի գայլերը վերադառնան իրենց բնական կենսամիջավայր:
Ալեքսանդր Ղազարյան.
- Նոր գայլերի ոհմակի միության նախագահը զանգեց, ասեց, որ մենք պաշտպանության կարիք չունենք, մենք կարողանում ենք մեզ պաշտպանել:
ԷկոԼուր.
- Դա կատակ, իսկ լո՞ւրջ:
Ալեքսանդր Ղազարյան.
- Լուրջ ի՞նչ: Ի՞նչ է նշանակում գայլերի պաշտպանություն, Դուք դրան լո՞ւրջ եք վերաբերվում: Գայլերը հարձակվում են բնակավայրերի վրա:
ԷկոԼուր.
- Կոնկրետ առաջարկություններ կան, չե՞ք ուզում մոտենալ և լսել իրենց:
Ալեքսանդր Ղազարյան.
- Դուք ասեք:
ԷկոԼուր.
- Հնարավոր չէ՞ գայլերի սպանդի փոխարեն այլ միջոցառումներ իրականացնել, որպեսզի գայլերն իրենց կենսամիջավայրում սնվեն իրենց բնական կերով:
Ալեքսանդր Ղազարյան.
- Կազմակերպեք, ինքներդ կազմակերպեք:
ԷկոԼուր. Իսկ կառավարությունը ի՞նչ անի…
Մանրամասները՝ տեսանյութում:
Հոկտեմբեր 23, 2014 at 15:08





