30 տարի տիրազուրկ համարվող Մարջանի հանքի թափոնները դարձել են դատական վեճի պատճառ

30 տարի տիրազուրկ համարվող Մարջանի հանքի թափոնները դարձել են դատական վեճի պատճառ

Սիսիանի անտառում շուրջ 30 տարի լքված հանքարդյունաբերական թափոնները աղտոտում են շրջակա միջավայրը՝ օդը, հողը, գետերը:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Դրանք 1959-1992թթ-ին Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտի տարածքում կատարված որոնողական և երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում առաջացած լցակույտերը և թափոններն են, որոնք  մինչ օրս ռեկուլտիվացված չեն: Հանքի ազդեցության գոտում է գտնվում խոշորացված Սիսիան համայնքի Արևիս սահմանամերձ բնակավայրը, որը ոռոգում է իրականացնում Սիսիան գետի և վերջինիս վտակի՝ Սալվարդի ջրերով, որոնք աղտոտված են այդ թափոններից արտազատվող ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով:

«Կոմունիստների ժամանակ հանքում ուսումնասիրություն է կատարվել: Այնտեղից հանել են ու թափոնները թափել անտառի մեջ, ամբողջը լցրել են ծառերի վրա։ Դրանք լցվում են գետ: Ու մարդիկ ջրում են. հազար թույն կա։ Գետի վերևի մասում ջուրը կաթի գույն ունի»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արևիս բնակավայրի վարչական ներկայացուցիչ   Սասուն Սահակյանը։ Սիսիան գետը հոսում է Տոլորսի ջրամբար, որի ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020թ-ի տվյալների համաձայն` Սիսիան գետը գետաբերանում ունեցել է 4-րդ դասի աղտոտվածություն՝ պայմանավորված վանադիումի, երկաթի, ալյումինի և մոլիբդենի պարունակությամբ: Հատկապես բարձր է եղել մոլիբդենի պարունակությունը:

Մարջանի հանքավայրի թափոնների տարածքները 2009թ-ից ներառվել են «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի ՀԱ-Լ-411 հատուկ լիզենզիայով տրամադրված տարածքի մեջ: Այս ընկերությունը նախատեսել էր հանքավայրի կենտրոնական հատվածից և թևերից իրականացնել 60190 տ հանքաքարի փորձնական արդյունահանում՝ վերամշակման տեխնոլոգիական ցուցանիշների որոշման նպատակով: Սակայն 2013 թվականից վերաձևակերպված NՊՎ-398 ընդերքօգտագործման պայմանագրում որպես ընդերքօգտագործող նշվել է «Մարջան Մայնինգ Քոմփանի» ընկերությունը, որը, ըստ փաստաթղթի, 1959-1992թթ-ին ձևավորված լցակույտերի ռեկուլտիվացիայի մասով որևէ պարտավորություն չի կրել, դրանք համարվել են տիրազուրկ/լքված: Սակայն միևնույն ժամանակ «Մարջան մայնինգ Քոմփանի» ընկերության ընդերքօգտագործման պայմանագրով պայման է եղել ընկերության առաջ՝ նոր աշխատանքային նախագիծ մշակել: Լցակույտերի ռեկուլտիվացիայի խնդիրը նպատակահարմար է համարվել քննարկել այդ աշխատանքային ծրագրի կամ տարածքի (հանքավայր, լցակույտ և այլն) ռեկուլտիվացիայի և կոնսերվացման նախագծային փաստաթղթերի շրջանակներում: Այս մասին նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա» փաստաթղթում

Մեր կողմից նշենք, որ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ընկերությանը տրված ընդերքօգտագործման պայմանագրով ընկերությունը հանքը պետք է շահագործեր մինչև 2033 թ-ը: Այսինքն՝ մինչև այդ ժամանակը թափոնները պետք է մնային տիրազուրկ և շարունակեին իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Այս թափոնների գնորդը կա, մարդիկ ուզում են տանել, մշակել: Որքան տեղյակ եմ, նախարարությունը դատի է տվել դրա համար: Դատի տվող մարդիկ պիտի գան, այստեղ ապրեն, այդ թափոնների կողքին, որ հասկանան: Ես համաձայն եմ՝ ձրի էլ տանեն: Միայն թե տանեն: Չես կարող շնչել, ծծումբի հոտը սպանում է»,- ասաց Արևիսի վարչական ներկայացուցիչը ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մարջան Մայնինգ Քոմփանի» ընկերությունը Մարջանի հանքը չի շահագործել: ՀՀ սնանկության դատարանի 04.02.2019թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: 2020թ-ի հունիսի 25-ին ՀՀ սնանկության դատարանը կայացրել է  «Գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին» որոշումը, որով «Մարջան մայինինգ Քոմփանի» ընկերության սնանկության կառավարչին թույլատրել է խորհրդային տարիներին առաջացած թափոնները՝ 27000 տոննա, ուղղակի գործարքով՝ յուրաքանչյուր տոննան 17460 ՀՀ դրամով (որից արժեքը՝ 14550 ՀՀ դրամ, ԱԱՀ՝ 2910 ՀՀ դրամ), մինչև 30.11.2020 թվականը վճարման պայմանով վաճառել «ՄԼԼ Մոթորս» ՍՊԸ-ին: Սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այդ մասով մտել է դատական վեճի մեջ՝ հիմնավորելով իր բողոքը նրանով, որ  այդ արտադրական լցակույտերը (թափոնները) տնօրինելու իրավունքը պատկանում է պետությանը, քանի որ դրանք չեն առաջացել ընկերության սեփական գործունեության արդյունքում:

2020 թվականի հոկտեմբերի 29-ին դատարանը որոշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարել, ՀՀ սնանկության դատարանի՝ «Գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին» 25.06.2020 թվականի թիվ ԵԴ/0922/04/18 որոշումը վերացնել և Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում գտնվող 27000 տոննա թափոնակույտն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տրամադրելու հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:

2020թ-ի հուլիսի 29-ի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվել է  «Մարջան մայինինգ Քոմփանի» ընկերության իրավունքը: 

«Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Մարջան մայինինգ Քոմփանի» ՍՊԸ-ն պարտավորություն է ունեցել  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարել 7853000 դրամ, որից, ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ԱՃԹՆ շրջանակներում հրապարակած 2017թ-ի հաշվետվության հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վճարել է 1179000 դրամ:

Ընկերության ընդերքօգտագործման պայմանագրում ամրագրված չեն եղել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցության կոնկրետ պարտավորություններ: Սակայն Արևիսի վարչական ներկայացուցիչ Սասուն Սահակյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը բարեգործական ծրագրեր իրականացրել է բնակավայրում: «Բարեգործական ծրագրերի շրջանակում ընկերությունը  վերանորոգել է դպրոցը, դպրոցի համար գույք է գնել»,- ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ կողմ է հանքի շահագործմանը՝ գյուղը զարգացնելու համար. «Գյուղը մի քիչ ծաղկեր, աշխատատեղեր բացվեն, մարդիկ աշխատեին: Ուսումնասիրություններ կատարելու ժամանակ գյուղից մի քանի ամիս 4-6 ընտանիք աշխատել են»:

Գյուղտեխնիկայի բացակայությունը, միջպետական ճանապարհների անբարեկարգ վիճակը, շուկայի բացակայությունը Արևիսի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից են: «Ճանապարհ չունենք: Պետությունը չի էլ իմանում՝ այս գյուղը կա, թե չկա։ Խոշորացումից լավ բան չենք տեսել, ամեն ինչ դժվարացել է: Մարդիկ հեռանում են գյուղից»,- ասաց նա։ 

Սիսիանի համայնքապետի տեղակալ Վարդան Իվանյանը, անդրադառնալով հանքի շահագործման հարցին, ասաց. «Հանքարդյունաբերությունը կարճաժամկետ,  տնտեսական ցածր մակարդակի շատ արագ լուծման ձև է: Ավելի լավ է գյուղատնտեսության և կանաչ արտադրության վրա կայուն, դաժան, ծանր ճանապարհ անցնենք, բայց դա լինի կանաչ արտադրություն և 30 տարի հետո մեր արտադրությունը գնալով զարգանա»։ 

Սիսիանի (Արևիս) սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի աղտոտվածության մեղմման, ընդերքօգտագործող ընկերության գործունեության թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ բնակիչների առաջարկները

- Օրենքով սահմանել ընդերքօգտագործող ընկերությունների պարտավորությունները ազդակիր բնակավայրերի նկատմամբ
- Հրապարակային դարձնել ընդերքօգտագործող ընկերությունների հաշվետվություններն ու կատարած աշխատանքները 
- Հեռացնել Սիսիանի անտառում լցված հանքարդյունաբերական թափոնները
- Նոր աշխատատեղեր ստեղծել
- Վերանորոգել Արևիսի ճանապարհները
- Հատկացնել  Արևիսին գյուղտեխնիկա
- Հիմնովին կառուցել Արևիսի համար նոր դպրոց
- Ստեղծել գյուղատնտեսական շուկաներ՝ գյումթերքի իրացումը դյուրացնելու նպատակով
- Կազմակերպել անվճար ընդհանուր բուժստուգումներ
- Սիսիանի տարածաշրջանի բժշկական հաստատություններն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով
- Սիսիանի տարածաշրջանում զարգացնել տուրիզմը և գյուղատնտեսությունը

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Մարտ 01, 2021 at 12:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր