

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Շաղատ» փոքր ՀԷԿ: «Շաղատ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Շաղատ համայնքում: Այս ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի Արագիլ վտակի վրա: ՓՀԷԿ-ը շահագործում է «Շաղատ» ՍՊԸ-ն: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր գործում:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 31.1մ է, հաշվարկային ճնշումը` 20.2մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`0.35մ3/վ, դրվածքային հզորությունը 55 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 0.169015մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 2.83 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 27.09.2007- 27.09.2022թթ., ՓՀԷԿ-ի կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 27.01.2012 - 27. 01.2015թթ..:
- Ջրօգտագործման թույլտվության համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է տարվա 12 ամիսների ընթացքում Արագիլ գետից վերցնել 5465.6 հազար/խմ ջուր` ապահովելով 0.04 խմ/վ բնապահպանական թողք:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Շաղատ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 151538 կՎտ էլեկտրաէներգիա:
- Ջրառը կատարվում է Արագիլ գետից պատվարային եղանակով՝ «Գետափ» ՓՀԷԿ-ի ջրահեռացման կետից 60 մետր հեռավորության վրա։
- ՓՀԷԿ-ի պատվարն ունի 15 մետր երկարություն և 1,5 մետր բարձրություն, նախագծով նախատեսված 24մ երկարության եւ 0.4մ բարձրության փոխարեն:
- Քառաստիճան ձկնանացարանը դիտարկման պահին ամբողջովին պոկված էր պատվարից և ընկած էր գետի մեջ, ըստ երևույթին, շատ վաղուց:
- Պատվարի աջ կողմում գտնվող տղմազտարանի դիմաց կան 10 սմ լայնությամբ ճաղավանդակներ, որոնց միջով ձկները կարող են մտնել խողովակաշարի մեջ: Ձկնապաշտպան ցանցը բացակայում է:
- Տղմազտարանից բացված է 20 սմ տրամագծով անցք՝ ամենայն հավանականությամբ բնապահպանական թողքի համար:
- Արագիլ գետում հանդիպում են կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը: Հնարավոր է նաև ծիածանախայտի և արծաթափայլ կարասի ներթափանցումը:
- ՓՀԷԿ-ի ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ։
- Դերիվացիոն խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1263մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի, 80,0մ եւ 1283,0մ, տրամագիծը երկու փաստաթղթերում համընկնում է` 530մմ եւ 720մմ: Խողովակաշարը թաղված չէ։
- Կայանում տեղադրված է, նախագծին համապատասխան, 1 ագրեգատ:
- Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր:
- Կայանի տարածքը կանաչապատված է, սակայն ցանկապատված չէ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
Առաջարկություններ
- Վերակառուցել գլխամասային հանգույցը` ապահովելով ձկների նորմալ տեղաշարժի պայմաններ, տեղադրել ձկնապաշտպան ցանց։
- Հրաժարվել պատվարային եղանակից, և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց գետի հունը փակելու։
- Ուսումնասիրել, թե ՋԹ-ով տրված 0,04 մ3/վ բնապահպանական թողքը որքանով է բավարար տվյալ գետի և շրջակա էկոհամակարգի նորմալ կենսագործունեության համար։
- Խողովակաշարը թաղել հողի տակ։
- Կայանի տարածքը ցանկապատել և տնկել ծառեր։
- Ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Վերազինել կայանն ու տեղադրել ժամանակակից արդյունավետ ագրեգատ եւ ապահովել լրիվ ավտոմատ կառավարում։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 12, 2016 at 18:00










