

ԷկոԼուր
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2011թ-ի վճիռը չկատարելու փաստով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ դատական վճռով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պարտավորեցվել է կատարել Կապանի բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը, վերացնել մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգը, ինչը մինչ օրս չի կատարվել: «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն փաստի առնչությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին նամակով:
Նամակում մասնավորապես ասված է. «…01.11.2012թ. հարուցվել է թիվ 01/02-5933/12 կատարողական վարույթը: Կատարողական թերթը կատարման ներկայացնելուց հետո կատարողական թերթի պահանջների կատարումը, առանց որեւէ ծանրակշիռ իրավական հիմնավորման, անընդհատ ձգձգվել է, կատարողական թերթի պահանջները չեն կատարվել. կեղտաջրերն առանց մաքրվելու Կապան քաղաքում լցվում են Ողջի գետը` սպառնալով շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջությանը: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) ապահովող ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Մակյանի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման մեջ նշված է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը: Ըստ էության ԴԱՀԿ-ն ոչնչով չարդարացված անգործություն է ցուցաբերել` չկատարելով դատական ակտը եւ դրանով իսկ անտեսելով շրջակա միջավայրին եւ առողջությանը սպառնացող վտանգը…»: ՀԿ-ն խնդրում է դատախազությանը այդ գործի վերաբերյալ նյութեր նախապատրաստել եւ քրեական գործ հարուցել:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանձնարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վ. Հովհաննիսյանին քննարկել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից դատարանի վճիռը չկատարելու վերաբերյալ ՀԿ-ի դիմումը` հետագա ընթացքը լուծելու համար:
Սեպտեմբեր 03, 2015 at 16:01
