

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գետափ» փոքր ՀԷԿ: «Գետափ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Շաղատ համայնքում: Ըստ ջրօգտագործման թույլտվության` այս ՓՀԷԿ-ը ջրառ իրականացնում է Որոտանի վտակ Արագիլ գետից եւ նրա ձախակողմյան վտակից: ՓՀԷԿ-ը շահագործում է «Ֆիրմա Գ.Ա.Խ» ՍՊԸ-ն: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում: Մոնիտորինգն իրականացվել է միայն կայանի տարածքում:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 143.0մ է, հաշվարկային ճնշումը` 82.0մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`1.101մ3/վ, դրվածքային հզորությունը 740 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 1.186495 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 2.578 մլն. կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 22.06.2007-22.06.2022թթ., ՓՀԷԿ-ի շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 03.12.2010-03.12.2013թթ.:
- Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրահեռացման կոորդինատների եւ իրական կոորդինատների միջեւ կան էական տարբերություններ. ՋԹ-ի կոորդինատներով ջրահեռացման կետը համընկնում է Արագիլ գետի վրա կառուցված մյուս ՓՀԷԿ-ի կայանին։
- Ընդհանուր 12 ամսվա ընթացքում ՓՀԷԿ-ը երկու գետերից կարող է վերցնել 12614.4 հազար/խմ ջուր` որպես բնապահպանական թողք գետ բաց թողնելով 0.036խմ/վ ջուր: Նշենք, որ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով նախատեսված է եղել 0.019 խմ/վ բնապահպանական թողք:
- Նախագծով նախատեսված պատվարը բետոնե կառույց է` 1.3մ բարձրությամբ, 30մ երկարությամբ: Գլխամասում նախատեսված է աստիճանաձեւ ձկնանցարան եւ ձկնապաշտպան ցանց:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գետափ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 11 ամիս` արտադրելով 471860 կՎտ էլեկտրաէներգիա:
- Արագիլ գետում հանդիպում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը: Հնարավոր է նաև ծիածանախայտի և արծաթափայլ կարասի ներթափանցումը:
- Դերիվացիոն խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 4568 մ է, տրամագիծը` 720 մմ: Այն դիտարկած հատվածում թաղված չէր։
- Կայանում տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության մեկ ագրեգատ:
- Կայանի տարածքը անբարեկարգ է եւ չցանկապատված։
Առաջարկություններ
- Ուսումնասիրել, թե ՋԹ-ով տրված 0,036 խմ/վ բնապահպանական թողքը որքանով է բավարար տվյալ գետի և շրջակա էկոհամակարգի նորմալ կենսագործունեության համար։
- Խողովակաշարը թաղել հողի տակ։
- Կայանի տարածքը ցանկապատել, բարեկարգել, կանաչապատել և տնկել ծառեր։
- Ճշգրտել ՓՀԷԿ-ի կոորդինատները:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 11, 2016 at 18:21




