«Այրի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Այրի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Այրի» փոքր ՀԷԿ: «Այրի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Սոֆլու համայնքում (մյուս անունը Նժդեհ համայնք), կառուցված է Որոտանի Այրի վտակի վրա (երկարությունը 25.5 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Զորաքար» ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործվում է 2008թ-ից:
  • Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 109.0մ է, հաշվարկային ճնշումը` 75.99մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`1.8մ3/վ, դրվածքային հզորությունը  1280 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի, 2.327108մլն.կՎտ.ժամ   է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4.353 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 30.07.2008-30.07.2023թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 26.12.2011- 26.12.2014թթ.:
  • Պատվարի երկարությունը իրականում 18մ է, բարձրությունը 1,7 մ նախագծային 35.6մ երկարության եւ 1մ բարձրության փոխարեն:  Բետոնե կառույց է, որը լրացուցիչ բարձրացված է մետաղյա կոնստրուկցիայով։ Պատվարից վերև առաջացել է արհեստական լճակ, որտեղ լողանում են գյուղի երեխաները:
  • Գլխամասում առկա է  կիսամաշված 6 աստիճաններով մոտ 7.5 մ երկարությամբ և 1.10 մ լայնությամբ բետոնե կասկադային ձկնուղի: Յուրաքանչյուր աստիճանն ունի մոտ 140 սմ երկարություն և 20-30 սմ բարձրություն մեկը մյուսի նկատմամբ: Ձկնուղին կիսաքայքայված է, ինչը նպաստավոր է ձկների տեղաշարժման համար, բացառությամբ ամենավերին աստիճանի, որը լրացուցիչ դրված մետաղական պատվարի շնորհիվ ունի 60 սմ բարձրություն և գրեթե անանցանելի արգելք է գաղթող ձկնատեսակների համար:
  • Այրի գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ:
  • Գետի հունի վրա գլխամասի պատվարից առաջացած լճակը և ձկնուղու գործող տիպը նպաստավոր պայմաններ չեն ստեղծում վերոգրյալ ձկնատեսակների բնականոն կենսագործունեության համար:
  • Գլխամասում բացակայում է ձկնապաշտպան ցանցը, թեպետ նախագծով նախատեսված է: Առկա է ջրի տակ ընկղմված 2.8 մ երկարությամբ աղբորսիչ ճաղավանդակ, որի ճաղերի միջև հեռավորությունը 2.5-4 սմ է: Ճաղերի միջև այդքան տարածություն ունեցող ճաղավանդակը չի կարող խոչընդոտել մինչև 14 սմ երկարություն ունեցող ձկների մուտքը դերիվացիոն խողովակաշար:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Այրի» ՓՀԷԿ-ը կարող է աշխատել տարվա 12 ամիսներին ` օգտագործելով 54412.5 հազար խմ ջուր եւ գետ բաց թողնելով 0.1մ3/վ բնապահպանական թողք:
  • Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում: Սակայն կատարվում էր ջրառ ոռոգման համար, որից հետո գետում մնացել էր մոտ 60 լ/վրկ ջրաքանակ։ Մինչև կայան հասնելը կան բնակավայրեր, որոնց անհրաժեշտ է ոռոգման ջուր, և անհասկանալի է դրա բաշխման մեխանիզմն ինչպես է իրականացվում և որքանով է արդար։ ՓՀԷԿ-ի կայանից մոտ 100 մետր վերև կա բաշխիչ կետ, որտեղ խողովակը բաժանվում է 2 գծի, որոնցից մեկը իջնում է կայան, իսկ մյուսը շարունակվում է ևս մոտ 12 կմ մինչև Ախլաթյան և Տոլորս համայնքների հողատարածքներ՝ ոռոգման ջուր մատակարարելու նպատակով։ Ջրի բաշխումը կատարվում է աչքաչափով, ոչ մի հաշվառում և վերահսկում չկա։
  • ՓՀԷԿ-ի ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ։
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Այրի» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 2032861 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է: Խողովակաշարի երկարությունը, համապատասխանում է նախագծի տվյալին.   երկարություն 4284մ է, տրամագիծը`1000 մմ: Դիտարկած հատվածներում այն թաղված էր, տարածքը` ռեկուլտիվացված: Դիտարկման  պահին կառուցվում էր նոր խողովակաշար՝ նաև Այրիի վտակ Կըշկոշտի գետից ջրառ իրականացնելու նպատակով։
  • Կայանում նախագծին համապատասխան  տեղադրված է 2 ագրեգատ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված 1 տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • Կայանի տարածքը ցանկապատված և կանաչապատված չէ։
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:

Առաջարկություններ 

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում, գետին բնորոշ ձկների անարգել տեղաշարժ:
  2. Ապամոնտաժել ձկնանցարանի վերևում տեղադրված մետաղյա կոնստրուկցիան։
  3. Հրաժարվել պատվարից և ջրառն իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։
  4. Ջրի բաշխումը ոռոգման և էներգետիկ նպատակներով իրականացնել խիստ վերահսկողության պայմաններում։
  5. Տեղադրել ժամանակակից արդյունավետ սարքավորումներ՝ ամբողջովին ավտոմատ կառավարման ապահովմամբ, քանի որ ագրեգատների արդյունավետությունը խիստ կասկածելի է։
  6. Կայանի տարածքը ցանկապատել, բարեկարգել, կանաչապատել և տնկել ծառեր։
  7. Տրանսֆոմատորը կահավորել յուղորսիչ համակարգով:
  8. Պարզել Կըշկոշտի գետից ջրառ իրականացնելու համար կառուցվող նոր խողովակաշարի թույլտվությունների առկայությունը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Փետրվար 05, 2016 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր