Առանց բնապահպանական եզրակացության Սեւանի իշխանի մանրաձկան տնտեսության ստեղծման աշխատանքները մեկնարկել են

Առանց բնապահպանական եզրակացության Սեւանի իշխանի մանրաձկան տնտեսության ստեղծման աշխատանքները մեկնարկել են

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը «Սեւանի իշխանի մանրաձկան տնտեսության» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացում հաշվի կառնի նախագծի վերաբերյալ «ԷկոԼուր»-ի կարծիքում բարձրացված հարցերը: Այս մասին ԷկոԼուրին պաշտոնական նամակով տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը: Հիշեցնենք, որ ԷկոԼուրը նախարարություն կարծիք էր ուղարկել, որտեղ մասնավորապես նշել էր «Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրի» հետ անհամապատասխանության մասին, մանրաձկան արտադրություն հիվանդությունների ներթափանցման ռիսկի, Սեւանա լճի վրա ազդեցությունը գնահատված չլինելու եւ այլ բացթողումների մասին:

Թեպետ նախագիծը դեռ փորձաքննություն է անցնում, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացություն կտա ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծին, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում թվարկում էր ձկնաբուծարանի ծրագրի ընթացքը: «Այդ ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է, տեղի է ունեցել շինարարական աշխատանքների համար մրցույթ: Հաղթող կազմակերպությունը արդեն հայտնի է, և հողային աշխատանքները մինչև տարվա վերջ ավարտին կհասցնեն: Մնացած աշխատանքները 2015 թ. կսկսեն, և ես համոզված եմ, որ 2015 թ. ընթացքում ավարտին կհասցվի, և մենք կունենանք արդեն ժամանակակից ձկնաբուծարան իր ինկուբատորով: Դրանից հետո արդեն առաջիկայում մրցույթ կհայտարարվի, մայրական կազմի համար համապատասախան բասեյիներ կկառուցվեն և մինչև 2016 թ. ավարտին կհասցվի: Կարծում եմ, ինչպես մասնագետները շեշտում և պնդում են, որ շատ ժամանակակից նորմալ ձկնաբուծարան է լինելու Սևանի ավազանում», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մանրաձկան արտադրությունը ստեղծվելու է Կարճաղբյուր համայնքում: Արտադրությունում 10 տարվա ընթացքում իրականացվելու է Սևանի իշխանի տարեկան շուրջ 30-50 գրամ քաշով 50 տ մանրաձկան արտադրություն: Հետո այդ մանրաձկները տեղափոխվելու են Սեւանա լճում տեղադրված ցանցավանդակներ, որտեղ մեծանալու են մինչեւ 3500-3800 գրամ:

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրով» նախատեսվում է, որ մինչեւ 2023թ-ը Սեւանա լճում կտեղադրվի 74 ցանցավանդակ` յուրաքանչյուրը տարեկան մոտ 668 տոննա արտադրողականությամբ, որոնք կզբաղեցնեն 36.5 հա տարածք:



Նոյեմբեր 14, 2014 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր