Կառավարությունը պետք է գտնի 5 միլիոն դրամ Շվեցարիայի հիմնադրամի կողմից Դիտակ գյուղում կառուցված մանկապարտեզի համար, բաց նամակ ՀՀ վարչապետին

Կառավարությունը պետք է գտնի 5 միլիոն դրամ Շվեցարիայի հիմնադրամի կողմից Դիտակ գյուղում կառուցված մանկապարտեզի համար,  բաց նամակ ՀՀ վարչապետին

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը մտահոգված է բնակչության և երեխաների սոցիալական կարիքների համար ֆինանսավորման հարցում օտարերկրյա դոնորների հետաքրքրության կորստով, որի պատճառը ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունքն է: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը ևս մեկ անգամ բաց նամակ է հղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,
2015 թ.-ի հոկտեմբերին Sourir vers I'Avenir շվեյցարական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, բարեգործական ծրագրի շրջանակում, հաջողությամբ ավարտվեց Դիտակ համայնքի մանկապարտեզի վերակառուցումը: Նշված հիմնադրամը մասամբ օժանդակել է նաև մանկապարտեզի համար գույքի և սարքավորումների ձեռքբերմանը: Գույքի մի մասը ձեռք է բերվել ԱՄՆ-ում բնակվող հայ ընտանիքի բարերարությամբ և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի օժանդակությամբ: Մանկապարտեզի վերակառուցման համար ծախսվել է ընդամենը 77500 ԱՄՆ դոլար:

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 24-ի թիվ 336-Ն որոշման, Դիտակ գյուղի մանկապարտեզի գործարկման և վերազինման համար որպես սուբվենցիա կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 11 միլիոն դրամ, որի արդյունքում ապահովվել է Դիտակի և հարևան գյուղերի թվով 40 երեխայի հաճախումը մանկապարտեզ:

Մեր կազմակերպությունը ողջունում է մեր երկիր ներդրումների ներգրավման Ձեր մոտեցումը: Դրա հետ մեկտեղ, Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, նոր ձևավորված ՀՀ կառավարությունը 2017 թ-ից դադարեցրել է Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորումը՝ չնայած ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության բաձրաստիճան պաշտոնյաների բանավոր հավաստիացումներին: Հարկ է նշել, որ 2017թ.-ի օգոստոսին դոնորի հետ անձնական հանդիպման ժամանակ Արարատի մարզպետը խոստացել է, որ մինչև 2017 թ.-ի հոկտեմբեր ամիսը Դիտակի մանկապարտեզին կհատկացվի 5 000 000 դրամ:

Դոնորները և բարեգործական հիմնադրամներն, իրականացնելով ներդրումային և բարեգործական ծրագրեր, մեծ ուշադրություն են դարձնում կառավարության դիրքորոշմանն այն խնդիրների վերաբերյալ, որոնք նրանք օգնում են լուծել իրենց ֆինանսական աջակցության շրջանակում: Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորման կասեցումն արդեն իսկ բացասական ազդեցություն է թողել գերմանական և շվեյցարական դոնորների կողմից նույն մարզի Արևաբույր համայնքում նոր դպրոցական շենքի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ ընդունած որոշման վրա, որտեղ 200-ից ավել երեխաներ այսօր սովորում են անընդունելի պայմաններում:

Խնդրում ենք Ձեզ գտնել ուղիներ՝ Արարատի մարզի Դիտակ համայնքի մանկապարտեզի վերագործարկման համար անհրաժեշտ 5 մլն դրամի հատկացման հարցում:
Կանխավ շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով՝
Ելենա Մանվելյան
«Հայ կանայք հանուն առողջության և
առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ»:

20:21 Ապրիլ 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news