Գյուլագարակի համայնքապետարանը բացասական կարծիք է ներկայացրել «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

Գյուլագարակի համայնքապետարանը բացասական կարծիք է ներկայացրել  «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչները ստորագրահավաք են սկսել Ձորագետի վրա նոր ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի դեմ: Ստորագրահավաքին 2021թ. նոյեմբերի 16-ի դրությամբ միացել է 400 բնակիչ՝ պահանջելով Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանից բացասական եզրակացություն ներկայացնել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծին:

«Մենք` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչներս, դեմ ենք Ձորագետի վրա «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի կառուցմանը։

Պահանջում ենք Գյուլագարակ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններից պաշտպանել համայնքի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Կուրթան բնակավայրի բնակիչների օրինական շահերն ու իրավունքներն ու օրենքով սահմանված կարգով կասեցնել գործընթացը՝ ներկայացնելով բացասական եզրակացություն Ձորագետ գետի վրա «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀԷԿ-ի կառուցման նախագծին»,- նշված է ստորագություններին կցված նամակում:

Հիմնվելով բնակիչների կարծիքի, ՓՀԷԿ-ի կառուցումը մերժելու «ԷկոԼուր» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ բերված հիմնավորումների, ինչպես նաև նոյեմբերի 8-ին Կուրթանում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ ՓՀԷԿ-ի կառուցման վնասների ու ռիսկերի վերաբերյալ հարցադրումներին «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի ոչ լիարժեք արձագանքի վրա՝ Գյուլագարակի համայնքապետարանը նախատեսվող գործունեության վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել:

Նշենք, որ Գյուլագարակի համայնքապետարանը կուրթանեցիների ստորագրություններով կցված նամակն ու ՓՀԷԿ կառուցելու վերաբերյալ համաձայանություն չտրամադրելու մասին իր կարծիքը օրերս ուղարկել էր Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ և «Լոռվա Ամրոց» ՍՊԸ:

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրենց հայտարարության մեջ մասնավերապես նշել էին.

1.«Լոռիբերդ» ՓՀԷԿ-ը չի կարող կառուցվել Ձորագետ գետի վրա, քանի որ ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշման համաձայն Ձորագետը մեկն է այն 25 գետերից, որոնց վրա այս որոշմամբ արգելվում է փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Շրջակա միջավայրի նախարարությունն ընդհանրապես պետք է մերժի փորձաքննել այս ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ հայտը՝ հիմք ընդունելով  այս որոշումը, որը հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է մշակել:

 2.Սուր կոնֆլիկտային իրավիճակի և առկա ճնշումների պարագայում անհնար է պարզել Կուրթան գյուղի բնակչության կողմնորոշումը «Լոռիբերդ» ՀԷԿ-ի կառուցման կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ տվյալ լսման միջոցով:

  1. Վարդաբլուր, Գյուլագարակ, Ամրակից բնակավայրերի բնակիչներն ահազանգում են, որ նրանց ավելի մեծ չափի վնաս կարող է հասցվել, սակայն իրենց կարծիքը չեն հարցնում և հանրային լսում իրենց գյուղերում չեն կազմակերպել, ինչը, հաշվի առնելով նախագծի ռիսկերը, պարտադիր էր: Բնակիչները նաև ահազանգել են հասարակական կազմակերպություններին, որ իրենք արդեն իսկ բախվում են ջրային պակասուրդի հետ, ինչը տարեցտարի խորանում է կլիմայի փոփոխության և գետի ջրհոսքի շարունակական նվազման պայմաններում:
  2. Այս նախագիծը կարող է բացասաբար անդրադառնալ գյուղերում նոր զարգացում ապրող տուրիստական գործունեության վրա, որը հիմնված է յուրահատուկ լանդշաֆտների, բնակլիմայակայան բարենպաստ պայմանների և պատմամշակութային ժառանգության վրա:
  3. Ընկերության ներկայացուցիչները չպատասխանեցին գյուղացիների պահանջին՝ մանրակրկտորեն ներկայացնել ՀԷԿ-ի կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր վտանգներն ու ռիսկերը և դրանք չեզոքացնելու իրենց մոտեցումները:
  4. Համայնքի բնակիչներն իրազեկվածության ցածր մակարդակ ունեն հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման օրենսդրական պահանջների մասին:

Նոյեմբեր 16, 2021 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր