Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման ՇՄԱԳ հայտը ստացել է դրական եզրակացություն

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման ՇՄԱԳ հայտը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկարաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին

Ըստ հայտի՝ երկրաբանական ուսումնասիրության ենթակա տարածքը կազմում է 50 հեկտար՝ ներառելով Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական և Հարավային տեղամասերը: Նախատեսվում է 13 հորատանցք, որից 7-ը կրկնորդ, իսկ 6-ը նոր հորատանցքեր են լինելու: Հորատահրապարակներով խախտվելիք և հետագա վերականգնման ենթակա տարածքը կկազմի շուրջ 400 քառ. մ:

Փորձաքննական եզրակացության մեջ նշվում է, որ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները չեն ունենա բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Բնապահպանական միջոցառումների և մոնիթորինգի իրականացման արդյունքում հանքավայրի շահագործման ընթացքում աղտոտվածությունն օդային և ջրային ավազանների, հողային ռեսուրսների և կենսաբազմազանության վրա կգտնվի թույլատրելի նորմերի սահմաններում: Սակայն, ըստ ներկայացված հայտի, ուսումնասիրվող տարածքով հոսող Կիշկոշտ գետից առնվազն 100 մետր հեռավորության վրա տեղադրվելու է 6 նոր հորատանցք, իսկ  գետի վրա ջրի մոնիթորինգի մշտական դիտակետեր չկան: Չկան նաև դիտակետեր մթնոլորտային օդի ֆոնային դիտարկումների համար: Եվ պարզ չէ, թե ինչպես է դիտակետերի բացակայության պայմաններում չափվելու աղտոտվածությունը:

Նախատեսվող աշխատանքների վերաբերյալ «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ»-ը  2020թ-ի դեկտեմբերին և 2021 թ-ի հոկտեմբերին հանրային լսումներ է անցկացրել Սիսիան համայնքում, որին ներկա են եղել ազդակիր Լոր և Դաստակերտ բնակավայրերի վարչական ղեկավարները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Ըստ փորձաքննական եզրակացության՝ բարձրաձայնվել են հարցեր՝ կապված հարակից տարածքներում առկա ջրօգտագործման աղբյուրների պահպանության և դրանց անվտանգ օգտագործման հետ: Ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ նախատեսված 13 հորատանցքերից 7-ի տեղադիրքն արդեն որոշված է և ներկայացված, իսկ 6-ի տեղադիրքերը կընտրվեն նախկինում անցկացված հորատանցքերի հարակից տարածքներում՝ հաշվի առնելով ջրային ռեսուրսի սանիտարական պահպանման գոտիները:

Դաստակերտի պոչամբարը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակցությունը տրամադրել է պայմանով, որ ընկերությունը կիրակացնի գործունեություն ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 20 հունվարի 2005 թվականի թիվ 64-Ն «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին», ՀՀ կառավարության 02.11.2017 թվականի թիվ 1404-Ն և 08.09.2011 թվականի թիվ 1396-Ն, ՀՀ կառավարության 22 փետրվարի 2018թ. N 191-Ն որոշումների, ՀՀ Կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշման 43-րդ կետի և առողջապահության նախարարի 2012թ. սեպտեմբերի 19-ի թիվ 15-Ն հրամանի:

Հիշեցնենք, որ Դաստակերտի հանքավայրի շահագործման իրավունքը նախկինում տրված էր «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին, որի բաժնեմասի 100% փաթեթը պատկանում է Forbes-ի ռուս միլիարդատերեր Դմիտրի Կորժևին և Դմիտրի Տրոիցկուն: Ընկերությունը պետք է հանքավայրը շահագործեր 06.11.2012թ-ից՝ 9.2 տարի ժամկետով, սակայն չի շահագործել՝ պատճառաբանելով 2013-2018թթ. պղնձի և մոլիբդենի ցածր գները և հանքի շահագործման տնտեսապես անշահավետությունը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի կողմից արդեն 2018թ-ին հողօգտագործման իրավունք չտրամադրելը: Այս ընկերությունն իր ընդերքօգտագործման պայմանագրով բնապահպանական պարտավորություններ էր ստանձնել՝ ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, բնության, պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասեր: Սակայն «ԷկոԼուրի» իրականացրած ուսումնասիրությամբ պարզվեց, որ ընկերությունը կատարել է միայն հետազոտական աշխատանքներ, և նրա կողմից բացված հորատանցքերը վաղուց փակված են հողով:

2020թ-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Ընկերությունը դատական կարգով բողոքարկել է այդ հրամանը, և դեռ չկա կայացված որոշում:

Նոյեմբեր 09, 2021 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր