

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կառավարության միջոցով անցկացրեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման մասին 14.12.2013թ. 1465 –Ն որոշումը: Ընդ որում, որոշման մեջ նշված է, որ նոր պահպանվող տարածքն ունի չհսակեցված, այլ «ենթադրվող» սահմաններ: Դա, անկասկած, իրավաբանական կազուս է, երբ ստեղծվում է նոր բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) նոր կարգավիճակով, իսկ սահմանները դեռ նոր են նախատեսվում: Կառավարության եւ նախկին նախարարի շտապողական գործողությունները առաջացրել են մի շարք շահերի բախումներ: Դա, իհարկե, նախագծի ազդեցության գոտում գտնվող համայնքների հետ շահերի բախումն է: Դեռ համայնքները չեն պարզել, թե ինչ սահմաններում եւ ինչ տարածքների վրա են տարածվում իրենց իրավասություններըեւ որտեղ է այդ իրավասությունը ԲՀՊՏ-ի ռեժիմով:
Շահերի մյուս բախում հանքարդյունաբերական բիզնեսի հետ է, որը գործող օրենսդրությամբ չի կարող ԲՀՊՏ-ում բաց եղանակով հանք շահագործել: Գործնականում ներկայումս կառավարությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման այն գործողությունը, որը պետք է իրականացներ մինչեւ 14.12.2013թ. 1465 –Ն որոշումն ընդունելը:
Սույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 731 –Ն որոշումը, որով 630.6541 հեկտարով կրճատվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը: Մանավորապես հողատարածքներ կրճատվեցին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի մեջ ընդգրկված «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքներից: ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված ԷկոԼուրի հարցերին, թե ինչ նպատակներով են կրճատվել բնության հատուկ պահպանվող տարածքների հողակտորները, որ գյուղերի վարչական տարածքներին են կցվել ԲՀՊՏ-ներից օտարված տարածքները, ինչ կենսաբազմազանություն կա այդ տարածքներում, արդյոք պատրաստ են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի քարտեզը եւ վերջինիս մեջ մտնող ԲՀՊՏ-ների` այդ թվում «Արեւիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի քարտեզները, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանը 28.08.2015թ.
թիվ 5/07.2 /53343 գրությամբ մասնավորապես պատասխանել է. «Ի պատասխան Ձեր գրության` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2009թ-ի հոկտեմբերի 15-ի համար 1187-Ն , 2009թ-ի հոկտեմբերի 15-ի համար 1209-Ն եւ 2013 թ-ի դեկտեմբերի 19-ի համար 1465-Ն ոորոշումներով հանձնարարվել է իրականացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում ընդգրկված տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշգրտումը եւ ՀՀ կառավարության կողմից հաստատումից հետո հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2009թ-ի հոկտեմբերի 15-ի համար 1209-Ն որոշման Հավելված 3-ով հաստատվել է «Արեւիկ» ազգային պարկի «առաջարկվող» սահմանները: Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարությունը KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է նաեւ «Զանգեզուր » կենսոլորտային համալիրի տարածքների քարտեզագրման աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք, որ փուլ առ փուլ իրականացվում է քարտեզների ճշգրտում, որի համար հիմք են հանդիսացել նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից բազմիցս ներկայացված գրություն-հիմնավորումները: Ճշգրտված քարտեզների հիման վրա հետագայում սահմանված կարգով պետք է իրականացվի հողերի նպատակային նշանակության փոփոխությունները եւ հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: ՀՀ կառավարության 2015թ-ի հուլիսի 2-ի համար 731-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2009թ-ի հոկտեմբերի 15-ի 1187-Ն որոշման մեջ փոփոխություն իրականացվել է պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից, իսկ ՀՀ կառավարության 2009թ-ի հոկտեմբերի 15-ի համար 1209-Ն որոշման փոփոխությունն իրականացվել է Լիճքի անտառապետության տարածքից եւ ՀՀ Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներից: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում ընդգրկված ազգային պարկի, որոշ արգելավայրերի տարածքների վերջնական քարտեզը ճշգրտման ընթացքում է, որի հիման վրա պետք է իրականացվի հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Միաժամանակ հայտնում եմ, որ «Արեւիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի հատակագծերը ներկայացված են ՀՀ կառավարության 2015թ-ի հուլիսի 2-ի համար 731-Ն որոշման Հավելված 1-ով եւ Հավելված 2-ով»:
Սեպտեմբեր 01, 2015 at 13:54
