

www.1in.am
Այս տարի լրանում է Հայաստանի՝ Օրհուսի կոնվենցիային միանալու տասը տարին, ինչի կապակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն» և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին խորհրդակցություն:
«Օրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակությունը» թեմայով խորհրդակցության նպատակն է, մինչ այս տարի Քիշնևում կայանալիք կոնվենցիայի անդամ երկրների հանդիպումը, քննարկել, ներկայացնել այն խնդիրները, խոչընդոտները, որոնք կան այս ոլորտում, ամփոփել տասը տարիների ընթացքում կոնվեցիայի իրականացմանն ուղղված գործողությունները:
«Եթե, օրինակ, որոշել են ինչ-որ հանքավայր շահագործել, հնարավորինս վաղ փուլում պետք է տեղեկացնեն հասարակությանը, և եթե մարդիկ դեմ են այդ նախաձեռնությանը, համապատասխան միջոցներ ձեռք առնվեն. ոչ թե որոշումը կայացվում է, հասարակությունն այդ մասին իմանում է արդեն նախագծի փուլում, երբ այլևս հնարավոր չէ շատ բան փոխել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն» ՀԿ նախագահ Սոնա Այվազյանը:
Նա նաև նշեց, որ արդեն երկու անգամ, իրենց ներկայացրած հաղորդումների հիման վրա, կոնվեցիայի համապատասխանության կոմիտեն խիստ գնահատական է տվել Հայաստանի կողմից մի շարք դրույթների իրականացման ձախողման վերաբերյալ, մասնավորապես՝ Թեղուտի և Դալմայի այգիների կառուցապատման գործում:
Սոնա Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ, չնայած տնտեսական սանկցիաներ և ստույգ պատժամիջոցներ չեն կիրառվում, դա լուրջ ազդեցություն է ունենում երկրի իմիջի վրա. «Այս տեղեկատվությունը հրապարակվում է, և բոլորն աշխարհում տեսնում են, որ Հայաստանը միանում է կոնվեցիաների, սակայն չի իրականացնում դրանք, ինչը նաև բերում է երկրի նկատմամբ վստահության պակասի»:
Խորհրդակցությանը մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանի դիտարկմամբ, Կոնվենցիայի երեք հիմնակետերից երկուսը՝ տեղեկատվության մատչելությունը, հասարակության մասնակցությունն այդ գործընթացներին, դեռ մասամբ կատարվում են, սակայն երրորդ՝ արդարադատության մատչելիության, դատական համակարգի կայացրած որոշումների հարցում լուրջ խնդիրներ կան:
«Դեռ ոչ մի օրինակ չունենք, որ մենք դիմել ենք դատարան, և դատարանը հօգուտ բնապահպանության որոշում կայացնի»:
Իսկ Հայաստանի իմիջի վրա ազդող այս գործընթացների և կառավարության անտարբերության վերաբերյալ Կարինե Դանիելյանն ասաց.
«Ես վախենում եմ, որ պետական մտածելակերպի պակաս կա և բոլոր ոլորտներում»:
Մայիս 25, 2011 at 12:55
