

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով Ռեսուրս կենտրոնի անդամ, որը ստեղծվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի՝ CEECA բիզնեսի և մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից: Ռեսուրս կենտրոնի բացումը տեղի է ունեցել ս.թ. հոկտեմբերի 13-ին՝ «Տարածաշրջանների ձայներ» ("Voices from regions") անունը կրող միջոցառման շրջանակներում:
Ռեսուրս կենտրոնը հարթակ է ակտիվիստների, գործարարների, կառավարությունների, ազդակիր համայնքների և այլ շահագրգիռ կողմերի համագործակցության, բիզնեսի և մարդու իրավունքների վերաբերյալ թեմաների շուրջ իրենց տեսակետների և փորձի փոխանակման համար: Լայնորեն ներկայացված են թեմատիկ էջեր, երբ հատվում են բիզնեսն ու մարդու իրավունքներն այնպիսի հրատապ օրակարգերի հետ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և կայուն զարգացումը: Կան էջեր՝ նվիրված կոնկրետ երկրների, որտեղ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և հրապարակվել է տեղեկատվություն:
Ռեսուրս կենտրոնի հարթակը թույլ է տալիս տեղադրել տարաբնույթ կոնտենտ՝ ներառյալ կարծիքներ և մեկնաբանություններ, ընդհանուր տեղեկություններ, վերլուծություններ, տեսանյութեր, գործիքներ և ակտիվիստների ու համայնքների մասին պատմություններ:
«Բոլոր էջերում մենք ցանկանում ենք ընդգծել կոնկրետ տարածաշրջանում բնակվողների և աշխատողների փորձը: Ձեր ներդրումն արժեքավոր լրացում կլինի, և մենք հույս ունենք, որ դուք կկիսվեք ձեր պատմություններով ու գաղափարներով», - նշել են CEECA միջոցառման կազմակերպիչներ Էլլա Սկիբենկոն և Էշլի Ռեյնոլդսը (Ashley Nancy Reynolds):
Crude Accountability (Kazakhstan), "EcoLur" Informational NGO (Armenia), Belarusian Helsinki Committee (Belarus), CEE Bankwatch, Oil-Workers Rights Protection Organization (Azerbaijan), Ecoclub (Ukraina) կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին պատմություններ՝ կապված մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության հետ կոռուպցիոն դեպքերով և իրավապաշտպանների վրա ճնշումներով:
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց համառոտ ակնարկ տեղեկատվության հասանելիության և որոշումների կայացման գործընթացին մասնակցության, առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքների վերաբերյալ: Օրինակներ բերվեցին Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության որոշումների մասին, որոնք վերաբերում են Դալմայի այգիների զավթմանը և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրին, հասարակության պայքարին բնապահպանական տեղեկատվության հասանելիության սահմանափակման օրինագծի դեմ, առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ ռիսկերի մասին իրազեկվածության խնդրին:
Հոկտեմբեր 15, 2021 at 09:15