

Սյունիքի մարզում Կապան քաղաքի հարևանությամբ գտնվող Հայաստանի ամենամեծ Արծվանիկի պոչամբարը երկար տարիներ շրջակա միջավայրի աղտոտման, բնակչության առողջության վրա ազդեցության, գյուղմթերքի իրացման խնդիրներ է ստեղծում պոչամբարի հարակից բնակավայրերում:

Տուժող գյուղերից մեկն էլ Սյունիքն է, որի բնակիչներին ամենից շատ մտահոգում է քաղցկեղով հիվանդների թվի ավելացումը: Սյունիքի բնակիչ Սուսաննա Ալթունյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ քաղցկեղի դեպքերի շատանալը կապում են պոչամբարի առկայության հետ:

Պոչամբարի առաջացրած մյուս խնդիրը ջրային ռեսուրսների աղտոտումն է ծանր մետաղներով: Սյունիքում ոռոգումն իրականացվում է Աճանան գետի ջրով, որի մեջ Արծվանիկի պոչամբարի պոչատարի վթարների դեպքում լցվում են թունավոր պոչերը: «Եթե վթար է լինում, առվի մեջ ամբողջը նստվածք է տված լինում: Մշակաբույսերը չեն աճում: Մի անգամ քաղես, լավ է: Դեղնում են, հիվանդանում, որովհետև ջուրը կեղտոտ է, օդը՝ կեղտոտ: Եթե քամի է լինում, զգացվում է պոչամբարից եկող հոտը»,- ասաց Սուսաննա Ալթունյանը: Ըստ նրա՝ մյուս խնդիրն աղտոտված ջրերով ոռոգվող գյուղմթերքի իրացումն է: «Մեր բերք-բարիքը, կանաչեղենը տանում ենք քաղաք, չեն ուզում, ասում են՝ ձեր ջուրը կեղտոտ է: Ստիպված ավելի ցածր գներով ենք վաճառում: Բաղի բերքն էլ վնասակար է, վնասակար չէ, օգտագործում ենք»,- նշեց նա:
Արծվանիկի պոչամբարի մասին
Արծվանիկի պոչամբարն ամենախոշորն է Հայաստանում գործող պոչամբարների շարքում: Այս պոչամբարի ընթացիկ ծավալը կազմում է հանրապետության բոլոր պոչամբարների ընդհանուր ծավալի 75%-ը: Պոչամբար են լցվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող համանուն կոմբինատի պոչերը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ պոչամբարի հարակից տարածքը հագեցած է ամենատարբեր տոքսիկ նյութերով: «Կարող են հանդիպել նաև ռադիոակտիվ նյութեր: Այն ամենն, ինչ հանդիպում է Քաջարանի հանքավայրում, մենք կարող ենք ավելի հագեցված հանդիպել այստեղ»,- նշեց նա:

Հողերի աղտոտումը կարող է պոտենցիալ թունավոր ազդեցություն ունենալ կենդանի օրգանիզմների վրա՝ սննդային շղթայի միջոցով: Ծանր մետաղները փոխանցվում են հողին, հողից՝ բանջարեղենին և դրանք ուտելու արդյունքում հայտնվում մարդու օրգանիզմում: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ Սյունիք գյուղում աճած գյուղմթերքում բարձր է մկնդեղի, կապարի, սնդիկի, պղնձի, մոլիբդենի, նիկելի, քրոմի, ցինկի, կադմիումի պարունակությունը, ինչը նշանակում է, որ ծանր մետաղները թափանցել են սննդային շղթա:
Կան մի քանի ուսումնասիրություններ, որոնք նշում են, թե ծանր մետաղներն ինչպիսի ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա: Մասնավորապես՝ կապարը, կադմիումը, սնդիկն ու մկնդեղը կարող են առաջացնել մուտագեն, տերատոգեն և քաղցկեղածին ազդեցություն նույնիսկ ցածր կոնցենտրացիաների դեպքում: Մոլիբդենի, պղնձի և ցինկի ավելցուկը կարող է հանգեցնել մարմնի կենսաբանական գործունեության խանգարումների:
Պոչամբար՝ գյուղի փոխարեն
Տարածքը, որը ներկայումս զբացեղնում է Արծվանիկի պոչամբարը, նախկինում եղել է վարելահող ու արոտավայր: Այստեղ գյուղատնտեսությամբ են զբաղվել տեղի բնակիչները: Սակայն տարեցտարի վարելահողերն ու արոտավայրը կրճատվել են՝ իրենց տեղը զիջելով թունավոր միացություններով հագեցած պոչամբարին:

Արծվանիկ գյուղն ու պոչամբարը
Մինչ համայնքային խոշորացումը ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում Արծվանիկի համայնքապետը նշել էր, որ առաջին անգամ Արծվանիկ գյուղից պոչամբարի համար հող վերցվել է 1973թ.՝ 240 հեկտար, այնուհետև 2006թ.՝ 102 հեկտար: 2015թ. մայիսի 21-ին 791 Ն որոշմամբ՝ 274.8378 հեկտար: 2015թ. մայիսի 21-ի ՀՀ կառավարության 791-Ն որոշմամբ Արծվանիկ պոչամբարի ընդլայնման համար բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ ընդհանուր 491.8093 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ: Այդ 5 գյուղերից ամենից շատ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվել է Արծվանիկ գյուղի` 274.8378 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ:
Բնակիչները, սակայն, այդ որոշման դեմ բոյկոտելու փորձ են արել, ինչի արդյունքում 2019թ. փետրվարին «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի և Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի բնակիչների միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ որպես նվիրատվություն յուրաքանչյուր բնակիչ ամսական կստանա 40 հազարական դրամ: Այդ նվիրատվությունը տրվել է՝ նպատակ ունենալով մեղմել Արծվանիկ պոչամբարի շրջակա գյուղական բնակավայրերում փաստացի բնակվող շահառուների սոցիալական վիճակի վրա անբարենպաստ ազդեցությունը:
Սակայն նվիրատվությունները չեն թեթևացրել գյուղացիների հոգսերը: Մարդիկ ափսոսանքով հիշում են, որ պոչամբարի տակ մնացած իրենց այգիներից ու վարելահողերից ժամանակին մեծ բերք ու եկամուտ էին ստանում: «Մենակ տնամերձ է հիմա, մնացածը անցել է պոչամբարի տակ: Բանջար էինք հավաքում, այգիները տանձով, խնձորով լիքն էր: Ամեն մարդ իր այգին մշակում էր, իր բերքը բերում էր տուն»,- ասաց Արծվանիկի բնակիչը:

Վերջինս նշեց, որ հողերի տրամադրումը ԶՊՄԿ-ին իրենց կամքով չի եղել: «Մարդիկ ինքնակամ չեն տվել, ջուրը եկել, հասել է, տարածքը ծածկել»,- ասաց նա:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ պոչամբարի տարածքի ընդլայնումը հատկապես նկատելի է վերջին տարիներին: Նա ընդգծեց, որ պոչամբարի ծավալը խոսում է այն մասին, թե որքան է մեծացել Քաջարանի հանքավայրի աշխատանքի ծավալը:
«Հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխության ՇՄԱԳ հայտի մեջ գրված է, որ պոչամբարի պոտենցիալ ծավալը պետք է հասնի 350 միլիոն խմ-ի: Գրված էր, որ մի քանի տարի առաջ կազմում էր 212 միլիոն խմ, բայց կարևոր է վերջնական թիվը: Եթե ընկերությունը պաշտոնական տվյալներով տարեկան արդյունահանում է 22 միլիոն խմ հանքաքար, որից 21 միլիոնը դուրս է գալիս պոչ, ապա ի՞նչ պետք է լինի այս պոչամբարի հետ մի քանի տարի հետո: Այստեղ չկա ուրիշ ձոր: Ուրեմն պետք է լայնացնեն պոչամբարը հարակից գյուղերի տարածքների հաշվին: Չեմ կասկածում, որ մի քանի տարի անց ունենանք նոր հայտ, նոր տարածքներ, նոր պոչամբար...»,- նշեց Ինգա Զարաֆյանը:
Պոչամբարի ծավալի կտրուկ մեծացման մասին «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց. «Երկու տարի առաջ ուղիղ կեսն է եղել այս տարածքի: Սա լուրջ պետական մոնիթորինգի ու վերահսկողության խնդիր է»: Նազելի Վարդանյանը մատնանշեց ևս մեկ խնդիր. «Մենք տեսնում ենք, որ ջրային ավազանի աղտոտում է լինում: Ներծծվում է, արտեզյան ջրի ավազան է գնում, այն կապված է Սյունիքի ջրային ավազանի հետ, որը սնուցում է Սպանդարյանի ջրամբարը, որն էլ իր հերթին լցվում է Սևանա լիճ»: Մյուս խնդիրն, ըստ Նազելի Վարդանյանի, բուֆերային գոտիների բացակայությունն է: «Ոչ մի ցանկապատ, ոչ մի պաշտպանիչ միջոց չկա: Տեխնիկապես սխալ է կառուցված: Անասունը գնալու է, արածի, երեխան վազելու է՝ ընկնի մեջը, և ոչ մի պատասխանատվություն չկա դրա համար»,- ասաց նա:
Նշենք, որ 2018թ. ԶՊՄԿ-ն հայտնեց նոր պոչամբարի համար տարածքի որոնման մասին: Սակայն մինչ այժմ չկա պաշտոնական հայտարարություն այն մասին, թե որտեղ և երբ է նախատեսվոմ նոր պոչամբարի կառուցումը և երբ է ռեկուլտիվացվելու Արծվանիկի պոչամբարը:
Նոյեմբեր 09, 2021 at 15:01
