

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ - ը սույն թվականի նոյեմբերի 18- ին դրական եզրակացություն է տվել Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին:
Մեղրասարի ոսկու հանքավայրը շահագործելու է «ԱՏ - Մետալս» հայ - ռուսական համատեղ ձեռնարկությունը:
Մեղրասարի հանքավայրի շահագործման նախագիծը ի սկզբանե հասարակության ուշադրության կենտրոնում էր, քանի որ հանքարդյունաբերությունը պետք է իրականացվի մասամբ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում:
Հասարակական սեկտորը հանքավայրի շահագործման հարցով սույն թվականի նոյեմբերի 11- ին նամակով դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարություն, KfW բանկ եւ WWF-ի հայաստանյան գրասենյակ: Հասարակությունը կոչ էր անում, հաշվի առնելով պահպանվող տարածքների ստեղծման և ընդլայնման քաղաքականության կարևորությունը, բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի նախագծին:
Դիմելով WWF-Հայաստանին՝ հասարակայնության ներկայացուցիչներն առաջարկեցին կազմակերպել տարածքի կենսաբազմազանության անկախ գիտական հետազոտություններ և ներկայացնել արդյունքները շահագրգիռ հանրությանը:
Ի պատասխան՝ նոյեմբերի 24- ին WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը տեղեկացրեց. «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը պատրաստ է կազմակերպել Մեղրասարի տարածքի կենսաբազմազանության անկախ գիտական հետազոտություններ և ներկայացնել արդյունքները շահագրգիռ հանրությանը: Տեղեկացնում եմ նաև, որ վերոնշյալ հետազոտությունները հնարավոր կլինի սկսել ոչ ավելի շուտ, քան 2015 թ . մայիսի վերջին, քանի որ Մեղրասարի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետրից բարձր և մինչև գարնան վերջ անհնար կլինի իրականացնել դաշտային աշխատանքներ առկա ձյան ծածկի պատճառով»:
Գերմանիայի KfW զարգացման բանկին հանրությունը կոչ արեց ուսումնասիրել և կարծիք ներկայացնել այն մասին, թե որքանով են համատեղելի իրենց կողմից Հայաստանում ֆինանսավորվող կենսոլորոտային արգելոցի ստեղծմանն ուղղված ծրագրերն ու հանքարդյունաբերության նման ծավալներով զարգացումը միևնույն տարածաշրջանում՝ հաշվի առնելով UNESCO- ի կողմից կենսոլորտային արգելոցների համար գոյություն ունեցող պահանջներն ու սահմանափակումները :
Ի պատասխան KfW բանկից շնորհակալություն հայտնեցին տեղեկատվության համար եւ խոստացան փոխանցել այն Բնապահպանության նախարարությանը և WWF- Հայաստանին:
Ինչ վերաբերում է հանքավայրի ազգային պարկում գտնվելու հանգամանքին, ապա, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանի պատասխանի. «...Առաջիկայում ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո , ՀՀ բնապահպանության նախարարությունը կներկայացնի »Արևիկ» ազգային պարկի սահմանի նկարագրի և տարածքի քարտեզի պատճեն»:
ԷկոԼուրի հետ զրույցում բնապահպան Լևոն Գալստյանը ասաց. «Մենք կանցնենք այլ քայլերի, օրինակ, խմբով կգնանք, բլոկադա կանենք և թույլ չենք տա շահագործել հանքավայրը»:
Նոր հիմնավորումներ Մեղրասարի ոսկու հանքավայրի նախագծի ռիսկերի վերաբերյալ
«Ատ Մետալս»-ն արձագանքում է բնապահպան հասարակության մտահոգություններին
Նոյեմբեր 27, 2014 at 16:45
