

Aysor.am
ՀՀ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դեռևս այս տարվա փետրվարի 27-ին նամակ էր ուղարկել ՀՀ Կառավարություն` պահանջելով փոփոխություն անել «ՀՀ ընդերքի օրենսգրքում», սակայն մինչ այժմ գրավոր արձագանք չի եղել: Այս մասին Aysor-ի թղթակցին տեղեկացրեց Հ. Սանասարյանը:
Նամակից հետո կառավարությունը հետ է կանչել օրենքի նախագիծը` այն փոփոխության ենթարկելու նպատակով, սական Հ. Սանասարյանը մտահոգված է, որ նախագիծը կարող է մտնել ԱԺ, արտահերթ նիստում արագացված կարգով հաստատվել, քանի որ «այնքան խորամանկ են, այնպիսի ձևակերպումներ կանեն, իրենց ուզածը կմտցնեն»:
«Երբ հայտնի դարձավ, որ նոր օրենսգրքի նախագիծ է մշակվել, կարծում էինք` գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հանքարդյունաբերական թափոնների կարգավորումը նաև այն իմաստով, որ դրանք հարկման դաշտ բերվեն, քանի որ այսօր լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների համար օրենքով վճարվում է 0 դրամ»,- Aysor-ի թղթակցին պարզաբանեց Հ. Սանասայանը` հավելելով, որ նոր օրենսգրքի նախագծում նշված թափոնների մասին ուղիղ իմաստով խոսք չկա. միայն մի քանի հոդվածներում հանդիպում է օրենքով չկարգավորվող «լցակույտեր» եզրույթը:
Կառավարությանն ուղղված իր նամակով Կանաչների միության նախագահը բարձրաձայնել էր, որ օրենսգիրքը չի կարգավորում հանքարդյունաբերական թափոնների խնդիրը, ավելին` հանքարդյունաբերության ամենավտանգավոր թափոնները` ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութերը և պոչանքները, միտումնավոր, հարկումից խուսափելու նպատակով քողարկվել են «լցակույտեր» անվան տակ, օրենսգրքում բացակայում է այն հայեցակարգը, թե ո՞ր հանքավայրերը այժմ պետք է շահագործվեն, ո՞ր հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, ո՞ր հանքավայրերը պետք է պահպանվեն սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր հանածո հարստությունից տարեկան ի՞նչ քանակություն կարելի է օգտագործել: Չկա նաև այն սահմանումը, թե նույն հանքատեսակից տարեկան ի՞նչ չափաբաժին կարելի է օգտագործել:
«Օրենսգիրքը փաստորեն սահմանում է, որ անտառային տարածքներում կարելի է զբաղվել հանքարդյունաբերությամբ, այն հեշտացնում է հանքավայրին տիրանալու ընթացակարգը, օտարերկրյա ընկերություններին ու անհատներին երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու իրավունք է վերապահվում, ինչն անթույլատրելի է ազգային անվտանգության առումով, իսկ օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման իրավունքի փոխանցելիությունը կարող է պայմաններ ստեղծել` ընդերքի հարստություններն առք ու վաճառքի առարկա դարձնելու համար»,- գրված է նամակում:
Հ. Սանասարյանը համոզված է նաև, որ օրենսգրքի նախագծի ստեղծման աշխատանքներում չպետք է ընդգրկվեն իշխանական լծակներ ունեցող և հանքավայրերի շահագործման իրավունք ստացած անձիք, ինչպես նաև` օրենսգրքի վերամշակման գործում պետք է բացառվեն միջազգային կազմակերպությունների, ուրիշ պետությունների և շահագրգիռ անձանց կողմից առաջարկվող դրամաշնորհները: Օտարերկրյա ընկերություններին ու անհատներին չպետք է թույլատրվի` Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել. այդ իրավունքը պետք է վերապահվի միայն ՀՀ կառավարությանը:
Մայիս 02, 2011 at 16:22
