

Իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ալավերդի, Օձուն, Շնող, Ախթալա, Թեղուտ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Աքորի, Հագվի, Մղարթ, Կաճաճկուտ բնակավայրերի բնակիչների ֆիզիկական, բժշկական և հոգեբանական վիճակի գնահատում: Գնահատումն իրականացվել է հարցման միջոցով՝ հաշվի առնելով հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում բնակչության առողջության և սոցիալական մակարդակի վրա շրջակա միջավայրի ազդեցության հետ կապված խնդիրները:
Հետազոտությունն իրականացրել է «Առնիկա» չեխական հասարակական կազմակերպությունը՝ հայկական «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, «Թումանյանի շրջանում աղտոտվածության իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում, Չեխիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ուսումնասիրության նպատակն է աջակցել խոցելի համայնքներին՝ բարելավելու մարզի բնապահպանական վիճակը՝ հաշվի առնելով նաև սոցիալական ռիսկերը:
Այսպիսով, հարցվածների գրեթե կեսը՝ 48%-ը, իրենց ընդհանուր վիճակը գնահատել են բավարար, 13%-ը՝ լավ: Հարցվածների 25%-ը գոհ չեն իրենց առողջական վիճակից։
Տարիքային բաշխման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 19-ից 29 տարեկան մարդիկ բողոքում են լյարդի և երիկամների հետ կապված խնդիրներից, արյան ճնշումից, ալերգիկ ռեակցիաներից և ավելի պակաս տոկոսով՝ սրտանոթային հիվանդություններից: 30-45 տարեկանների շրջանում ավելանում են շաքարային դիաբետի և շնչառական հիվանդությունների հետ կապված խնդիրները։ 46-60 տարեկանների շրջանում հիմնական գանգատները վերաբերում են սրտանոթային հիվանդություններին։ Իսկ 60 տարեկանից բարձր՝ սրտանոթային հիվանդություններ, լյարդի և երիկամների հետ կապված խնդիրներ, քաղցկեղ, շնչառական հիվանդություններ։
Հետաքրքիր են հիվանդությունների առաջացման պատճառները, որոնք նշվել են հարցման ժամանակ։ Դա սթրեսն է, ծանր աշխատանքը և սննդի որակը: Հարցվածների միայն 15%-ը, ովքեր բուժում են անցնում բուժհաստատություններում, կապում էին հիվանդությունների զարգացումը շրջակա միջավայրի վիճակի հետ, բայց ոչ մի դեպքում այդ նկատառումները չեն արձանագրվել բժշկական արձանագրություններում:
Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա հարցվածների մեծ մասը՝ 88%-ը, պատասխանել է, որ աշխատանքի ընթացքում բարոյահոգեբանական որևէ սահմանափակման չի հանդիպում։ Հարցվածների միայն 12%-ն է նշել, որ իրենց հուզական վիճակը հաճախ կամ անընդհատ ազդում է աշխատանքի որակի վրա։
Հաջորդ նյութում կհրապարակվեն տեղական խոցելի համայնքների ինքնակառավարման մարմիններին ուղղված առաջարկները՝ արված հարցման արդյունքների հիման վրա:
Մարտ 07, 2022 at 11:54