Սիսիանը հանքարդյունաբերության ու հիդրոէներգետիկայի ազդեցության ներքո

Սիսիանը հանքարդյունաբերության ու հիդրոէներգետիկայի ազդեցության ներքո

Հիդրոէներգետիկայի ոլորտը մի կողմից, հանքարդյունաբերությանը՝ մյուս, մեծ ճնշում են գործադրում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի վրա: Եթե առաջինի պարագայում համայնքում գործող հիդրոէներգետիկ կառույցները հյուծում են ջրային պաշարները, ապա՝ 2020թ. հետո սրվել է նաև անվտանգության խնդիրը՝ պայմանավորված հետպատերազմական իրողություններով:

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Սիսիան քաղաքում ու Շաքի գյուղում տեղի բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը ներկայացրել է համայնքում առկա հիմնական սոցիալական, էկոլոգիական ու տնտեսական խնդիրները:

Ծրագրի ընթացքում Սիսիան խոշորացված համայնքի սոցիալական և էկոլոգիական վիճակի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա կազմվել է «ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ-ՁԵՎԱՉԱՓ», որում արտացոլված են ուսումնասիրությունների արդյունքները:

Սոցիալ-տնտեսական վիճակը Սիսիանում 

Սիսիան խոշորացված համայնքը միավորում է Սիսիան և Դաստակերտ քաղաքներն ու Դարբաս, Շամբ, Ախլաթյան, Թանահատ, Շաքի, Աղիտու, Թասիկ, Շենաթաղ, Անգեղակոթ, Իշխանասար, Որոտնավան, Աշոտավան, Լծեն, Սալվարդ, Արևիս, Լոր, Վաղատին, Բալաք, Հացավան, Տոլորս, Բնունիս, Մուցք, Տորունիք, Բռնակոթ, Նժդեհ, Ցղունի, Գետաթաղ, Նորավան, Ույծ, Շաղատ գյուղերը:

Ավելի քան 30 հազար բնակիչ ունեցող համայնքը սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ ունի՝ աղքատություն, սոցիալապես անապահով ընտանիքներ, գործազրկության բարձր ցուցանիշ, ցածր վարձատրություն, անբարեկարգ ոռոգման ցանցեր, գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիր: Ըստ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը  2019թ.» հրապարակման՝ Սիսիանում աղքատության ցուցանիշը կազմում է 4.1%Ըստ Սիսիանի զբաղվածության կենտրոնի՝ 2017թ. դրությամբ համայնքի քաղաքային բնակավայրերում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 955 մարդ: Զբաղվածների թիվը կազմել է 3189 մարդ: Համայնքի նպաստառու ընտանիքների թիվը 495 է: 

Հանքարդյունաբերությունը Սիսիանում

Համայնքում առկա են ինչպես մետաղական, այնպես էլ՝ ոչ մետաղական հանքավայրեր: Դաստակերտում է գտնվում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը, իսկ Արևիսում՝ Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

2020թ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի՝ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ Իսկ 2021թ-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն տվեց «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկարաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին: Դաստակերտում բաց վիճակով շարունակում են մնալ խորհրդային տարիներին շահագործված պղնձամոլիբդենային հանքի լցակույտերը, հանքախորշերը, ինչպես նաև վթարային վիճակում գտնվող պոչամբարը, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը:

Դաստակերտի 2017-2021թթ. զարգացման ծրագրի համաձայն՝ համայնքի սպառնալիքներից է պոչամբարի ջրահեռացումը: Մի քանի տարի է, ինչ պոչամբարի դերիվացիոն համակարգի քայքայման արդյունքում գետը, պոչամբարը քայքայելով, առու է բացել պոչամբարի մեջ։ Տեղանքի մակերեսի որոշ մասեր քայքայվել են՝ առաջացնելով խոռոչներ։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության 2019թ․ կատարած հետազոտությունների՝ պոչամբարում կուտակված են AL Si, SI, K, Ca, Ti. Fe, Mn. Ni. Cu, n. As. Rb. Sr. Y. Zn. Nb. Mo. Th քիմիական էլեմենտներ և նրանց միացություններ։

2020թ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվել է «Մարջան մայինինգ Քոմփանի» ընկերության՝ Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Ընկերությունունը սնանկ է ճանաչվել:

1959-1992թթ-ին Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտի տարածքում կատարված որոնողական և երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում առաջացած լցակույտերը և թափոնները մինչ օրս ռեկուլտիվացված չեն և աղտոտում են շրջակա միջավայրը: 

Թեև ինչպես Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, այնպես էլ համայնքի մնացած բնակավայրերում ‹‹Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի  կենտրոն›› ՊՈԱԿ-ը հողերում աղտոտիչների բաղադրության չափումներ չի իրականացնում, սակայն, ըստ Շրջակա միջվայրի նախարարի 2019թ-ի հոկտեմբերի 11-ի 337-Լ հրամանի, Դաստակերտի լքված պոչամբարի տարածքից վերցված նմուշներում հայտնաբերվել են մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության վրա ազդող մի շարք քիմիական նյութեր։

Ոչ մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունները Սիսիանում 8-ն են՝ «Նարեկ-ՍԷԱ», «Արմմանյու», «Ժայռակոփ», «Չոր Ձոր»,  «Սալբեկա», «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ-ները և «Սիսիան-Շիկ» ՓԲԸ-ն ու ԱՁ «Կամսար Մակարյան»-ը: Այս բոլոր ընկերություններն էլ բազալտի հանքավայրեր են շահագործում:

Համայնքի տարածքով հոսող գետերի աղտոտվածության մակարդակը 

Սիսիանում ջրային ռեսուրսների աղտոտման պատճառ են ինչպես հանքարդյունաբերական տարածքները, այնպես էլ՝ բնակավայրերը: «Որոտան գետի ջրի որակը 3-րդ դասից դարձել է 4-րդ դաս, Սիսիան գետի ջրի որակը 2-րդ դասից դարձել է 3-րդ և  4-րդ դաս։ Որոտան գետի ջրի որակը Սիսիան քաղաքից վերև հատվածում՝ «միջակ» է պայմանավորված մանգանով, վանադիումով և երկաթով, Սիսիան գյուղից ներքև և Տաթև գյուղի ՀԷԿ-ից ներքև հատվածներում «անբավարար»՝ պայմանավորված մանգանով: Մաքրման կայանի բացակայության պատճառով կեղտաջրերը և արտադրական թափոնները թափվում են Որոտան գետը: Սիսիան գետի ջրի որակը Արևիս գյուղից վերև ընկած հատվածում «միջակ» է,  իսկ  գետաբերանի հատվածում` «անբավարար»։ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքուղիներից հոսող հանքաջրերն անմիջականորեն թափվում են Կշկոշտի գետ։ Դաստակերտի վթարային պոչամբարն աղտոտում է Այրի գետը: Մարջանի լցակույտերից արտազատվող ծանր մետաղները և տոքսիկ նյութերն անձրևաջրերի հետ հոսում և թափվում են Սիսիան գետ և վերջինիս Սալվարդ վտակ, որոնց ջրերով իրենց հողերն են ոռոգում  Արևիսի բնակիչները։ Դարբասում էլ չկա կենտրոնացված կոյուղի և մաքրման կայան, և կեղտաջրերը թափվում են Լորագետ»,- նշեց Ռոզա Ջուլհակյանը:

Մթնոլորտային օդ

Սիսիան համայնքի մթնոլորտային օդի որակի մասին պատկեր հնարավոր չէ ստանալ, քանի որ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն›› ՊՈԱԿ-ը օդի որակի և աղտոտիչների բաղադրության չափումների դիտակետեր Սիսիանում չունի և չափումներ չի իրականացնում:

Հիդրոէներգետիկան Սիսիանում

Հիդրոէներգետիկան Սյունիքի մարզի տնտեսության գերակա ճյուղերից է: Այստեղ է գտնվում Որոտանի հիդրոհամալիրը, որտեղ արտադրվում է հանրապետության հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը և ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի՝ շուրջ 15%-ը։ Գործում են ևս 17 փոքր ՀԷԿ-եր: Հիդրոհամալիրն իր անխափան աշխատանքի համար օգտագործում է մարզի խոշոր ու ռազմավարական նշանակության ջրային պաշարները՝ Որոտան գետի ջրի ծավալի մոտ 85%-ն ու թվով 6՝ Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարները և մեկ օրական կարգավորման ջրամբար: Այս ջրաղբյուրներից, ինչպես նաև «Տաթև» ՀԷԿ-ի օրվա կարգավորող ջրամբարից (Որոտանի մայր ջրանցք) ու Քարահունջի ջրամբարից սնվող ջրանցքներով, գետերի և նրանց վտակների ջրերով գյուղատնտեսական նպատակներով օգտվում են նաև տեղի բնակիչները: Նշված ջրաղբյուրների գերշահագործման հետևանքով տնտեսությունը զարգացնելուն զուգահեռ մարզի խոշոր Գորիս և Սիսիան համայնքները պարբերաբար կանգնում են ոռոգման ջրի պակասուրդի խնդրի առաջ: Ոռոգման սեզոնին տարածաշրջանում առաջանում է ջրի դեֆիցիտ, ինչը պայմանավորված է ինչպես ոռոգման ցանցի ընդհանուր մաշվածությամբ, այնպես էլ այլ ջրօգտագործողների՝ մասնավորապես Որոտանի հիդրոհամալիրի և փոքր ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրի սահմանափակումների չպահպանմամբ։

  1. Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` «Սպանդարյան» (76 ՄՎտ), «Շամբ» (171 ՄՎտ) և «Տաթև» (157.2 ՄՎտ) ՀԷԿ-երից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ/ժամ: Նշենք, որ ՀՀ կառավարության 21.11.2013թ. №1496-Ա որոշմամբ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքային համալիրի հիմնական մասն օտարվեց «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ին։
  2. «Ապրես» փոքր ՀԷԿ – Ույծ բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը՝ 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Սյունիք» ՍՊԸ-ն: 
  3. «Իշխանասար» փոքր ՀԷԿ – Աղիտու բնակավայր:ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը՝ 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Միեզերք» ՍՊԸ-ն: 
  4. «Սմբուլ» փոքր ՀԷԿ - Անգեղակոթ բնակավայր: ՓՀԷԿ-ը ջրառ իրականացնում է «Սմբուլի ջուր» կոչվող աղբյուրից: ՓՀԷԿ-ը շահագործում է «Սմբուլ» ՍՊԸ-ն: 
  5. «Մանուկ» փոքր ՀԷԿ - Անգեղակոթ բնակավայր: ՓՀԷԿ-ը շահագործում է «Սմբուլ» ՍՊԸ-ն, օգտագործում է Վարդան Զորավար աղբյուրների ջրերը:
  6. «Անգեղակոթ» փոքր ՀԷԿ- Անգեղակոթ  բնակավայր: ՓՀԷԿ-ը շահագործում է «Ժ ԵՎ Կ ՀԷԿ» ՍՊԸ-ն: Այն օգտագործում է «Ջաղացի աղբյուր»-ի խմելու ջրերը: 
  7. «Գետափ» փոքր ՀԷԿ - Շաղատ բնակավայր: ՓՀԷԿ-ը ջրառ իրականացնում է Որոտանի վտակ  Արագիլ գետից և նրա ձախակողմյան վտակից: ՓՀԷԿ-ը շահագործում է «Ֆիրմա Գ.Ա.Խ» ՍՊԸ-ն: 
  8. «Շաղատ» փոքր ՀԷԿ - Շաղատ բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի Արագիլ վտակի վրա:  Այն շահագործում է «Շաղատ» ՍՊԸ-ն: 
  9. «Այրի» փոքր ՀԷԿ - Սոֆլու բնակավայր (մյուս անունը Նժդեհ բնակավայր): ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի Այրի վտակի վրա (երկարությունը՝ 25.5 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Զորաքար» ՓԲԸ-ն: 
  10. «Դաստակերտ» փոքր ՀԷԿ - Դաստակերտ բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Այրիի վտակ Կըշկոշտի գետի վրա (երկարությունը` 10 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԲԱՍԱ ՇԻՆ» ՍՊԸ-ն: 
  11. «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1» - Վաղատին բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Վաղուդ վտակի վրա (երկարությունը` 12 կմ): «ԶՈՐ-ԶՈՐ ՀԷԿ-1»-ը շահագործում է «Պարգև և Վարդան» ՍՊԸ-ն: 
  12. «ԶՈՐ-ԶՈՐ-2» փոքր ՀԷԿ - Վաղատին բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Վաղուդ վտակի վրա (երկարությունը` 12 կմ): «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷՆԵՐԳՈՁՈՐ» ՍՊԸ-ն: 
  13. «Դարբաս» փոքր ՀԷԿ -Դարբաս բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Լորաձոր վտակի վրա (երկարությունը` 23 կմ): «Դարբաս ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՖԱՄԻԱ» ՍՊԸ-ն: 
  14. «Լեռնաշեն-1» փոքր ՀԷԿ - Շենաթաղ բնակավայր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Լեռնաշեն վտակի վրա (երկարությունը` 23 կմ): «Լեռնաշեն-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Գուրգեն-Մհեր» ՍՊԸ-ն: 
  15. «Լոր ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ - Լոր և Շենաթաղ բնակավայրեր: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Լորաձոր վտակի վրա  (երկարությունը` 23 կմ): «Լոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Վեհ Լորեն»ՍՊԸ-ն: 
  16. «Արևիս-1» փոքր ՀԷԿ - Արևիս և Թասիկ բնակավայրեր: ՓՀԷԿ-ը կառուցված է Սիսիան գետի Գիժ վտակի վրա, (երկարությունը` 8,5 կմ): «Արևիս-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՔՍԱՏԻ» ՍՊԸ-ն: 
  17. «Բենզար էներջի» փոքր ՀԷԿ - Որոտան և Վաղատին բնակավայրերի վարչական տարածքներ: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի գետի Զոր-Զոր վտակի վրա (ըստ ՀԾԿՀ-ի՝ Վաղուդ վտակի վրա) (երկարությունը` 12 կմ): «Բենզար էներջի» ՓՀԷԿ-ը շահագործում է «Բենզար էներջի» ՍՊԸ-ն: 
  18. «Շաքի» փոքր ՀԷԿ - Շաքի բնակավայր:  ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Շաքի վտակի վրա (երկարությունը՝ 18 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Հակոբջանյան և Գալստյան» ՍՊԸ-ն։

