

ԷկոԼուր
Սույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 731 –Ն որոշումը, որով 630.6541 հեկտարով կրճատվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը: Մանավորապես հողատարածքներ կրճատվեցին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի մեջ ընդգրկված «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքներից: Այս կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, որում ասված է.
«Հարգելի պարոն նախարար,
սույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1187-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1465-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1209-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 731-Ն որոշումը: Այս որոշմամբ «Արեւիկ» ազգային պարկի սահմանները կրճատվեցին 471.61 հեկտարով` 34410.80 հեկտարից հասնելով 33939.19 հեկտարի: «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքն էլ կրճատվեց 159.0441 հեկտարով. 25870.64 հեկտարի փոխարեն նոր որոշմամբ այն կազմում է 25711.5959 հեկտար:
Խնդրում ենք տեղեկացնել`
- ի՞նչ նպատակներով են կրճատվել բնության հատուկ պահպանվող տարածքների հողակտորները
- ո՞ր գյուղերի վարչական տարածքներին են կցվել ԲՀՊՏ-ներից օտարված տարածքները
- ի՞նչ կենսաբազմազանություն կա այդ տարածքներում
- արդյո՞ք պատրաստ է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի քարտեզը եւ վերջինիս մեջ մտնող ԲՀՊՏ-ների` այդ թվում «Արեւիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի քարտեզները:
Խնդրում ենք տրամադրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի, այդ թվում «Արեւիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի քարտեզները»:
Օգոստոս 18, 2015 at 18:28
