

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Շաքի» փոքր ՀԷԿ: «Շաքի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շաքի համայնքի վարչական տարածքում, բնության հուշարձան «Շաքի» ջրվեժի հարեւանությամբ: ՓՀԷԿ-ը կառուցված է Շաքի գետի վրա (երկարությունը 17կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Շաքի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1936թ-ին: ՓՀԷԿ-ի նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում բացակայում է:
- Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 54.5մ է, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 2.1մ3/վ, դրվածքային հզորությունը՝ 840 կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 3.48827մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 25.06.1999-25.06.2029թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 04.05.2015-16.08.2020 թթ.: «Շաքի» ՓՀԷԿ-ը հաշվարկային է:
- ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 15 մ է, բարձրությունը՝ 2 մ:
- Պատվարի ձախ կողմից ջուրը մտնում է ջրանցք, որի մուտքին դրված է 8 սմ ճեղքերով աղբորսիչ։ Ձկնապաշտպան ցանց չկա: Ձկնանցարան չկա:
- Շաքի գետի հիմնական ձկնատեսակը կարմրախայտն է: Կարող են հանդիպել արևելյան տառեխիկը, կողակը, Կուրի բեղաձուկը: Վերջին տարիներին այս գետի ափերին գործում են ձկնաբուծարաններ, որտեղից պարբերաբար ձկներ են բաց թողնվում գետ, այդ թվում և պատահականորեն: Արդյունքում գետում կարող են հայտնվել նաև ծիածանախայտը, կարասը:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Շաքի» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում կարող է օգտագործել 47304.0 հազար խմ ջուր՝ գետում ապահովելով 0.2 խմ/վ բնապահպանական թողք: ՋԹ-ում չի նշվում ամսական ջրառի չափը:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Շաքի» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 4729805 կՎտ էլեկտրաէներգիա:
- ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում բնության հուշարձան Շաքիի ջրվեժը (Շաքիի ջրվեժը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման) ցամաքում է:
- Դերիվացիոն խողովակաշարի երկարությունը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 115*2մ է, տրամագիծը՝ 0.7մ: Իրականում, մոտ 120 մետր հոսելով ջրանցքով, ջուրը մտնում է դեպի ստորգետնյա թունել, որի երկարությունը մոտ 400 մետր է։ Թունելից հետո ջուրը 115 մ երկարությամբ երկու մետաղյա խողովակներով միջոցով իջնում է ՓՀԷԿ-ի կայանի շենք:
- Կայանում տեղադրված է 2 ագրեգատ, մեկը «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության, մյուսը՝ հին՝ գերմանական արտադրության: Դիտարկման պահին գործում էր մեկը։ Տուրբիններն ու գեներատորներից մեկը խորհրդային արտադրության են:
- Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
- Ջրառի և բնպահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
- Կայանի տարածքը բարեկարգված է, կանաչապատ և ծառապատ է:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափական սարքերի տեղադրում և ջրառի առցանց վերահսկում
- Անհրաժեշտության դեպքում կառուցել ձկնանցարան եւ տեղադրել ձկնապաշտպան ցանց:
- Վերանայել ՋԹ-ն: Այս ՓՀԷԿ-ի ջրառը ազդում է ՀՀ բնության հուշարձան «Շաքի» ջրվեժի ջրատվության վրա: 0,2 մ3/վ սահմանված բնապահպանական թողքը շատ քիչ է, և անհրաժեշտ է համապատասխան կարգավորումների միջոցով ապահովել ջրվեժի գեղագիտական նորմալ տեսքը՝ զբոսաշրջությանը չվնասելու համար։ Այդ նպատակով ՋԹ-ով տրված բնապահպանական թողքի քանակը պետք է վերանայել և դարձնել այն սեզոնային: Նույնիսկ կարելի է ցերեկվա և գիշերվա ժամերի համար տարբեր թվեր սահմանել։ Կայացնել այնպիսի որոշում, որում հաշվի առնվի բոլոր կողմերի շահերը՝ այդ թվում նաև շահագործողի։
- Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Փետրվար 26, 2016 at 11:54


















