Հասարակական կազմակերպությունները կոչ են անում կառավարություններին քվեարկել բնապահպան ակտիվիստների պաշտպանության օգտին

Հասարակական կազմակերպությունները կոչ են անում կառավարություններին քվեարկել բնապահպան ակտիվիստների պաշտպանության օգտին

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Պաշտպանե՛ք բնապահպաններին հետապնդումներից» առցանց միջոցառումը Օրհուսի կոնվենցիայի Կողմերի յոթերորդ հանդիպման պաշտոնական ծրագրի շրջանակներում, որը պետք է տեղի ունենա Ժնևում: 

Այս միջոցառումը հանդիսանում է պաշտոնական զեկույցներին այլընտրանք, որը թույլ է տալիս կանաչ ակտիվիստներին և հասարակական կազմակերպություններին ներկայացնել բնապահպանական ժողովրդավարության գործընթացները Բելառուսում, Բոսնիա և Հերցեգովինայում, Իսլանդիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Հայաստանում և Թուրքմենստանում:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացրել է «Օրհուսի կոնվենցիայի սահմանափակումը Հայաստանում» թեմայով զեկույցը, որը հրապարակվել է «Առնիկայի» կայքում:

«Արդյո՞ք բնապահպանները արդյունավետ պաշտպանություն կստանան ոտնձգություններից և հետապնդումներից: Սա Ժնևում (2) (3) Օրհուսի կոնվենցիայի (1) Կողմերի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցերից մեկն է: ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ-երկրների ներկայացուցիչները կողմ կքվեարկեն այսպես կոչված արագ արձագանքման մեխանիզմի (4) ստեղծման համար: Վերջին դեպքերը Բելառուսից, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայից, Ուկրաինայից կամ նույնիսկ ԵՄ երկրներից ցույց են տալիս, որ համայնքների պաշտպանները հաճախ բախվում են լուրջ սպառնալիքների (5), իսկ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները գործում են չափազանց դանդաղ կամ անհաջող: COVID-19-ը նույնիսկ ավելի է վատթարացրել իրավիճակը, քանի որ որոշ կառավարություններ օգտագործում են համաճարակային միջոցները մարդու իրավունքները սահմանափակելու համար:

Հասարակական կազմակերպությունների՝ բնապահպանների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ զեկույցները

«2020թ. ընթացքում «Էկոդոմի» մի քանի ներկայացուցիչներ ձերբակալվեցին շինծու պատճառներով: Սովորաբար պատճառը չարտոնված ցույցերին մասնակցությունն էր, նույնիսկ եթե անձը գտնվում էր այլ քաղաքում: Առգրավվել էին նրանց համակարգիչներն ու հեռախոսները: Ավելի ուշ՝ 2021թ. հուլիսին, մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների գրասենյակները կնքվեցին, նրանց անդամները խուզարկվեցին, իսկ կազմակերպությունները բռնությամբ լուծարվեցին», - բացատրում է վերջերս արգելման տակ հայտնված բելառուսական «Էկոդոմ» բնապահպանական հասարակական կազմակերպության իրավաբան Սերգեյ Մագոնովը (6), (7): «Ակտիվիստները գտնվում են մեծ ճնշման տակ, և մեր երկրում դատարաններում արդարադատություն փնտրելն անիմաստ է: Միևնույն ժամանակ, գոյություն ունեցող միջազգային մեխանիզմների գործարկումը տևում է ամիսներ կամ տարիներ», - ավելացնում է Մագոնովը:

2020 թ. պատմության մեջ ամենամեծ թվով բնապահպաններ են սպանվել՝ 227 մարդ ամբողջ աշխարհում (8): Սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Լատինական Ամերիկայում, սակայն 2019-ին սպանություններ տեղի են ունեցել նաև Ղազախստանում և Ռումինիայում: Համաշխարհային համավարակը, որն ուղեկցվում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունքում քաղաքացիական ազատությունների սահմանափակումներով, ուժեղացրել է բացասական միտումները: Վերջին զեկույցում նշվում է Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնապահպանական իրավունքների խախտման 15 դեպք (9):

«Օրհուսի կոնվենցիան նշում է իր քսանամյակը: Ստորագրման պահին շատերը հույս ունեին, որ անվտանգ տարածքը կընդլայնվի, և առողջ միջավայրում ապրելու իրավունքը ժամանակի ընթացքում կխորանա: Ցավոք, այսօր մենք չենք ապրում ավելի բաց և արդար աշխարհում: Հույսերը չարդարացան, և շատ երկրներում ազատության տարածքը միայն նեղանում է», - ասում է չեխական «Առնիկա» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Մարտին Սկալսկին: «Մեր տարածաշրջանի դեպքերը ցույց են տալիս, որ Օրհուսի կոնվենցիայի՝ ոգեշնչման աղբյուր և հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավոր մնալու համար, նրան անհապաղ անհրաժեշտ է մեխանիզմ ակտիվիստներին անարդար հետապնդումից պաշտպանելու համար», - ավելացնում է Սկալսկին:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ-երկրների ներկայացուցիչները հոկտեմբերի 18-22-ը հանդիպում են Ժնևում, որպեսզի գնահատեն վերջին 4 տարիները և որոշում ընդունեն տարածաշրջանում բնապահպանական ժողովրդավարությունը խթանելու հետագա քայլերի վերաբերյալ: Ակնկալվում է, որ առավել զգալի բարելավումը կլինի այսպես կոչված արագ արձագանքման մեխանիզմը:

Նշումներ և մանրամասներ.

(1) Օրհուսի կոնվենցիան, որն ստացել է «Բնապահպանական ժողովրդավարության մասին կոնվենցիա», ուժի մեջ է մտել 2001թ. հոկտեմբերի 30-ին: Այն ստորագրել են Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներ, ինչպես նաև Եվրամիությունը՝ որպես մեկ կողմ: Գվինեա-Բիսաուն դարձավ Աֆրիկայից առաջին մասնակիցը: Օրհուսի օրինակով Լատինական Ամերիկայի երկրները վերջերս ընդունել են նմանատիպ Էսկասուսի պայմանագիրը: Օրհուսի կոնվենցիան երաշխավորում է բնապահպանական տեղեկատվության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության, արդարադատության հասանելիության և բնապահպանների՝ հետապնդումներից պաշտպանվածության իրավունքը:

Մանրամասն Օրհուսի Կոնվենցիայի մասին- https://aarhusclearinghouse.unece.org 

(2) Օրհուսի կոնվենցիայի Կողմերի յոթերորդ նստաշրջանը` պաշտոնական կայք- https://unece.org/environmental-policy/events/MoP7-MoPP4-JHLS 

 (3) Հասարակական կազմակերպությունների՝ բնապահպանների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ պրեզենտացիաները- https://english.arnika.org/events/defending-the-defenders-2021-protecting-environmental-activists-from-persecution 

(4) Արագ արձագանքման նոր մեխանիզմի ստեղծումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի կողմերի Վեցերորդ հանդիպմանը (Չեռնոգորիա, 2017 թ.): Այդ ժամանակից ի վեր նախագիծը մշակվում է պետությունների որոշմամբ- https://unece.org/environment/documents/2021/03/draft-note-rapid-response-mechanism-deal-cases-related-article-3-8

(5) Եվրոպայում և նախկին Խորհրդային Միությունում բնապահպան ակտիվիստների նկատմամբ հետապնդումների դեպքեր- https://stop-persecution.org

(6) Քաղաքական ընդդիմությունից և լրատվամիջոցներից հետո բելառուսական բռնապետը փակում է նաև հասարակական կազմակերպությունները - https://stop-persecution.org/news/after-political-opposition-and-the-media-belarusian-dictator-is-shutting-down-the-ngos 

(7) «Էկոդոմ» հասարակական կազմակերպության լուծարման ժամանակագրությունը - https://ecohome-ngo.by/chronology-eng/ 

(8) Բնապահպան ակտիվիստների պաշտպանությունը մոտենում է: Կառավարությունները բանակցում են նոր միջազգային մեխանիզմի շուրջ - https://stop-persecution.org/news/the-protection-of-environmental-activists-is-getting-closer-governments-are-negotiating-on-a-new-international-mechanism 

(9) Համավարակի ժամանակ շրջակա միջավայրի ոչնչացում. Նոր ուսումնասիրություն Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի վերաբերյալ- https://stop-persecution.org/news/environmental-destruction-in-times-of-coronavirus»,- նշված է «Առնիկայի» մամուլի հաղորդագրության մեջ:

Հոկտեմբեր 13, 2021 at 18:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր