

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզում, 2013թ. ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, որի մեջ ընդգրկված են տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ. «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:
Համալիրի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկի խոստացած 8.25 միլիոն եվրոյի, Համալիրի տարածքում տնտեսական գործունեության, ազդակիր համայնքների մասին ԷկոԼուրը զրուցեց ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանի հետ:
ԷկոԼուր.
- KfW գերմանական բանկը խոստացել է 8 միլիոն եվրո գումար հատկացնել Կենսոլորտային համալիրին: Այդ գումարի մեջ ներառվելո՞ւ է Համալիրի ազդեցության տակ գտնվող համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը:
Կարեն Կիրակոսյան.
- Այդ գումարի մեծ մասը հենց նպատակով գալիս է համայնքների համար:
ԷկոԼուր.
- Ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն, ո՞ր համայնքներում, քանի՞ համայնք է ներառվել որպես ազդակիր:
Կարեն Կիրակոսյան.
- KfW բանկի մեծ ծրագիրը դեռ կազմավորման փուլում է: Ծրագրերն անընդհատ փոխվում են, մշակվում են, վերջնական տեսքի դեռ բերված չեն, որ ես կարողանամ Ձեզ ինչ-որ հստակ բան ասել: Գումարի մեծ մասը գնալու է սոցիալական, տնտեսական բարեփոխումների համար:
ԷկոԼուր.
- Գումարը արդեն փոխանցվե՞լ է:
Կարեն Կիրակոսյան.
- Ոչ, իհարկե: Ծրագիրը դեռ մշակման փուլում է:
ԷկոԼուր.
- Ո՞ւմ է փոխանցվելու այդ 8 միլիոն եվրոն:
Կարեն Կիրակոսյան.
- Մասնավոր ընկերությանը, ով իրականացնելու է այդ ծրագիրը:
ԷկոԼուր.
- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ կենսոլոտային համալիրի տարածքում ծավալվում է տնտեսական գործունեություն, շահագործվում է հանքավայր:
Կարեն Կիրակոսյան.
- ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի տարածքում ոչ մի տնտեսական գործունեություն չի ծավալվում: Բոլոր հանքավայրերը, տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունները իրենց հողային կատեգորիաները, որոնք ունեն այդ տարածքում, Համալիրից դուրս են:
ԷկոԼուր.
- Մեղրասարի հանքավայրը մասամբ մտնում է «Արևիկ» ազգային պարկի մեջ:
Կարեն Կիրակոսյան.
- Մեղրասարի հանքավայրը չի մտնում «Արևիկ» ազգային պարկի մեջ:
ԷկոԼուր.
- Եթե դեռ քարտեզագրումը ավարտված չէ՝ ի՞նչ գիտեք, մտնում է, թե` ոչ:
Կարեն Կիրակոսյան.
- Մենք կադաստրով ԳԻՍ համակարգով քարտեզագրումը նոր ենք իրականացնում, բայց մենք մեր սահմանները հստակ գիտենք: Մենք մեր հողային գույքագրումը կատարել ենք, և ոչ մի լիցենզիա տրված չէ ոչ մի հանքարդյունաբերողի, որի տարածքը ընդգրկում է հատուկ պահպանվող տարածք:
ԷկոԼուր.
- Կա՞ փաստաթուղթը գույքագրման վերաբերյալ, կարո՞ղ ենք ծանոթանալ:
Կարեն Կիրակոսյան.
- Մենք հիմա գույքագրման գործընթացի մեջ ենք:
ԷկոԼուր.
- Դուք համարո՞ւմ եք «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը կայացած կառույց:
Կարեն Կիրակոսյան.
- Այո:
Հունիս 19, 2015 at 11:53
