ԷկոԼուր
Համաշխարհային բանկն առաջարկում է հասարակայնության ներկայացուցիչներին հանդիպել՝ քննարկելու Քաղցրաշենի ծրագիրը: Բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի.Բեյլին նամակով պատասխանել է հասարակայնության ներկայացուցիչների նամակին, որով հասարակությունն իր վրդովմունքներ էր հայտնում «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի կողմից հունվարի 22-ին շահառուների նեղ շրջանակներում կազմակերպված քննարկման կապակցությամբ, որի ժամը նախատեսված ժամից փոխվել էր:
Համաշխարհային բանկի պատասխանում ասված է. «Հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
Ի պատասխան Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ փետրվարի 3-ին ուղարկած Ձեր նամակին, որը նաև փետրվարի 5-ին հրապարակվել է Հետք.am կայքում և տեղադրվել սոցիալական ցանցում, ցանկանում եմ տրամադրել հետևյալ պարզաբանումները:
Ես ուշադիր հետևել եմ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի (ՈՀԱԾ) շրջանակներում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շուրջ զարգացումներին: Նախորդ տարվա ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը կառավարության անունից բազմաթիվ հանդիպումներ և հանրային քննարկումներ է ունեցել մի շարք շահագրգիռ կողմերի հետ: Ես մեծապես գնահատում եմ այդ հանդիպումներին մասնակցած անձանց դերը, նրանց հարցերը և կարծիքները ընդունվում են շատ լուրջ:
Համաշխարհային բանկը մշտապես ողջունել և շարունակելու է ողջունել Քաղցրաշենի համակարգի շուրջ բաց երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Համաշխարհային բանկը լրջորեն է վերաբերվում մեր բոլոր գործընկերների կողմից բարձրաձայնվող մտավախություններին, և մենք շարունակելու ենք աշխատել բոլորի հետ, այնպես որ ծրագրի ակնկալվող արդյունքներից օգտվեն Արարատի մարզի տասներկու համայնքի ջրօգտագործողները՝ առանց բացասական հետևանքների Գառնի համայնքի համար: Հավաստիացնում եմ ձեզ, որ ինչպես Համաշխարհային բանկի կողմից օժանդակվող բոլոր ծրագրերի պարագայում, այս ծրագրի հիմնավորումը նույնպես ամբողջությամբ և մանրամասն քննարկվել է և տեխնիկական այլընտրանքներն, իրոք, ուսումնասիրվել են (օրինակ, ջրթող ամբարտակն այլ տեղ տեղադրելը): Ավելին, մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի Համաշխարհային բանկի բոլոր գործառույթային ուղեցույցները խստորեն պահպանվեն Հայաստանում:
Իմ հույսը ողջ անցյալ տարվա ընթացքում այն էր, որ այս ակտիվ հանդիպումները, քննարկումները, հոդվածները՝ դրական և բացասական, կողմերի դիրքորոշումներն ավելի կմոտեցնեն իրար: Տեսնում եմ, որ որոշ հարցեր, որոնց արդեն պատասխան և պարզաբանումներ են տրվել, շարունակում են անհանգստացնել ձեզ: Որպես այդպիսին, ես ողջունում եմ մեզ հետ հանդիպելու ձեր խնդրանքը: Ես արդեն խնդրել եմ Ծրագրի թիմին, որի ղեկավարն է ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինստոն Յուն, հանդիպել ձեր խմբի հետ մյուս ամսվա ընթացքում Երևան այցի ժամանակ: Ուրախ կլինենք քննարկել ձեր կոնկրետ առաջարկությունները: Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը կկապնվի ձեզ հետ հնարավորինս շուտ՝ հանդիպման համար երկուստեք հարմար ժամանակը որոշելու նպատակով:
Ինչ վերաբերվում է Երևանում հունվարի 22-ին կայացած Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման շուրջ հանդիպմանը, իմ ընկալմամբ՝ տեխնիկական պատճառներով քննարկումն անց է կացվել երկու մասով, և Քաղցրաշենի ինքնահոս համակարգի տեխնիկական մասն, իսկապես, ներկայացվել է երգու անգամ: Այս քննարկման վերջնական արձանագրությունը կներառի քննարկման երկու մասն, այնպես որ ոչ մի միջամտություն բաց չթողնվի:
Հուսով եմ՝ այս նախաձեռնությունը լրացուցիչ պարզաբանումներ կտրամադրի Քաղցրաշենի համակարգի մասին և կօգնի ընդհանուր համաձայնության գալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական համայնքերի համար այս կարևոր ծրագրի շուրջ:
Հարգանքով՝
Լորա Ի.Բեյլի
Համաշխարհային բանկի
Երևանի գրասենյակի ղեկավար»:
Փետրվար 22, 2016 at 18:16