Սիսիանի զարգացման հնարավորությունները

Վերոնշյալ բոլոր խնդիրներին զուգահեռ Սիսիանն ունի համայնքի զարգացման հնարավորություններ: «Գյուղատնտեսության զարգացման համար առկա են ռեսուրսներ, էկոլոգիապես մաքուր միջավայր, համայնքում արտադրված գյուղատնտեսական մթերքների էկոլոգիապես մաքուր որակ, գյուղատնտեսության և անասնապահության զարգացման հեռանկարներ, կապի և հաղորդակցության միջոցների համակարգերի առկայություն, զբոսաշրջության զարգացման նախադրյալներ՝ գրավիչ պատմամշակութային հարուստ ժառանգություն, բնության հուշարձաններ և օբյեկտներ»,- ասաց Ռոզա Ջուլհակյանը:

Համայնքի զարգացման հնարավոր նախադրյալներից մեկն էլ այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից նպատակային ծրագրերի իրականացման համար ֆինանսական օժանդակության ստացումն ու այդ ընկերությունների կողմից իրենց պայմանագրերում սոցիալ-կորպորատիվ պարտականությունների ներառումն է: Այս տեսանկյունից Սիսիանին շոշափելի աջակցություն է ցուցաբերում «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը: Ընկերությունն իր կորպորատիվ ռազմավարությանը համահունչ (սոցիալական ներդրումների ռազմավարություն) պարտավորվել է  ամեն տարի ընկերության ազդակիր համայնքներում իրականացնել կորպորատիվ, սոցիալական ծրագրեր որոշակի բյուջեի շրջանակներում:  Օրինակ, 2019-2021թ. ընկերությունն իրականացրել է հետևյալ ծրագրերը:

2019թ. «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն Սիսիան համայնքի Լծեն գյուղում 6,900 մլն դրամ արժեքով իրականացրել է «Փողոցային լուսավորության ապահովում Լծեն գյուղի համար» ծրագիրը։ Նույն տարում Սիսիան համայնքում իրականացրել է 123 հազար դրամ արժեքով ծառատունկ։

2020թ. Սիսիան համայնքում իրականացրել է 5,003 մլն դրամ արժեքով «Աջակցություն անվտանգ կրթության ապահովմանը» (32հատ ձեռքերի ախտահանման սենսորային դիսպենսերների, 32 հատ բժշկական ինֆրակարմիր ջերմաչափերի և 15 հատ սպասք լվացող մեքենաների նվիրաբերում) ծրագիրը։ Նույն թվականին Սիսիան և Գորիս համայնքներում իրականացրել է 8,09 մլն դրամ արժեքով «Կովիդ-19 պաշտպանության հավաքածուներ ՔԳՀԿ աշխատակիցների և նրանց ընտանիքների համար» (անհատական պաշտպանական միջոցների և մաքրող միջոցների նվիրաբերում» ծրագիրը, ինչպես նաև «Սիսիան Բժշկական Կենտրոնին բժշկական սարքավորումների նվիրաբերում» (շարական սոնոգրաֆի նվիրաբերում)» ծրագիրը՝ 7,06 մլն դրամ արժեքով։

2021թ. Սիսիան համայնքի Անգեղակոթ գյուղում իրականացրել է  5,040 մլն դրամ արժեքով «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Անգեղակոթ գյուղի հիմնական դպրոցի կահավորում (70 դպրոցական սեղանների և 140 դպրոցական աթոռների նվիրաբերում)»  ծրագիրը և Սիսիան համայնքի  Անգեղակոթ և Շաղաթ գյուղերում՝ «Թափոնների պատշաճ կառավարում Անգեղակոթ և Շաղաթ գյուղերում» (60 աղբամանների նվիրաբերում համայնքին) ծրագիրը՝ 8 մլն դրամ արժեքով։

Հարկավոր է նաև քաղաքականություն մշակել, որպեսզի համայնքի տարածքում գործող բիզնեսը ներդրումներ ունենա համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Մարտ 07, 2022 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր