

News.am
Կառավարության շենքի առջեւ այսօր` փետրվարի 14-ին բողոքի ակցիա է կայացել ` ընդդեմ Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելու իշխանությունների որոշման:
«Հայազն» կուսակցության նախաձեռնած ակցիայի մասնակիցները «Ոչ մի պարսկական ոչխար Սյունիքի ձորում», «Սյունիքը ձեզ համար արոտավայր չէ», «Նժդեհի պահպանած հողերը պաշտպանենք «նժդեհականներից»» եւ այլ պաստառներով կառավարությունից պահանջել են չեղյալ հայտարարել վարձակալության որոշումը: Ակցիայի մասնակիցները նշել են, թե որոշումը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը, քանի որ անասուններն արածացնելու են Արեւելյան Ատրպատականի քոչվոր ցեղերը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, թե նման որոշումը վտանգելու է հայ-իրանական հարաբերությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկություններ ունեն, որ նման ճակատագիր է սպառնում նաեւ Վայոց ձորի հողերին, այս դեպքում Արաբական Միացյալ էմիրությունների հետ համատեղ:
Նշենք, որ որոշում է կայացվել վարձակալությամբ հանձնել 50 հազար հեկտար արոտավայր` մեկ հեկտարը 26 դոլար արժեքով: «26 դոլարով վարձակալության հանձնեք կառավարության շենքը»,- կոչ արեցին ակցիայի մասնակիցները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի (NEWS.am)
Փետրվար 14, 2013 at 14:25



