

ԷկոԼուր
Բնապահպանները շարունակում են իրենց զայրույթն և բացասական կարծիքն արտահայտել Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու բաց հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ:
Հանքավայրը ցանկանում է շահագործել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ Մետալս» ՍՊԸ-ն: Այժմ Մեղրասարի նախագիծը բնապահպանական փորձաքննություն է անցնում:
«Արևիկ» ազգային պարկի վրա Մեղրասարի հանքավայրի ազդեցության մասին Facebook սոցիալական ցանցում իր կարծիքն է հրապարակել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
«ՀՀ Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի զարգացումը նպատակ ունի կազմակերպել հարուստ կենսաբազմազանության պահպանություն, հատկապես վտանգված կենդանատեսակների անվտանգ տեղաշարժի ապահովումը և նրանց ապրելավայրերի պահպանությունը: Իրականացվող ծրագրերը, նոր ԲՀՊՏ-ների ստեղծումն ուղղված են մեղմելու Սյունիքի մարզում արդեն իսկ առկա հանքարդյունաբերական ակտիվ գործունեության արդյունքում առաջացող բնապահպանական բացասական ազդեցությունը: «Արևիկ» ազգային պարկի ստեղծումը նպատակ ունի պահպանելու տարածքում գտնվող հազվագյուտ, էնդեմիկ և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տասնյակ բուսատեսակների ապրելավայրերը և կենդանատեսակների միգրացիոն ուղիները: Առաջարկվող Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով մշակման նախագծի բնապահպանական մասում բացակայում են հանքավայրի կից բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ կարծիքները, գնահատված չէ ազդեցությունը, ռիսկերը, կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկությունները թերի են և այլն: Իսկ այն փաստը, որ այս տարածքը գտնվում է մասամբ «Արևիկ» ազգային պարկի առաջարկվող տարածքում, իսկ մնացած հատվածը փաստացի բուֆերային գոտում, ցույց է տալիս հանքավայրի շահագործման անթույլատրելիությունը: «Արևիկ» ազգային պարկը, համաձայն ՀՀ կառավարության որոշման (15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն), դեռ 2010թ-ին պետք է քարտեզագրվեր և բոլոր սահմանները հստակեցվեին: Սակայն մինչ այսօր այն չունի հստակեցված սահմաններ և գոտիավորում, և պատկերացում կազմել, թե հանքավայրի տարածքը որ գոտում և պահպանման ռեժիմում է գտնվում, այս պահին անհնար է: Ազգային պարկի հաստատված կանոնադրությունը բուֆերային գոտում նույնպես չի թույլատրում այնպիսի գործունեություն, որը կխաթարի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների ապրելավայրերը և էկոհամակարգերի կայունությունը, ինչն անխուսափելի է պայթեցման եղանակով բաց հանքավայրի շահագործման դեպքում: Այսպիսով ազգային պարկը հայտնվել է խոցելի վիճակում: Ազգային պարկը գտնվում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի կազմում, որի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար KFW գերմանական բանկի աջակցությամբ ներկայումս իրականացվում են դրամաշնորհային ծրագրեր: Այս հանքավայրի շահագործումը լիովին հակասում է իրականացվող բնապահպանական միջոցառումներին և կայուն զարգացման ռազմավարությանը», - գրում է Արսեն Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը նախագծի մասնագիտական լսումների ժամանակ հայտարարեց, որ հասարակական լսումների ողջ գործընթացը խախտում է «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը:
Նոյեմբեր 04, 2014 at 13:54
