Նամակ ADB-ին` Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիրը ձախողվել է

Նամակ ADB-ին` Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիրը ձախողվել է

ԷկոԼուր

Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրի իրականացման ժամանակ չեն ապահովվել օրենքով սահմանված ընթացակերգերը, ինչի հետևանքով խախտվել են հանրային իրավունքի նորմերը: Այս կապակցությամբ Կապանի «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» ՀԿ-ն նամակ է հղել Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանում մշտական առաքելության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսին: Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Ալվարես,

Կապանում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ձեզ եմ ներկայացնում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից Կապան քաղաքի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն առնչվող որոշ իրավական խնդիրների հակիրճ վերլուծությունը: Մասնավորապես, ներկայացվող իրավական հիմքերը խոսում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և դրան առնչվող հանրային քննարկումների ձախողման մասին, ինչը պատճառ է հանդիսացել նաև ամբողջ ծրագրի ձախողմանը:

Այսպես, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (գործում է 1995 թվականից), ինչպես նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (գործում է 2014 թվականի հուլիսի 23-ից) համաձայն, սոցիալ-տնտեսական, քաղաքաշինական, ինչպես նաև այլ բնույթի տարածքային պլանավորման փաստաթղթերը, հայեցակարգերը, սխեմաներն ու պլանները (հիմնադրութային փաստաթղթերը) ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական բնապահպանական փորձաքննության` ազգային օրենսդրությամբ և Հայաստանի միջազգային պարտավորություններով սահմանված կարգով:

Ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով (Օրհուսի կոնվենցիա, Կիևի արձանագրություն և այլն) այդ շրջակա միջավայրի հարցերով որոշումների ընդունման գործընթացում ամենավաղ փուլից պետք է ապահովվի որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունը, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով հանրային քննարկումներ կազմակերպելու միջոցով:

Սույն նամակով Ձեզ տեղեկացնում ենք, որ Կապանի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրի իրականացման ժամանակ չեն ապահովվել օրենքով սահմանված ընթացակերգերը, ինչի հետևանքով խախտվել են ներպետական օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված հանրային իրավունքի նորմերը (Օրհուսի կոնվենցիայի համաձայն՝ ազդակիր համայնքի բնակչության իրավունքները): Այս իրավախախտումները հանգեցրել են ծրագրի լիակատար ձախողմանը, որի մանրամասների վերաբերյալ ապացույցները կարող ենք Ձեզ ներկայացնել առաջիկայում Կապան քաղաքում կազմակերպվելիք հանրային քննարկման ժամանակ, ինչը Դուք խոստացաք կազմակերպել:

Հարգանքով՝
Արշավիր Խալափյան
Կազմակերպության նախագահ»:

Նոյեմբեր 19, 2015 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր